Պետգույքի կոմիտեն չի՞ կանխել պետական սեփականության ապօրինի վաճառքը․ մի հայտարարության հետքերով

Պետգույքի կոմիտեն չի՞ կանխել պետական սեփականության ապօրինի վաճառքը․ մի հայտարարության հետքերով

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթղթեր, ըստ որոնց՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանով՝ պետական գույք հանդիսացող շինությունը վաճառվել էր 10 անգամ շուկայականից էժան գնով, և այդ մեկ գործարքից ոմանք աշխատել էին շուրջ 2 միլիոն դոլար։

«Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է ավելի քան 871 միլիոն դրամ, Ավինյանի նամակի հիման վրա, ուղիղ վաճառքի ձևով վաճառվել է վերջինիս ընկերոջը՝ 10 անգամ ավելի քիչ գումարով։ Մեկ գործարքից նրանք աշխատել են շուրջ երկու միլիոն դոլար»,- «Requiem/4. Ժողովուրդ» թողարկման մեջ ասել էր նախկին դեսպանը՝ հրապարակելով փաստերը։ Մինասյանի հրապարակած փաստաթղթերից երևում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն նամակ է գրել Ավինյանին՝ հայտնելով, որ գործընթացն անօրինական է, սակայն, ի հեճուկս այդ փաստի, գործարքը կայացել է։

«Սա է թալանը, երբ ժողովրդի սեփականությունը վաճառվում է էժան գնով՝ անթաքույց գողանալով ժողովրդից»,-նշել է Մինասյանը։ Մենք Պետգույքի կառավարման կոմիտեին հարցում ենք ուղարկել, թե պետական սեփականություն հանդիսացող Հանրապետության 30/1 հասցեում գտնվող գույքն օտարման պահին ընդգրկվա՞ծ է եղել հանրային գերակա շահ ճանաչված գույքի ցանկում, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա խնդրել էինք հայտնել՝ Կոմիտեն, հաշվի առնելով շենքի վիճակը, երբևէ միջոցներ ձեռնարկե՞լ է գույքն օտարելու կամ այն օգտագործման կամ վարձակալության տրամադրելու ուղղությամբ (տևական ժամանակ գույքի մուտքի դռանը փակցված էր «տրամադրվում է վարձով» պաստառը): Խնդրել էինք նաև տեղեկացնել` փոխվարչապետ Ավինյանի կողմից գույքը գնահատված արժեքի 100 տոկոսով «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին օտարելու վերաբերյալ հանձնարարական ստանալուց հետո Կոմիտեն` հաշվի առնելով վարչապետի կողմից կառավարության նիստերում հաճախակի հնչեցված այն պնդումները, որ պետք է բացառել գույքն ուղղակի վաճառքով օտարելը, առաջարկվե՞լ է արդյոք գույքը մրցակցային եղանակով օտարել: Եթե ոչ, ապա` ինչո՞ւ: Մեր այս հարցադրումներին ի պատասխան, պետգույքից ստացել ենք հետևյալ պարզաբանումները․

«ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի «Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1405-Ն որոշման հավելվածի տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, եւ Երեւան քաղաքի Հանրապետության փողոց թիվ 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկվել է նշված հավելվածով հաստատված ցանկում: Հետագայում ընդունվել է ՀՀ կառավարության «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 22.05.2018 թվականի N 332-Ն որոշումը, համաձայն որի՝ Երեւան քաղաքի Հանրապետության 30/1 հասցեի գույքը ներառված չի եղել հանրային գերակա շահ ճանաչված գույքի ցանկում:

12.09.2019 թվականի թիվ 01/13.22/6333-19 գրությամբ պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ արդյոք ՀՀ, ք. Երեւան, Հանրապետության փողոց թիվ 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ճանաչվել է գերակա հանրային շահ, թե՝ ոչ, որին ի պատասխան, 18.09.2019 թվականի թիվ 05/9137-19 գրությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 22.05.2018 թվականի N 332-Ն որոշման համաձայն՝ Երեւան քաղաքի Հանրապետության փողոց թիվ 30/1 հասցեն ընդգրկված չէ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում: Երեւան քաղաքի Հանրապետության փողոց թիվ 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ Կոմիտեի եւ քաղաքացի Գարիկ Հակոբյանի միջեւ 03.05.2019 թվականին կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա, հանձնվել էր վերջինիս: Վարձակալության պայմանագիրը 11.05.2020 թվականին լուծվել է։

ՀՀ փոխվարչապետ Ավինյանի կողմից ստացված հանձնարարականին ի պատասխան Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից չի առաջարկվել ք. Երեւան, Հանրապետության փողոց թիվ 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքը մրցակցային եղանակով օտարման, քանի որ ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 882-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, պետական սեփականություն հանդիսացող գույքի գործարար ներդրումային ծրագրի առկայության դեպքում կարող է ուղղակի վաճառքի եղանակով ներկայացվել օտարման, այսինքն` նման գործարք կատարելու հնարավորությունը նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ»,- ասված է Կոմիտեի գրավոր պատասխանում։ 

Ըստ հրապարակված նյութերի` Երևանի քաղաքապետը Կոմիտեին և ընկերությանը տեղեկացրել է, որ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացը պետք է իրականացվի Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից, որից հետո Երևանի քաղաքապետի տեղակալը կոմիտեին տեղեկացրել է, որ ընկերության հետ կնքվել է վաճառքի պայմանագիր: Պետգույքի կառավարման կոմիտեից հարցրել էինք նաև, թե տվյալ գրությունը ստանալուց հետո Կոմիտեն փորձե՞լ է Երևանի քաղաքապետարան ներկայացնել առարկություններ՝ հիմնավորմամբ, որ գույքը ենթակա՞ էր օտարման լիազոր մարմին հանդիսացող պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից, թե՞ ոչ: Ըստ ներկայացված փաստաթղթերի, Պետական գույքի կառավարման կոմիտեն գործարքի ոչ իրավաչափ լինելու մասին տեղեկացրել է փոխվարչապետ Ավինյանին։ Խնդրել էինք նաև հայտնել` Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից Երևանի քաղաքապետարան առարկություններ ներկայացվե՞լ են գործարքի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ, թե՞ ոչ: Գործարքի մասին տեղեկանալուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն Երևանի քաղաքապետարանից պահանջե՞լ է պարզաբանումներ գույքը գնահատված արժեքից 10 անգամ էժան օտարելու վերաբերյալ, թե՞ ոչ: Քաղաքապետարանի գրությանն ի պատասխան, Պետական գույքի կառավարման կոմիտեն տրամադրել է գանձապետական հաշիվներ` գույքի վաճառքի գնի 70 տոկոսը պետական բյուջե վճարելու, իսկ 30 տոկոսը համայնքային բյուջե վճարելու համար: Հարցրել ենք՝ Կոմիտեն նախքան գանձապետական հաշիվների տրամադրումը, քաղաքապետարանից պահանջե՞լ է պարզաբանումներ գույքի վաճառքի գնի վերաբերյալ, թե՞ ոչ:
Այս հարցերի վերաբերյալ Կոմիտեից ստացել ենք հետևյալ պարզաբանումը․

«47 Գրության 4-7-րդ կետերում նշված հարցադրումների հետ կապված տեղեկացնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանից տվյալ գործարքի վերաբերյալ պարզաբանումներ չեն պահանջվել, քանի որ գույքն ամրացված է եղել ՀՀ ոստիկանությանը, օտարման վերաբերյալ պայմանագիրը դեռեւս երկկողմանի ստորագրված եւ վավերացված չի եղել (ըստ էության գույքը դեռեւս օտարված չի եղել), ուստի Կոմիտեն նպատակահարմար է համարել առաջացած խնդրի վերաբերյալ տեղեկացնել ՀՀ փոխվարչապետին»։

 Պետգույքի կառավարման կոմիտեից նաև հետաքրքրվել ենք, թե փոխվարչապետ Ավինյանին ուղղված` 17.07.2020 թվականի գրության պատասխան ստացե՞լ են, թե` ոչ: Եթե ստացել են` ի՞նչ ընթացք է տրվել, իսկ եթե ոչ` ի՞նչ հիմքով են գանձապետական հաշիվներ տրամադրվել քաղաքապետարանին` նախքան փոխվարչապետին ուղղված գրության պատասխանի ստացումը։ Պետգույքից պատասխանել են․

«Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ՀՀ փոխվարչապետ Տ.Ավինյանին ուղղված գրության վերաբերյալ մինչ օրս որեւէ հանձնարարական չի ստացվել, իսկ վճարման հանձնարարականները տրամադրվել են գրությամբ նշված բաշխվածությամբ՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 282 հոդվածների պահանջները»։

Համաձայն հրապարակված նյութերի՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են գույքը գնահատված արժեքով ձեռք բերելուց: Կոմիտեին խնդրել էինք հայտնել, թե խոսքը գնի մեծության` թանկ լինելու մասի՞ն է, : Իսկ ընկերության ներկայացուցիչների կողմից իրենց համար գույքի ձեռքբերման նախընտրելի արժեք հնչեցվե՞լ է, թե՞ ոչ․ 
 

«Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչները տեղեկանալով ք.Երեւան, Հանրապետության փողոց թիվ 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքը գնահատված արժեքի չափի վերաբերյալ՝ ուղղակի հրաժարվել են գույքն այդ արժեքով ձեռք բերելուց (պատճառը հայտնի չէ)»,- պատասխանել են Պետգույքի կոմիտեից։ 

Ամփոփելով մեր հարցադրումների վերաբերյալ Պետգույքի կառավարման կոմիտեից ստացած պատասխանները և համադրելով մամուլում հրապարակված նշված գույքի վաճառքի գործընթացին առնչվող փաստաթղթերը՝ պարզվում է, որ դեռևս 12.09.19թ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Պետական գույքի կառավարման կոմիտեին տեղեկացրել է, որ Երևան քաղաքի, Հանրապետության փողոց թիվ 30/1 հասցեն ընդգրկված չէ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում։ Սրանով փաստացի Պետական գույքի կառավարման կոմիտեն հաստատում է, որ կառույցն իրազեկ է եղել, որ վաճառված գույքը հանդիսանում է պետական սեփականություն և ընդգրկված չէ հանրային գերակա շահ հանդիսացող գույքի ցանկում։ 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմին հանդիսացող պետական գույքի կառավարման կոմիտեն թույլ տալիս, որ իրեն վերապահված գործառույթն իրականացվի այլ մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, դրանով իսկ թույլ տալով օրենքի կոպիտ խախտում և նպաստելով, որ պետական գույքը վաճառվի դրա իրավասությունը չունեցող մարմնի կողմից։

Ակնհայտ է, որ պետգույքի կառավարման կոմիտեում քաջատեղյակ են, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի ուժով՝ Կոմիտեին է պատկանում պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման լիազորությունը, և նշված իրավական հիմքի մասին կոմիտեն դեռևս 2020թ. մայիսի 22-ի գրությամբ տեղեկացրել էր Երևանի քաղապետարանին։ Ստացվում է մի դեպքում կոմիտեն բարձրաձայնում է, թե ինչ պայմաններով կարող է վաճառվել պետական սեփականություն հանդիսացող գույքը, իսկ ընդամենը որոշ ժամանակ անց հետամուտ չի լինում և թույլ է տալիս, որ պետական սեփականություն հանդիսացող նույն գույքը վաճառվի օրենսդրական մի շարք խախտումներով։ Հետևելով կառավարության նիստերում ՀՀ վարչապետի կողմից բազմիցս հնչեցված այն պնդումներին, որ հասարակության համար հավասար և մրցակցային պայմաններ ապահովելու համար պետք է բացառել ուղղակի վաճառքի տարբերակով գույքերի օտարումը և դրանք իրականացնել մրցութային, աճուրդային տարբերակներով, փորձեցինք ճշտել, արդյոք պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից կազմակերպվել է մրցույթ կամ աճուրդ նշված գույքի վաճառքի համար, պարզվեց՝ ոչ: 

Այսինքն, ստացվում է, որ ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության ենթակա պետական մարմինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի մոտեցումները, դիրքորոշումները չեն համընկնում, և պարզ չէ` տվյալ դեպքում նրանք ինչ սկզբունքով ու ինչ մոտեցմամբ են առաջնորդվում՝ չպահպանելով վարչապետի հանձնարարականները։ Պարզվել է մի հետաքրքիր հանգամանք ևս․ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող գույքը 03.05.2019թ. կնքված վարձակալության պայմանագրով հանձնված է եղել քաղաքացի Գարիկ Հակոբյանին, որը, սակայն, լուծվել է 11.05.2020թ., այսինքն մեկ տարի անց (ենթադրվում է՝ լուծվել է վաղաժամկետ): Այստեղից կարելի է անել հետևություն, որ նշված պայմանագիրը լուծվել և տարածքն ազատվել է, որպեսզի այն նախապատրաստվի վաճառքի համար, և ինչքան էլ իրավասու պաշտոնատար անձինք փորձեն հերքել իրենց շահագրգռվածությունը նշված գույքի վաճառքի գործընթացին, այնուամենայնիվ, փաստերն այլ բանի մասին են վկայում։ Փաստացի նշված վարձակալության պայմանագրի վաղաժամ լուծումից 10 օր անց Պետական գույքի կառավարման կոմիտեն և Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ պաշտոնապես քննարկում էին տարածքն «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին օտարելու հարցը։ Այսինքն, այն հանդիսանում էր առաջնահերթություն Պետական գույքի կառավարման կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի համար։

Պետգույքի կառավարման կոմիտեից ստացվել են բավականին խուսափողական, չհիմնավորված և հակասական պատասխաններ մեր մի շարք այն հարցադրումներին, թե այնուամենայնիվ Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկանալով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ընկերության հետ արդեն իսկ կնքվել է նշված գույքի վաճառքի պայմանագիր, արդյոք փորձ կատարե՞լ է ներկայացնել Երևանի քաղաքապետարան վաճառքի վերաբերյալ առարկություններ, տեղեկացնել նշված գործարքի ոչ իրավաչափ լինելու մասին, ինչպես նաև գույքը գնահատված արժեքից շուրջ 10 անգամ ցածր գնահատված լինելու մասին։ Նշված հարցադրումներին Պետական գույքի կառավարման կոմիտեն չի պատասխանել՝ նշելով, որ գույքը ՀՀ ոստիկանությանն ամրացված լինելու պատճառաբանությամբ նպատակահարմար է գտել տեղեկացնել միայն փոխվարչապետ Ավինյանին։

Նշվածով Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք հակասում են իրենց իսկ տված պատասխաններին, այսինքն ստացվում է մի դեպքում ոստիկանությանն ամրացված գույքը տալիս են վարձակալության, ապա լուծում են վարձակալության պայմանագիրը, «Ակն-Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ քննարկում են տվյալ գույքի հետագա օտարման մանրամասները, վաճառքի գինը, նախաձեռնում են գույքի շուկայական արժեքի գնահատման աշխատանքները, ՀՀ կառավարության հետ քննարկում գույքն օտարելու իրավական ակտի մանրամասները, այսինքն՝ որպես լիազոր մարմին կառավարում են պետական գույքը, մեկ այլ դեպքում՝ ստանալով Երևանի քաղաքապետարանից գրություն՝ կից վաճառքի պայմանագրով, միջոցներ չեն ձեռնարկում կանխելու ոչ իրավաչափ գործարքի կնքումն ու դրա բացասական հետևանքները ՀՀ բյուջեի նկատմամբ, այլ ընդհակառակը` տալիս են իրենց համաձայնությունը գործարքի իրականացման համար՝ տրամադրելով Երևանի քաղաքապետարանին գանձապետական հաշիվներ՝ գույքի վաճառքի արժեքը բաշխելու համար, նույնիսկ չսպասելով փոխվարչապետ Ավինյանի համապատասխան հանձնարարականին։

Անհասկանալի է մնում Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց նման մոտեցումը՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության անունից նրանք են լիազորված իրականացնելու պետական գույքի արդյունավետ կառավարումը և օժտված լինելով նման լիազորությամբ` ինչու միջոցներ չեն ձեռնարկել պարզելու գույքի՝ շուկայականից գրեթե 10 անգամ ցածր գնահատված լինելու հանգամանքը, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ իրենց իսկ նախաձեռնությամբ գույքը գնահատվել էր բավականին բարձր գնով և կարող էր ապահովել հսկայական մուտքեր ՀՀ պետական բյուջե, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկել պարզելու գնահատումների նման տարբերությունը, ինչո՞ւ չեն սպասել փոխվարչապետի համապատասխան հանձնարարականին և տրամադրել են գանձապետական հաշիվներ Երևանի քաղաքապետարանին, ինչո՞ւ, վերջիվերջո, Երևանի քաղաքապետարան առարկություններ չեն ներկայացրել՝ կանխելու ոչ իրավաչափ գործարքի կնքումն ու դրա հետևանքները։

Այսինքն՝ ինչո՞ւ արդյունավետ չի կառավարվել պետական գույքը։