Քաղաքապետարանը գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացրել է` Մհեր Մկրտչյանին դուրս են մղել թատրոնից

Քաղաքապետարանը գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացրել է` Մհեր Մկրտչյանին դուրս են մղել թատրոնից

Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնում իշխանությունները պատրաստվում են նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին, ով աչքի է ընկնում իր իշխանամետ դիրքորոշումներով: Հիշեցնենք, որ թատրոնի նախկին գեղղեկավար Մհեր Մկրտչյանն օրերս դիմում է գրել՝ ազատվել աշխատանքից: Ցավոք, նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ահա նույն թատրոնի դերասան Լեւս Դավթյանը երեկ մեզ հետ զրույցում նշել էր, որ Ջանիբեկյանին թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակելն անօրինական է, քանի որ դրա համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, հետո նոր միայն տնօրեն ընտրվի: Մենք նաեւ տեղեկացանք, որ թատրոնի ողջ անձնակազմը տնօրենի պաշտոնում ցանկանում է տեսնել նույն թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանին: Իսկ Ջանիբեկյանին տնօրեն նշանակելու հանգամանքը վրդովվեցրել է դերասանական կազմին, ստեղծել բոյկոտի նախադրյալներ:

Ըստ էության, Մհեր Մկրտչյանին իր պաշտոնից դուրս են մղել կամ այնպիսի պայմաններ ստեղծել, որ նա կամովին հեռանա` իր հայացքների պատճառով: Նա ընդդիմադիր հայացքներ ունի, եւ այս փոփոխությունը կարելի է համարել իշխանությունների կողմից հերթական մշակութային օջախը զավթելու գործընթացի շրջանակներում իրականացվող ակցիա: Նկատենք, որ անգամ եթե մրցույթներ են հայտարարվում, դրանցում «հաղթում» են բացառապես իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես արվեց Մատենադարանում եւ օպերային թատրոնում: Ավելին` մրցութային պայմաններն են հարմարեցվում իրենց թեկնածուներին, իջեցվում է մրցույթներին մասնակցելու ցենզը, որպեսզի այդ հիմնարկները ղեկավարեն բացառապես իշխանամետ գործիչներ, որոնք կառավարելի կլինեն ՔՊ-ի կողմից:

«Հրապարակը» զրուցել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան, կոլեկտիվի կողմից տնօրենի թեկնածու համարվող Արծրուն Չոբանյանի հետ:

- Պարոն Չոբանյան, ինչպե՞ս է ստացվում, որ առանց տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու թատրոնի տնօրեն են ընտրում- նշանակում: Այս ի՞նչ նոր կարգեր են հաստատվել, որոնց մասին անցյալում չէինք լսել:

- Ամեն ինչ հստակ է, մրցույթ հայտարարված չէ, սակայն օրենքով պետք է անպայման մրցույթ հայտարարվի, հետո նոր միայն օրենքի շրջանակներում թեկնածուներ առաջադրվեն, բայց այժմ արդեն իսկ կանխորոշված է, թե մեր թատրոնում ով պետք է տնօրեն նշանակվի։ Խնդիրը սա է: Արդեն իսկ կա նախընտրելի թեկնածու:

- Ո՞ւմ կողմից նախընտրելի: Մենք տեղեկացանք, որ թատրոնի ողջ անձնակազմը ցանկանում է Ձեզ տեսնել տնօրենի պաշտոնում: Ինչո՞ւ հենց Սոս Ջանիբեկյանը: Ո՞ր արժանիքների համար, եւ նա ի՞նչ կապ ունի «Մհեր Մկրտչյան» թատրոնի հետ:

- Եթե սա մեր նախկին գեղարվեստական ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդում չէ, ի՞նչ է: Բոլորն ասում են, որ Սոս Ջանիբեկյանն իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունի, գուցե հենց դրա համար նա, չեմ կարող հստակ ասել… այս հարցն իրենց պետք է տաք: Ինչո՞ւ Սոսը: Նա երբեք նման պաշտոն չի զբաղեցրել, անգամ երբեւէ թատրոններում խաղացանկային կերպով չի աշխատել, բացի մեկ-երկու ներկայացումներից, ոչ մի այլ ներկայացման մեջ չի խաղացել: Այժմ ինձ բացատրեք՝ օպերատորական բաժինն ավարտած տղան ի՞նչ սկզբունքով է նշանակվում թատրոնի տնօրեն: Եթե չկան ներքին պայմանավորվածություններ ու համաձայնություններ, ինչո՞ւ հենց նա:

- Ամեն դեպքում, եթե իշխանություններին հաջողվի իր հերթական դրածոյին առաջ տանել, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու թատրոնի անձնակազմը: Այդ մտքի հետ կհաշտվե՞ն, թե՞ կբոյկոտեն:

- Եթե հանդուրժող լինեինք, նման աղմուկ չէինք բարձրացնի: Հո նշանակվելով չէ՞, պետք է մրցույթ հայտարարվի, եւ ովքեր ցանկանում են առաջադրել իրենց թեկնածությունը, միայն մրցույթում հաղթելուց հետո նոր կարող են որպես տնօրեն նշանակել:

- Չե՞ք փորձել Սոս Ջանիբեկյանի հետ զրուցել, հասկանալ, թե ինչու է երկու ոտքը մի մաշիկի մեջ դրել:

- Չեմ խոսել նրա հետ այդ թեմայով: Երբ իրեն առաջարկում էին դառնալ թատրոնի տնօրեն, ինքը չէ՞ր կարող կապ հաստատել թատրոնի դերասանների հետ, քննարկել, ասել, որ նման բան են իրեն առաջարկել, հանդիպեր մեզ հետ, հասկանար, թե ինչ վերաբերմունք ունենք այդ հարցի հետ կապված: Կարող էր, չէ՞: Եթե նա այդ քայլին չի գնացել, ես հիմա իրեն ի՞նչ ասեմ:

- Օրենքով սահմանված կարգով ե՞րբ պետք է տեղի ունենա տնօրենի ընտրության մրցույթը:

- Տնօրենի հրաժարականից հետո կա ժամկետ: Դեռեւս ժամկետը չի լրացել, մինչեւ հոկտեմբերի առաջին տասնօրյակը ժամանակ կա:

- Թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը նշել էր, որ հաշտ է իր հեռանալու մտքի հետ, սակայն ի՞նչ եք կարծում՝ նա իսկապե՞ս հաշտ էր այդ մտքի հետ, թե՞ նրան տիպել են հեռանալ թատրոնից:

- Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի նոր հաստիքացուցակ է հաստատում: Նոր հաստիքացուցակում գեղարվեստական ղեկավարի հաստիքը չի եղել: Նշեմ, որ այդ մասին անգամ նրան տեղյակ չեն էլ պահել: Վերջում են ասել, որ այլեւս չկա նման հաստիք: Օրինակ, Պատանի հանդիսատեսի թատրոնում կա տնօրեն եւ մեկ այլ հաստիք, կոչվում է` գեղարվեստական խորհրդատու, գեղարվեստական ղեկավարի փոխարեն, բայց, ըստ էության, խորհրդատուն գեղարվեստական ղեկավարի ֆունկցիան է կատարում: Ինչքանով տեղյակ եմ, նման հաստիք կա նաեւ Դրամատիկական թատրոնում, որը եւս Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է: