Կիրթն ու իր ներկայացուցիչը

Կիրթն ու իր ներկայացուցիչը

Մեծ հաշվով, սիզիփոսյան աշխատանք ենք կատարում` փորձելով հասկանալ-բացատրել Նիկոլ Փաշինյանի քայլերի իմաստը, տրամաբանությունն ու հաջորդականությունը: Մինչդեռ գուցե դրանք հենց ինքը` քայլեր կատարողն էլ չկարողանա հոդաբաշխ բացատրել: Բայց դա անում ենք մեզ համար, ապագա սերունդների համար, որոնք ժամանակի խորքից երբ անդրադառնան այսօրվա իրադարձություններին, չասեն, որ լրիվ տխմար, հիվանդ, մոլորյալ, բաց աչքով դեպի անդունդ քայլող, կույր ազգ ենք մենք: Տեսնեն, որ եղել են մարդիկ, որոնք հասկացել են` ինչ է կատարվում, զգուշացրել են, աղաղակել են, բայց, ցավոք, փոքրամասնություն են եղել, եւ նրանց ձայնը լսելի չի եղել:

Ի՞նչ է ասել Փաշինյանը տավուշյան հանդիպման ժամանակ. ասել է, որ եթե պատերազմ չենք ուզում, պետք է համաձայնենք սահմանազատման մեկնարկին (որն իրականում սահմանազատում չէ), որը պետք է սկսենք Տավուշից: Ասել են` լավ, սկսենք, բայց եթե մենք տալիս ենք իրենց ուզած գյուղերը, որոնց ադրբեջանական անուններն այդքան հաճույքով կրկնում եք դուք, թող իրենք էլ մեզնից գրավածը հետ տան: Լավ, չենք անդրադառնում 2020-21-22 թվականներին մեզնից խլածին, խոսում ենք 90-ականների պատերազմի մասին: Դեմ չենք` թող հետ տան մեր 800 հեկտարը, որ քեզ համար այդքան սիրելի Ալմաթիի հռչակագրի օրերին եղել է հայկական, մենք էլ տանք այդ գյուղերը: «Ալիեւի ներկայացուցիչը» մեջբերել է «շեֆի ասածը». Հայաստանի ոչ մի գյուղի բնակելի տարածք «Ադրբեջանի վերահսկողության տակ չէ», բնակավայրերը հանձնեք, հետո կքննարկենք, կխոսենք գյուղերի «կենսական նշանակության տարածքների մասին»: Հավատա՞նք, որ մի ամբողջ ազգի ֆռռացնող անձին էլ ֆռռացնող կա` հանձին իր կիրթ գործընկերոջ: Եվ եթե այդքան միամիտ ես ու «ընդառաջող», հեռացիր` շունչ քաշելու ժամանակ տուր այս ազգին: