Միայն վնասներ
Սոցցանցերը մեր տունը քանդեցին։ Ինչքան ժամանակ, նյարդեր, ռեսուրս են խլում դրանք։ Եթե մի դրամի օգուտ են տալիս, ապա հարյուրների՝ վնաս։ Ոմանց համար, իհարկե, դրանք աշխատանքային գործիք են, օրինակ, լրագրողների։ Սակայն շատերի համար ուղղակի աղետ են։ Ինչքան է նվազել մարդկային շփումն այս վիրտուալ շփման պատճառով, որն արատավոր շփում է։ Երես առ երես շփվող մարդիկ կոռեկտ են, հարգալից։ Ինչպես ասում են՝ աչքն աչքից ամաչում է։ Իսկ համակարգչի հետեւում թաքնված մարդն իսկական գազանի է վերածվում, մոռանում կուլտուրա, հարգանք, տարիք, սեռ, արգելված թեմաներ ու դիմացինի կյանքի անձեռնմխելիություն։
Իսկ ինչքան անիմաստ ժամանակ է ծախսվում սոցցանցերում՝ մարդը մի օգտակար գիրք կկարդար, ֆիլմ կնայեր, լեզու կսովորեր, գիտական ուսումնասիրություն կաներ, գիտելիք կստանար, մինչդեռ ժամերով «մտնում» է համացանց եւ ի՞նչ է ստանում՝ նեգատիվ էմոցիաներ, ժամավաճառություն, քայքայված նյարդեր, կեղծ ինֆորմացիա, անգրագիտություն, բամբասանք ու լեզվակռիվ։ Իսկ կեղծ գովազդի, սեւ փիառի ու մանիպուլյացիաների, խարդախությունների մասին էլ չեմ խոսում։ Անգամ ամենաանմեղ բանը՝ սրա-նրա ընտանեկան լուսանկարները դիտելը, զրո օգտակարություն է իր մեջ պարունակում։
Եվ այս իրավիճակը ստեղծվեց հիմնականում իշխանություն ունեցողների թեթեւ ձեռքով։ Նրանք վերջին տարիներին սոցցանցային լայն գործունեություն ծավալեցին, նաեւ դրա շնորհիվ եկան իշխանության, ու նրանց թվաց, որ այս գործիքը մշտապես ծառայելու է իրենց։ Սակայն պարզվեց, որ այդ գործիքը գնալով այլասերվում է եւ բացասական դեր խաղում մեր կյանքում։ Պարզվեց, որ դրա գործածումից հասարակությունը չի շահում, այլ կորցնում է։ Իսկ մեր պառակտվածությունն ու ագրեսիան նաեւ տեսանելի են դառնում մեր թշնամիներին։
Կարծիքներ