Պայքարի ազդանշա՞ն, թե՞ «թաղման երթի» ազդակ

Պայքարի ազդանշա՞ն, թե՞ «թաղման երթի» ազդակ

Ընդդիմախոսների հանդեպ քաղաքական և տեղեկատվական տեռորը, «հակակոռուպցիոն մահակը» և Հայաստանի քաղաքներում ու գյուղերում իշխանության փաստացի ռեյդերային զավթումը՝ թավշյա իշխանության կողմից, խոսում է միայն մեկ բանի մասին՝ իշխանությունը պատրաստվում է քաղաքական ցնցումների, և արդեն էական չէ, թե դրանք կլինեն ընտրություններ, հանրաքվե, թե թուրք-ադրբեջանական մարդասպանների հետ «խաղաղության պայմանագրի» անվան տակ հայոց պետականության մահվան դատավճռի ստորագրում։ 

Իշխանությունը ստացել է իր համար ամենակարևորը, այն է՝ «կանաչ լույս» և երաշխիքներ արտասահմանյան «ժողովրդավար» գործընկերներից՝ կատարելու ցանկացած գործողություն, որը չի տեղավորվում արհեստական «ժողովրդավարության» շրջանակներում։

Ունենք մի իրավիճակ, երբ այս իշխանությունը եվրոամերիկացիների օրհնությամբ պատրաստվում է վճռական ճակատամարտի՝ ինքն իրեն պահպանելու համար։ 

Եվ այստեղ կարևոր է հասկանալ, որ իշխանությունների հնարավոր «հաղթանակը» ցանկացած ձևով և ցանկացած ձևաչափով անխուսափելիորեն վճարվելու է «Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՀՀ քաղաքացիների  ֆիզիկական անվտանգության և առհասարակ հայկական էթնո-քաղաքական տարածաշրջանային միավորի գոյության գնով։ 

Նկատե՞լ եք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները հնչում են «տագնապի զանգի» պես ։ 
Իսկ ահա՝ «զանգի ղողանջը» կլինի պայքար սկսելու ազդանշան, թե հայ ժողովրդի համար «թաղման երթի» ազդակ, կախված կլինի բացառապես ՀՀ քաղաքացիների  դիրորոշումից։

Արման Աբովյան