Արցախցիները՝ Հայաստանում

Արցախցիները՝ Հայաստանում

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը, որը կամավորական հիմունքներով, 4 ընկերների հետ մեկ ամիս շարունակ լծված է արցախցիներին Հայաստանում տեղավորելու գործին, մեզ տեղեկացրեց, որ այս ընթացքում մոտ 80-90 անհատներից ու գործակալություններից մերժում են ստացել՝ բնակարանները վարձով տրամադրելու։

«Ուրեմն սենց։ Եթե եւս մի տեղ զանգեմ վարձով բնակարանի համար ու մերժում ստանամ Արցախից եկած լինելու պատճառաբանությամբ, հրապարակելու եմ հեռախոսահամարն ու հասցեն, մնացածը արդեն կզգաք սեփական մաշկի վրա»,- օրեր առաջ իր էջում գրել էր Ռոբերտը։ Մենք վարձով բնակարանների հայտարարություններով մի քանի տեղ զանգահարեցինք։ Մի դեպքում, այո, լսելով, որ խոսքն Արցախից եկած ընտանիքի մասին է, տիկինը հանկարծ հայտարարեց․ «Բնակարանը զբաղված է, հաջողություն»։ Անշարժ գույքի գործակալ Արթուր Չաթալյանն ասաց․ «Ես արցախցիներին բնակարան չտալու խնդիր չունեմ ու լիքը մարդ գիտեմ, որ տեղավորել են մարդկանց։ Հատուկենտ պատահում է, ժողովուրդ, որ մի քիչ երեւի․․․ չգիտեմ՝ սխալ կարծիքի են (արցախցիների մասին) կամ գիտեն, երեւի, որ իրենց պետությունն է ֆինանսավորում․․․ վախենում են»։ Բայց հակառակն էլ է եղել։ «Մարդիկ կան, որ կարող է մի քիչ կենտրոնից հեռանաս, բա՝ չէ, ես կենտրոն եմ ուզում․․․ կամ՝ չգիտեմ՝տունը Wifi չկա, էնպիսի պատասխան են տալիս լավությանդ, որ ուզում էիր անել, որ ասես՝ լավ, է, բայց ինձ պե՞տք էր»,- ասաց նա։ 

Իսկ Տիգրան Մեծի պողոտայում մեկ սենյականոց բնակարանի բրոքեր Գարիկը հարցին, թե ճի՞շտ է, որ արցախցիներին տներ չեն տալիս, ասաց․ «Քուր ջան, մենք հո մուսուլման չե՞նք։ Ասեք՝ ի՞նչ ա պետք․․․ Նախ, հայ ազգն իմ ազգն ա, երկրորդը՝ ես անգամ ձրի եմ տվել արցախցիներին, որովհետեւ ընտեղ բարեկամներ ունեմ, որ եկել, իմ տանը 15 օր մնացել են, կարող եք ասել՝ եթե տուն է պետք, թող գան, դիմեն։ Կարող եմ անգամ համար տալ արցախցիների, զանգեք հարցնեք՝ մենք իրենցից փող վերցրե՞լ ենք, թե՞ չէ»։

Սակայն «Կամար ռիելթիից» գործակալը հաստատեց․ «Հա, բա ոնց չկա։ Կա՛մ մեկ ամսով չեն տալիս, կա՛մ էն գնով են տալիս, որ տալիս են մեկ տարվա համար։ Օրինակ՝ մեկ ամսով կարող է 80 հազարանոց տունը տան 150 հազարով, մարդիկ ասեն՝ մեզ 3 ամսով տվեք, մի քիչ էժան, տեսնում են՝ ինչ խնդրով են եկել Ղարաբաղից, պահանջում են 3 ամսվա»։ Կա նաեւ հակառակը, երբ մի քանի սեփականատերեր անվճար բնակարան են տվել արցախցիներին, հետո պարզվել է, որ «լավ էլ հնարավորություն ունեն, մի բան էլ՝ վեշերը ջարդել-փշրել են, գնացել են, իրենց համար ավելի լավ տեղ են գտել»։

Զրուցեցինք Ռոբերտի հետ, որն այս ընթացքում զբաղվել է նաեւ արցախցիների համար աշխատանք գտնելով, պարզվեց՝ 11 հոգու այս ընթացքում տեղավորել են աշխատանքի։ Մեկ անգամ զանգահարել են սոցապնախարարություն՝ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մի ընտանիքի համար, ապարդյուն։ «Կարող եք ինքներդ  զանգահարել թեժ գծի 1-14 համարով, եթե 24 ժամվա մեջ Ձեզ հաջողվի միանալ, ընկերներիս անունից կասեմ՝ շնորհավոր»,- ասում է Ռոբերտ Հայրապետյանը։

Մենք զրուցեցինք նաեւ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի հետ, որն ասաց․ «Նախարարությոնը երբեւէ չի հրաժարվել դիմողներին տրամադրել կացարան։ Խոսքը նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ թե բնակարանների, այլ մարզերում ու Երեւանում կացարանների մասին է։ Հակառակը՝ եղել է, որ իրենք են հրաժարվել։ Իսկ մերժման ամենատարածված պատճառաբանությունը, որ կացարանը Երեւանում չէ»։ Մարտիրոսյանը նշեց, որ արցախցիների աշխատանքի տեղավորման հարցերով պետությունը չի զբաղվում։ «ՀՀ պետական գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ոչ թե Արցախի Հանրապետության քաղաքացիների աշխատանքի տեղավորման խնդիր, իսկ նրանք, երբ այս ամենն ավարտվի, գնալու են Արցախ եւ այնտեղ աշխատեն ու շենացնեն երկիրը»։