Որն էր գլխավոր մեսիջը

Որն էր գլխավոր մեսիջը

Ըստ ամերիկյան Հանրապետական ինստիտուտի՝ մեզանում ամենաբարձր ռեյտինգն ունեցող քաղաքական դեմքը (մոտ 17 տոկոս ռեյտինգ ունի Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում Արարատ Միրզոյանն է` ընդամենը 5 տոկոսով) երեկ ասուլիս էր հրավիրել, եւ այդ ասուլիսին օնլայն ձեւաչափով` բոլոր կայքերում, շատ սակավաթիվ մարդիկ էին հետեւում` հազիվ մի քանի տասնյակ հազարի չափ, ինչը հանրային հետաքրքրության խիստ նվազման մասին է խոսում: Բայց երկրի ղեկավարի ռեյտինգի մասին վկայող առավել կարեւոր ցուցիչ կար` ասուլիսի նյութերի ներքո հանրային արձագանքները, որոնց գերակշռող մասն ուղղակի անհնարին է ցիտել` խայտառակ, ամոթալի բովանդակության, հայհոյանքների, անեծքների, անթույլատրելի լեքսիկոնի պատճառով: Ընդ որում, այդ արձագանքները ոչ միայն ազատ եւ ընդդիմադիր լրատվամիջոցներում էին, այլ նաեւ իշխանական ու իշխանամերձ հարթակներում: Բայց խնդիրն անգամ նրա ռեյտինգը չէ, այլ այն բովանդակությունը, այն մեսիջները, որոնք փորձում էր ժողովրդին փոխանցել երկրի ղեկավարը:

Չնայած բոլոր մանիպուլյացիաներին, խորամանկ ձեւակերպումներին, հարցերին ուղիղ եւ շիտակ պատասխան չտալու համար գործադրվող աներեւակայելի ջանքերին, ակնհայտ էր, որ ասուլիսը հրավիրվել է մի քանի կարեւոր մեսիջ մեզ եւ մեր թշնամիներին փոխանցելու համար: Ահա. Տավուշի գյուղերը հանձնվելու են: Միջպետական ճանապարհն էլ է հանձնվելու թշնամուն, ինչպես Գորիս-Կապանը ժամանակին հանձնվեց, եւ մենք շրջանցող ճանապարհ ենք կառուցելու: Ռուսները հեռանալու են, թուրքերը` գալու են: Բայց, միեւնույն ժամանակ, չենք վերադարձնելու մեր կորուստները. ո՛չ գերիներն են առայժմ վերադառնալու, ո՛չ Սեւ լճի, Ջերմուկի, Ներքին Հանդի կամ Սոթքի հատվածներում մեր կորուստները, իսկ Արցախի մասին, առհասարակ, անգամ ավելորդ է խոսելը: