Դաշնակցությունը Երևանում շատ քիչ ձայներ ունեցող կուսակցություն է. իր դիրքերը Երևանում շատ թույլ են

Դաշնակցությունը Երևանում շատ քիչ ձայներ ունեցող կուսակցություն է. իր դիրքերը Երևանում շատ թույլ են

«Հրապարակի»‎ զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:

-Պարոն Բադալյան, մայրաքաղաքը գնում է ավագանու ընտրությունների: Արդեն մտել ենք ակտիվ քարոզարշավի փուլ: Կան տեսակետներ, որ Հայաստանն այսօր կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ և հենց այս ընտրություններով երևանցիները ստանում են, այսպես ասած,  Փաշինյանին այո կամ ոչ ասելու հանրաքվեի հնարավորություն: Համաձա՞յն եք այս պնդումների հետ:

- Ընտրություններին մասնակցող ուժերին կարող ենք բաժանել երկու հիմնական մեծ խմբի. Առաջին խմբի մեջ մտնում են առավել երևացող ուժերը՝ ՔՊ, «Ապրելու երկիր»‎ և «‎Մայր Հայաստան»‎ դաշինք: Մյուսները մտնում են երկրորդ խմբի մեջ: Առաջին խմբի ներկայացուցիչներն ունեն առանձին քարոզչության մոտեցում: ՔՊ-ի համար սա ինչպես առաջ, այնպես էլ հիմա զուտ համայնքային ընտրություն է, որը հիմնականում վերաբերում է մայրաքաղաքի խնդիրներին: Նրանք հիմնականում ներկայացնում են համայնքային խնդիրներ և առաջարկում դրանց լուծման տարբերակները: «Մայր Հայաստան»‎ դաշինքն այս ընտրությունները դիտարկում է երկրի փրկության, Արցախին ձեռք մեկնելու ընտրություններ: Առավել շատ Ազգային ժողովին բնորոշ քարոզարշավ են նրանք իրականացնում, պնդելով, որ ընտրության գնալով նաև փրկում ենք երկիրը: Սա ևս հասկանալի դիրքորոշում է: Կա նաև «Ապրելու երկիրը»‎, որը հիբրիդային տարբերակ է փորձում իրականացնել, որոշակի տոկոսներով անդրադառնում են և համայնքային խնդիրներին, և համազգային հարցերին, սակայն ամեն դեպքում շեշտը դնում են համայնքային խնդիրների վրա: Հիմա, թե որն է սրանցից ավելի ճիշտ, դժվար է ասել: 

- Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքին խորհրդարանական երկու ընդդիմադիր ֆրակցիաները բացահայտ չեն աջակցում: Անգամ Դաշնակցությունը մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ դեռևս չունեն հստակ որոշում, թե ում են աջակցելու: Առանց ընդդիմության աջակցության նրանք ունե՞ն հաջողություն գրանցելու շանս:

- Ընտրություններին չի մասնակցում խորհրդարանական ընդդիմությունը, սակայն մեկ դիտարկում, երբ քաղաքացին գնում է ընտրատեղամաս, կարևոր չէ այս կամ այն ուժն ընդդիմադիր է, թե ոչ, կարևորն այդ ուժի ասածն ընկալելի և ընդունելի լինի: Եթե նրա ասածներն ընկալելի են, մարդիկ նրա օգտին քվեարկում են, անկախ այն հանգամանքից՝ ընդդիմադիր է, թե ոչ: Ընտրությունների ժամանակ իշխանություն կամ ընդդիմություն լինելը կարևոր չէ: Այնպես որ նշանակություն չունի, թե որ ընդդիմադիր ուժերը կաջակցեն Մայր Հայաստան դաշինքին: Կարևորը թեկնածուների ասածներն ընդունելի և ընկալելի լինեն: Այնպես չէ, որ եթե միակ ընդդիմադիրն են, ձայներ ես ստանալու: Պետք է թեկնածուների ամեն մի խոսքը տեղ հասնի, պետք է հասարակությունն ընկալի դա: Եթե ընկալվում է, ուրեմն արդյունավետ է աշխատում, եթե ոչ, ապա սխալ բովանդակությամբ են շարժվում: Մեկ դիտարկում ևս. գուցե մարդկանց շատ է հետաքրքրում Արցախի հարցը, սակայն այս ընտրությունները նրանք դիտարկում են զուտ ավագանու ընտրություն միայն, հետևաբար՝ նախ պետք է հասարակությանը համոզել, որ այս ընտրություններով լուծվելու են համազգային հարցեր՝ մայրաքաղաքի կառավարչի ընտրությունից զատ: Ինչ վերաբերում է Դաշնակցությանն, ապա այդ կուսակցությունը հատկապես Երևանում շատ քիչ ձայներ ունեցող կուսակցություն է, հետևաբար՝ իր դիրքերը Երևանում շատ թույլ են: Եթե անգամ հայտարարեն, որ աջակցում են օրինակ Մայր Հայաստան դաշինքին, դա լավագույն դեպքում կարող է մի քանի հազար ձայն բերել ընդամենը: Այնպես չէ, որ Դաշնակցությունը Երևանում ազդեցիկ է: Միշտ էլ նրանք պարտվել են Երևանում, գրավելով վերջին տեղերը: