Ու՞մ դեմ է մրցելու Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում․ Տոկիո-2020

Ու՞մ դեմ է մրցելու Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում․ Տոկիո-2020

Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչի շրջանակում ժամեր առաջ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ, հաղթել էր մրցակցին 5։0 հաշվով։ Գյումրեցի բռնցքամարտիկի կիսաեզրափակչում հայտնվելը նշանակում է, որ բրոնզե մեդալը, առնվազն, ապահոված է։

Բաչկովը, հիշեցնենք, տպավորիչ հաղթանակով սկսեց օլիմպիական խաղերը։Նա հսկայական առավելությամբ  նախ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին, ապա նաև  փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ։

Հայտնի է դարձել, որ կիսաեզրափակչում Բաչկովի մրցակիցն է լինելու ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Դևիսն ու Բաչկովը միմյանց են հանդիպելու արդեն օգոստոսի 6-ին։

Հիշեցնենք ՝ Հայաստանը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկներ, որոնք էլ հանդես են գալիս 8 տարբեր մարզաձևորում։

Երեկ՝ Օլիմպիական խաղերի տասներորդ օրը, հայ մարզիկների համար բավականին բարեհաջող էր։ Նախ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Երեկ պարզ դարձավ նաև, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) հանդես կգա Տոկիոյի խաղերի եզրափակիչում:

Օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադհադի Սարավիին: Երեկվա գոտեմարտի ժամանակ Ալեքսանյանը ցավոք ոտքի վնասվածք ստացավ, սակայն դա նրան չխանգարեց գոտեմարտը ոչ միայն շարունակել, այլև ավարտել հաղթանակով։

Դուրս գալով եզրափակիչ՝ պարզ է, որ հայազգի մարզիկը առնվազն արծաթ կբերի Հայաստանին այս Օլիմպիական խաղերում։  Ալեքսանյանն այսօր եզրափակչում մրցելու է ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ, գոտեմարտի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 14։55-ին։

Ի դեպ, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկություններ է հաղորդել Ալեքսանյանի ստացած վնասվածքի վերաբերյալ։

«Քիչ առաջ բժիշկները դուրս են եկել հետազոտությունից և փաստեցին, որ վնասված են մկանային թելիկներ։ Մկանը, ընդհանուր առմամբ, փառք Աստծո, վնասված չէ։ Ինչքանով կանդրադառնա, իհարկե, կանդրադառնա․․․ի վերջո, միշտ էլ եզրափակիչը շատ լուրջ պայքար է ենթադրում և այդ լուրջ պայքարում աննշան վնասվածքն անգամ կարող է իր ազդեցությունն ունենալ։ Բայց Արթուրը, անկասկած, հզոր մարտիկ է և այդպիսի մանրուքների վրա պետք է որ ուշադրություն չդարձնի։ Ամեն դեպքում, ինքը լավ է զգում, պատրաստ է։ Հուսանք, որ լավ կքնի, առավոտյան առանց ցավերի կարթնանա ու կտրամադրվի շատ վճռորոշ եզրափակչին»,- ասել է Գիլոյանը։