Ուկրաինայից Եվրոպա մեկնած ՀՀ քաղաքացիները պետք է ապացուցեն, որ չեն կարող Հայաստան վերադառնալ (տեսանյութ)

Ուկրաինայից Եվրոպա մեկնած ՀՀ քաղաքացիները պետք է ապացուցեն, որ չեն կարող Հայաստան վերադառնալ (տեսանյութ)

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայում ապրող 41 մլն մարդուց 3 մլն-ը լքել է երկիրը։ Քաղաքացիների մեծ մասին ամեն օր դիմավորում են Եվրոպական 28 պետությունների տարբեր քաղաքներում՝ մարդկանց տեղավորելով եւ կացարանով ապահովելով, իսկ մի փոքր զանգված էլ ժամանել է Հայաստան։ «Հրապարակը» զրուցել է Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ։

- Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է վերջին մեկ ամսում ժամանել Հայաստան։

- Որպեսզի կարողանանք տվյալներ հրապարակել, պետք է սպասենք, որ եռամսյակային վիճակագրությունը ամփոփվի։ Ապրիլի սկզբին Վիճակագրական կոմիտեն կհրապարակի սահմանահատումների թիվը, որտեղ կերևա մուտքերը՝ ըստ քաղաքացիության, երկրների, ազգությունն այնտեղ չի նույնականացվում։

- Ուկրաինայից «տրանզիտով» Եվրոպա մեկնած եւ այնտեղից հայրենիք չվերադարձած հայերին ինչ է սպասվում Եվրոպայում:

- Եվրոպական միությունն ունի կարգավորում այդ մասով, որը երբևէ պատմության մեջ չէր ակտիվացել։ Ակտիվացել է ռուս-ուկրաինական այս իրադարձությունների ֆոնին, այն կոչվում է «Զանգվածային ներհոսքի պայմաններում անօրինական միգրացիայի դեմ պայքարի» փաստաթուղթ։ Խոսքն այն մասին է, որ Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող անձինք, եվրոպական միության երկրներում կարող են պաշտպանություն ստանալ մինչև մեկ տարի ժամկետով։ Իսկ երրորդ երկրների քաղաքացիները, որոնք Ուկրաինայից են տեղափոխվել ԵՄ երկրներ, պետք է ի վիճակի չլինեն վերադառնալու իրենց քաղաքացիության երկիր։ Եվ եթե խոսքը, այն քաղաքացիների մասին է, ովքեր մշտական կացության իրավունք ունեին Ուկրաինայում, գուցե իրենք էլ մեկ տարվա պաշտպանություն ստանան տվյալ եվրոպական երկրների իշխանությունների հայեցողությամբ։ Գուցե ազգային օրենսդրությամբ համարժեք այլ լուծում գտնեն։ Բայց այն քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, ովքեր ժամանակավոր կացության կարգավիճակով էին Ուկրաինայում, կամ պարզապես զբոսաշրջային նպատակներով էին և հայտնվել են որպես «փախստականի» կարգավիճակում, իրենք պետք է վերադառնան իրենց քաղաքացիության երկրներ, այլապես կամ պետք է ապացուցեն, որ չեն կարող վերադառնալ, որպեսզի ակնկալեն եվրոպական այս կամ այն պետության կողմից միջազգային պաշտպանություն որոշակի ժամկետում։

- Ինչպես է միգրացիոն ծառայությունը կազմակերպում Ուկրաինայից ժամանած քաղաքացիների կացության հարցերը։

- Միգրացիոն ծառայությունը առնչվում է այն օտարերկրյա քաղաքացիների հետ՝ անկախ ազգությունից, ովքեր ապաստարանի հայց են ներկայացնում Միգրացիոն ծառայություն, եթե փախստականի կարգավիճակ են խնդրում Հայասատանի իշխանություններից։ Եվ ընթացակարգը ընդհանուր է, որևէ առանձնահատուկ լուծում տվյալ պարագայում չկա։ Ապաստարանի հայցը ներկայացվելուց հետո, եթե տվյալ անձը կարիք ունի կացարանով ապահովվելու, նշում է կատարում այդ մասում, և միգրացիոն ծառայությունը կամ տեղավորում է անձին հատուկ կացարանում, կամ եթե ընտանիք է, հնարավոր է պետբյուջեից հատկացում արվի ընտանիքի գլխավոր անդամին՝ 20 հազար դրամի չափով, մնացած անդամներին 15 հազարական դրամի չափով՝ բնակվարձի փոխհատուցում որպես, մինչև, որ հայցը կքննվի 3 ամսվա ընթացքում, և կորոշվի փախստականի կարգավիճակ տալու, կամ չտալու վերաբերյալ։

Միգրացիոն ծառայությունը փետրվարի 24-ից մինչև այսօր ստացել է 20 անձանցից ապաստարանի հայցեր։ Ապաստարանի հայցերի թիվը մի փոքր ավելի պակաս է՝ մոտավորապես 16 է։ Բայց քանի որ մեկ հայցով կարող է դիմել ընտանիք կամ մեկից ավելի անձ, դրա համար անձերի թիվը գերազանցում է հայցերի թվին։ Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են՝ մի մասը հայեր են, մի մասը ուկրաինացիներ։

Մանրամասն՝ տեսանյութում: