«Այստեղ իշխանության օրակարգը աջակցություն չունի»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Տավուշում են

«Այստեղ իշխանության օրակարգը աջակցություն չունի»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Տավուշում են

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին Տավուշի մարզում են: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Քրսիտինե Վարդանյանը: Այս պահին Տավուշում են գտնվում Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Աշոտ Սիմոնյանը, Աղվան Վարդանյանը, Իշխան Սաղաթելյանը: Խմբակցության պատգամավորները այցելել են Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղեր, զրուցել բնակիչների հետ: 

Այս պահին Նոյեմբերյանում պատրաստվում են դահլիճային հավաքի։ Այցելության նպատակը մարդկանց հետ շփվելն էր, նրանց կարծիքները, անհնագստությունները լսելն էր ու նրանց խնդիրներին ծանոթանալը: 

«Ինչպես գիտեք, հաջորդ շաբաթ Ազգային ժողովում հրավիրվելու է հրատապ նիստ այս թեմայով… մենք նաև պատրաստվում ենք ԱԺ ամբողջ գործիքակազմը օգտագործել Տավուշում տիրող իրավիճակը բարձրաձայնելու, մեր բոլոր իրավական հիմքերը ներկայացնելու համար և դրանից առաջ սա խմբակցության, կարելի է ասել, պաշտոնական այցն էր: Սա առաջին այցը չի, տարբեր խմբերով անընդհատ եղել ենք Տավուշում, անընդհատ լսել ենք քաղաքացիներին, մի բան կարող եմ հստակ ասել, որ այստեղ իշխանության առաջարկած,գործող ռեժիմի առաջարկած օրակարգը՝ զիջել ոչնչի դիմաց, աջակցություն չունի: Դա բոլորը կարող են ասել, ցանկացած մեկն, ով ապրում է իմ նշած երեք գյուղերից մեկում՝ դա բոլորը կասեն»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Հետաքրքրվեցինք, արդյոք Մովսես գյուղ այցելել են, ասաց, որ ոչ, իրենք Մովսես գյուղի հակառակ կողմում են, սակայն իրավիճակին ծանոթ են՝ այս պահին լարվածություն չկա,  տեղում երկու պատգամավոր կա:

Բնականաբար գիշերային ռազմական ագրեսիան պատահական չէր. «Մենք արդեն արձանագրել էինք, որ նույնականացել է թշնամական ռեժիմի, Հայաստանում գործող իշխանության բառապաշարը, լեքսիկոնը, նույնականացրել են հակառակորդները, հիմա արդեն նույնականացրել են թիրախները: Տավուշը գտնվում է՝ մեկ՝ Նիկոլ Փաշինյանի թիրախում, երկու՝ Ադրբեջանի թիրախում: Սա չի կարող պատահական լինել, տպավորություն է, որ տարբեր կողմերից ճնշում են գործադրում, որ նույն նպատակին հասնեն՝ միակողմանի զիջումների և առանց որևէ բան դիմացը ստանալու»:

Մեր հարցին, արդյոք իշխանության ներկայացուցիչները ինչպիսի՞ ընդունելության կարժանանան հիմա այս հատվածում, Քրիստինե Վարդանյանը նշեց, որ իրենք տեսել են մեկ այց՝ վարչական ամբողջ ռեսուրսով, թիկնապահների շարասյունով, գաղտնի պայմաններում՝ առանց տեղյակ պահելու և տեսել են խոստումը, որ տասը օր հետո հետ կգա ու հարցերին կպատասխանի, սակայն տասը օրն անցել է, հետ չի   եկել, խոստացված այցը չի եղել ու ոչ մի հարցերի չի պատասխանել:

«Իրականում շատ հետաքրքիր կլինի տեսնել այդ պատգամավորների կամ իշխանության ներկայացուցիչների այցը: Ես վստահ եմ, որ վարչական ռեսուրսով, սեփական լրատվականներին բերելով իրենք մի կադր կարող են ստանալ, որ ինչ-որ մեկը ողջունում է իրենց, բայց եթե ինչ-որ մեկը ձայնագրի խոսակցությունն ամբողջությամբ՝ մենք կտեսնենք, որ այդ օրակարգը առնվազն այն, ինչ իրենք առաջարկում են Տավուշի մարզում, այստեղ ուղղակի մեկը չկա, որ ընդունում է: Անգամ մարդը կարող է ՔՊ-ի համակիր լինել, անգամ կարող է ձայն տված լինել «Քաղաքացիական պայմանագրին», բայց անընդունելի է իր համար այն, ինչ որ անում են Տավուշում»,-ասաց Վարդանյանը:

Նախատեսվող հավաքը տեղավորվում է վերջին շրջանում մարզեր այցելությունների մեջ․ հավաքներ են իրականացրել Արտաշատում, Չարենցավանում, Հրզադանում, Գեղարքունիքի մարզի քաղաքներում և Տավուշում էլ հավաքներից հերթականն է: Վարդանյանը շեշտեց, որ այս փուլում շատ են կարևորում քաղաքացիների հետ անկեղծ և ուղիղ շփումները: Ինչ վերաբերվում է նոր ռազմական ագրեսիայի դրսևորումներին, Վարդանյանն ասաց.«Ես Ադրբեջանի կամ Նիկոլ Փաշինյանի գործողությունները չեմ կարող կանխատեսել: Երբ Հայաստանում ղեկավարի աթոռ զբաղեցնողը գալիս է իր սեփական ժողովրդին սպառնում պատերազմով, չպետք է բացառել, որ ինքը կգնա նաև պայմանավորված պատերազմի ճանապարհով, իսկ ռազմական ագրեսիայի կամ ռազմական էսկալացիայի վտանգը մենք միշտ ունեցել ենք: Մեր մոտեցումն այլ է, մենք չենք կարող մեր գործողությունները դրանով պայմանավորել ու փորձել հետաձգել մի բան, որը մեզնից կախված չէ: Մենք կարող ենք միայն, եթե դա անխուսափելի է ՝ պատրաստվել դրան: Ես գիտեմ, որ մենք Տավուշում ունենք ամենաանառիկ առաջնագծի հատվածը և եթե Ադրբեջանը որոշի այս հատվածում գնալ էսկալացիայի՝ ինքը թնակ գին է վճարում: Դրա համար 2020-ից հետո առաջնագծի ամբողջ հատվածում ինքը փորձել է հարձակումներ անել, բացի այս հատվածից և դա ինչ-որ տրամաբանություն ունի, հետևապես էսկալացիայից խուսափելու տարբերակը առաջնագծի կահավորված հատվածը կազմաքանդելը չէ, այլ տարբերակներ կան աշխարհին հայտնի»,-եզրափակեց Քրստինե Վարդանյանը: