Նման բան անելը կնշանակի քանդել մեր բոլոր ավանդույթները

Նման բան անելը կնշանակի քանդել մեր բոլոր ավանդույթները

Այս օրերին բուռն քննարկում է ծավալվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպտիմալացման թեմայի շուրջ: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշում է, որ Կոնսերվատորիան մեզանում առանցքային դեր ունի՝ եւ չի կարելի ձեռք տալ դրան։

«Այստեղ անգամ չկա սուբյեկտիվ կարծիքի անհրաժեշտություն, քանի որ այն պրոֆեսիոնալիզմի ձեւավորման միակ անփոխարինելի ճանապարհն է, որով մենք անցել ենք: Այսօր մեր մշակույթը վտանգի մեջ է, եւ ես չեմ հասկանում, թե այս հարցն ինչու են քննարկման դնում: Երաժշտական, զգայական աշխարհն ինտելեկտով է լցվում` աշխարհում սեփական լեզվով խոսելու համար: Աշխարհի մաս լինելու համար ապացույցներ են պետք, հակառակ դեպքում մենք սովորական ինքնախոս զանգվածի կարող ենք վերածվել, որը զուրկ է իր պատմությունից: Բայց անգամ սովալլուկ տարիներին մենք ինչեր ասես չենք ունեցել, հզորագույն անուններ, որոնք մինչ օրս շարունակում են իրենց արժեւորման ընթացքը: Այսօր մենք Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի պատի վրա բացեցինք Մելիքյանի դիմապատկերով քանդակը: Ինչո՞ւ ենք նման գործեր անում, այդ դեպքում ամեն բան պետք է թողնենք ինքնահոսի։ Երբ փողոց ենք դուրս գալիս, գիտենք, պետք է հասկանանք, չէ՞, թե ուր ենք գնում: Մարդիկ հիմնականում 3 հարցի պետք է պատասխանեն՝ ինչ են անում, ինչու եւ ինչպես: Այդ 3 հարցերը կարող են միայն մեզանում բարձր կրթական համակարգ ձեւավորել: Այսօր եթե Կոնսերվատորիան կասկածի տակ ենք դնում, կարող ենք նաեւ համալսարանը դնել կասկածի տակ: Այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք ակադեմիզմի ձգտում, եթե բիզնեսով էլ կարող ենք մեր գլխի ճարը տեսնել: Բա ո՞ւր մնացին ինտելեկտը, հայոց պատմությունը, էլ ինչո՞վ ենք տարբերվում մեր հարեւաններից: Իրականում մեր կողքիններից ոչ մեկը չունի մեր պոտենցիալը: Սա ոչ թե ինքնագովասանք է, այլ՝ փաստ: Աշխարհն ընդունում է այդ իրողությունը: Հայոց մշակույթի մասին աշխարհում բոլորը գիտեն»,- ասում է կոմպոզիտորը: 

«Չի կարելի ռեւիզիայի ենթարկել այն ակադեմիական դպրոցը, որը դժվարություններով շարունակում է իր գոյությունը: Ռաբիզությունը քանդում է մեր երկիրը: Այն, ինչ հնչում է հեռուստաեթերից, պարզապես անընդունելի է: Ինչպես մեր լեզուն են «ապամոնտաժել», այնպես էլ՝ երգարվեստը, ով ինչ ասես ու ինչպես ասես՝ երգում է»,- ասում է կոմպոզիտորը: