Նայեք, թե որ բուհի խորհրդի անդամներն ովքեր են, եւ կտեսնեք, թե ոնց են պատկերացնում կառավարման համակարգը

 Նայեք, թե որ բուհի խորհրդի անդամներն ովքեր են, եւ կտեսնեք, թե ոնց են պատկերացնում կառավարման համակարգը

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը համարվում է վերջին մեխը՝ բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության դագաղին։ Մենք զրուցել ենք կրթության եւ գիտության երկարամյա փոխնախարար, Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի հետ։

- Բոլորը մեկնաբանում են, որ կառավարությունն ուզում է բուհերում հսկիչ փաթեթ ունենալ՝ խորհրդի կազմի 9 անդամից 5-ին ինքը նշանակելով։

- Բոլորին այդ կետն է հետաքրքրում, եւ Դուք էլ զանգել եք, որ իմ կարծիքն իմանաք։ Ես՝ որպես կրթության ոլորտի մասնագետ, համարում եմ, որ դա ամենաանտեղի ու ոչ կարեւոր հարցն է։ Այդ նոր նախագիծը, միացյալ օրենքը, որ գրել են, նախ, շատ անգրագետ է, սկսած օգտագործված տերմիններից։  

- Օրինակ։

- Անգրագետ փաստաթուղթ է՝ սկսած  «Օգտագործվող տերմիններ ու հասկացություններ» բաժնից։ Սահմանումներն ինքնահակասական են։ Երկրորդ․ նախ՝ հիմնավորված չէ դրա անհրաժեշտությունը։ Եվ նոր օրենք պատրաստել, նոր մոտեցումներ, եւ ամբողջը կառուցվածքային խաղերին վերաբերի, կառուցվածքներն այնպես փոխել, իրավասությունները, որպեսզի տնօրինեն, այ, դա լացելու բան է։ Մենակ ռեկտորների կամ պրոռեկտորների  նշանակման հարցը չէ։ 
Մյուսը․ գիտության բնագավառը լրիվ աչքաթող է արված։ Ուզեցել են մի հոդվածով ակադեմիայի հախից գան՝ չհասկանալով, որ ակադեմիան շատ կարեւոր ու օգտակար կառույց է։ Կարող է այս ակադեմիան, այս ղեկավարությամբ՝ չէ, բայց առանց ակադեմիայի չի կարելի գիտություն տնօրինել եւ այլն։ 

Հաջորդը․ ուրեմն, գրողներից որեւէ մեկը՝ աշխատանքային այդ խմբից, ո՛չ կրթության, ո՛չ գիտության բնագավառում չունի գոնե մեկ աշխատանք կամ փորձ, այնպիսին, որ կարողանա համակարգային դրույթներով կառուցվածքային մի փաստաթուղթ պատրաստի ամբողջ համակարգի համար։ Էս ամեն ինչը իմ գործընկերների հետ քննարկեցինք, նշեցինք, հետո տեսանք, թե իրենց քննարկումները, ընդհուպ մինչեւ ԱԺ-ում, ինչ մակարդակով են անցկացնում եւ ինչ տեմպերով․․․ 

- Ի՞նչ նկատի ունեք՝ ուշադրություն չի՞ դարձվում, թե ինչ փոփոխություններ են եղել մյուս կառուցվածքներում։

 - Մեր համակարգում բարձրագույն ուսումնական հաստատության կամ որեւէ հաստատության տնօրեն նշանակել-չնշանակելուն պետք է համակարգային նայել․ եթե հիմնադիրը պետությունն է, պետությունը թող նշանակի։ Նշանակումներ է անում, թե ընտրությունների ձեւով առաջադրում է, հետո նոր հաստատում ընտրության արդյունքները, այդ ձեւով նշանակում, եկեք ճիշտ հասկանանք, քիչ նշանակություն ունի։ Բայց այնտեղ կան սկզբունքային խախտումներ։ Գործողի մեջ, որը, օրինակ, մեզ պարտադրվեց արտասահմանյան էդ դոնոր կազմակերպությունների կողմից։ Ուսանողները 25 տոկոսով կազմում են կառավարման համակարգի մաս։ Սա աբսուրդ է․ ուսանողի սուրբ գործը դաս սովորելն է։ Եվ ինքը՝ ուսանող կարգավիճակով, փորձում է իր հաստատությունը կառավարել։ Նման բան չկա։ Նման բան չի կարող լինել։ Փոխանակ էս աբսուրդի վերացման մասին խոսեն, էդ ձեւի բաները հանեն․․․ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններ են, բերել են, գործերը հանձնել են։ Պարզվում է՝ ռեկտորի թեկնածուի սահմանափակումներ կան։ Ի՞նչ․ որ թեկնածուն գոնե ունենա գիտական աստիճան՝ ոչ ավել, ոչ պակաս, մեկ էլ՝ 5 տարվա աշխատանքային ստաժ համակարգում։ Այսինքն՝ 5 տարվա թեկնածուն, որը կարող ա՝ մի քիչ ես թեկնածու դառնամ, մի քիչ՝ Պողոսը, նշանակվենք ռեկտորի օգնական, հետո դառնանք ռեկտոր։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էս ընտրության կարգով, ուսանողների 25 տոկոսն է մասնակցում, դասախոսները՝ 25 տոկոս, արդեն կիսով կարող են ընտրել։ Այ, էս տիպի բաների մասին պետք է խոսել եւ ոչ թե այն մասին, որ ռեկտորին նախարարը նշանակի՞, թե՞ կառավարությունը։ Հիմա ես նշանակող չեմ, էդ գործի շահառու չեմ, բայց ասում եմ՝ դա ամենավտանգավոր բանը չէ։ Կա մեկ ուրիշ բան․ ուրեմն՝ առանց քննարկելու՝ գիտության մեջ մեկ մակարդակ աստիճանաշնորհում, թե երկմակարդակ, ուզում են դոկտորի աստիճանը վերացնեն։ Դա հիմարություն է, ողջ Եվրոպայի 70 տոկոսն աշխատում է էդ համակարգով։ Ինչո՞ւ են վերացնում։  Բոլորն իրենց դրել են լեզու իմացողի տեղ, ստեղից-ընտեղից գրանտի փող են ուզում, ինտերնետը բացում եմ, կարդում եմ․ «Եվրոպայում կրթությունը», նայում եմ՝ որ երկրում քանի աստիճան, քանի մակարդակ է։ Էս էլ հո ուզել-չուզելու կամ «կարկառուն հանրապետականի» հարց չէ՞։ 

 - Ասացիք՝ կարկառուն հանրապետական։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀԿ-ի նկատմամբ դժգոհության պատճառներից մեկն էլ այն էր, որ բուհերը վերածվել էին կուսակցությանը կից կամ ծառայող կառույցների։ Նույն ուսխորհուրդները, գիտխորհուրդները, ուսանողների կառավարումը։ Նորերը եկան հեղափոխական կարգախոսներով եւ, ըստ Ձեզ, ի՞նչ արեցին։

- Նույնը շարունակում են, ասելով՝ «ինչը լինի, մերը լինի»։ Ինչպես նախկինները, սրանք էլ իրենց մտերիմների կամ համախոհների խմբեր են հավաքում։ Վերցրեք, նայեք, թե որ բուհում խորհրդի անդամ ովքեր են դարձել, եւ պարզեք, թե դրանցից ամեն մեկի կենսագրությունում ինչ կա։ Կտեսնեք, որ նույնն է ՝ ծածուկ ձեւով։ Ամեն ինչ պարզ է, թե մարդիկ ինչ պետություն ունեն եւ ոնց են պատկերացնում կառավարման համակարգը։