Բարձր ենք գնահատում ՌԴ-ի ջանքերը․ ԱՄԷ պետնախարարը՝ ԼՂ-ի իրավիճակի մասին

Բարձր ենք գնահատում ՌԴ-ի ջանքերը․ ԱՄԷ պետնախարարը՝ ԼՂ-ի իրավիճակի մասին

«ԱՄԷ-ն ողջունում է հրադադարը, որին հնարավոր է եղել տարածաշրջանում հասնել երեկ ՌԴ միջնորդությամբ: Բոլոր կողմերը ընտրել են հանդարտ և լարվածության թոթափման ճանապարհը: Ի հեճուկս հրադադարի, սակայն, մենք չենք կարող չընդգծել, թե ինչքան կարևոր է, որ բոլոր կողմերը ապահովեն քաղաքացիական անձանց ապահովությունը և անվտանգությունը լարվածության պայմաններում: 

Այս մասին ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում հայտարարել է ԱՄԷ պետնախարար Ահմեդ բին Ալի Ալ Սայեղը։

Նա նշել է, որ նիստը տեղի է ունենում, երբ Նյու Յորքում հավաքվում են աշխարհի առաջնորդները, որ ընդգծեն` որքան կարևոր և առաջնահերթ է երկխոսությունը և խաղաղ երկխոսության միջոցով աշխարհի ճգնաժամերը հաղթահարելը` պահպանելու համար ժողովուրդների անվտանգությունը և թույլ տալու համար բազմակողմ գործողություններով հաղթահարել ընդհանուր մարտահրավերներ:

«Բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ թիմերի տեղակայումը քաղաքացիների համար ապաստան տրամադրելու առումով, մեծ ցավ ենք ապրում քաղաքացիական անձանց մահվան առթիվ, անկեղծ ցավակցություն ենք հայտնում խաղաղապահների ընտանիքների անդամներըին, նրանց, ովքեր զոհվեցին` կատարելով իրենց պարտականությունները, բարձր ենք գնահատում ԿԽՄԿ-ի կարողությունը` օգնություն հասցնելու դրա կարիքն ունեցողներին` կողմերի համաձայնությամբ»,-նշել է նա։

Նրա խոսքով, անհրաժեշտ է պահպանել և կայունացնել հրադադարը, շահագրգիռ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն իրավիճակը սրող գործողություններից` պաշտպանելու համար քաղաքացիական անձանց կյանքը, տարածաշրջանի անվտանգությունը և ապահովությունը, որ լրացուցիչ հետևանքներ չառաջանան նոր լարվածության պատճառով:

ԱՄԷ-ի պետնախարարը նաև քաջալերող է համարել այն հանգամանքը, որ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացել են բանակցություններ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև․

«Հույս ունենք, որ դրանց միջոցով կամրապնդվի փոխըմբռնումը, մենք ընդգծում ենք, որ կարևոր են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, այդ թվում` հարգանքը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ և վեճերի խաղաղ հանգուցալուծումը: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է տարածաշրջանում իրավիճակը, և որքան հրատապորեն է անհրաժեշտ լրացուցիչ երկխոսություն բոլոր մակարդակներում, որ ճանապարհ հարթվի խաղաղ և բարեկեցիկ ապագայի համար` հանուն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»,- եզրափակել է նա։