Հաջորդը կարող է լինել Օնիկ Գասպարյանը

Հաջորդը կարող է լինել Օնիկ Գասպարյանը

«Հրապարակի» զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

-Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել: Նախօրեին էլ կալանավորեցին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս գործընթացները:

-Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքը, կարծում եմ, այն ընդհանուր գծի մեջ պետք է նայեք, ինչը որ պետք է նայվի Արցախյան մեր վերջին՝ երրորդ, ողբերգական պատերազմի անհաջողության պատասխանատուներին գտնելու տեսանկյունից: Նույնը նաև պրն Արզումանյանի խնդիրն է: Կարծում եմ, որ այստեղ որոշակիորեն կա քաղաքական պատասխանատվությունը ռազմական ղեկավարության վրա դնելու միտում: Ասեմ Ձեզ, որ պատերազմական գործողություններում շատ հեշտ է պայմանական ասած զորավարին մեղադրել անփութության մեջ: Հիմա, երբ  որ այսպես ասած հետին խելք ունենք, հետին թվով ենք նայում, ունենք տեղեկատվությունը, շատ բաներ գիտենք, թվում է,թե շատ բաներ պարզ են: Բայց հիմա եկեք մտնենք այդ զորավարի այսպես ասած կաշվի մեջ ու նայենք, որ ինքը գործում էր սահմանափակ տեղեկատվության պայմաններում, չգիտեր այն, ինչ-որ մենք գիտեինք:Հոգեբանական, նաև ֆիզիկական լարվածության զգալի աստիճան կար և այս պայմաններում սխալվելու հավանականությունը չափազանց մեծ էր: Ընդհանրապես, ես որպես պատերազմների պատմություն մի քիչ կարդացած մարդ, կարծում եմ, որ բացառությամբ շատ կոպիտ սխալի դեպքերի, չի կարելի զորավարներին նման պատասխանատվության ենթարկել, որովհետև միշտ էլ զորավարի գործունեության արդյունքում կարող են լինել անհաջողություններ, միշտ էլ  կարող են զոհվել մարդիկ: Գիտեք, սա վարորդի գործ չի, որ Ա կետից գնաց Բ կետ, ու եթե վթար եղավ՝ պատասխանատվություն: Ոչ: Այստեղ սխալները շատ են, անորոշությունները շատ են ի տարբերություն վարորդի, ով եթե ամեն ինչ ճիշտ է անում՝ վթար չի լինում: Այստեղ ընդհակառակը՝ շատ անորոշ իրավիճակ է: Եվ եթե այս առումով մենք ծայրահեղության մեջ ընկնենք, ապա ի վերջո կունենանք մի իրավիճակ, երբ ոչ  մեկ չի ուզենա զորավար լինել, որովհետև փաստորեն սխալի հավանականության պատասխանատվությունն անընդունելի կմեծանա: Այս առումով, կարծում եմ, որ այս գործի մեջ զգալի քաղաքական տարր կա:

- Հաջորդը կամ հաջորդներն ովքե՞ր կարող են լինել: Քննարկումներում արդեն Հարությունյանից հետո հերթական զինվորական գործչի անուններ են հոլովվում:

-Կարծում եմ, որ հաջորդը կլինի Օնիկ Գասպարյանի խնդիրը: Սեպտեմբերի երկուսի միտինգի ժամանակ արտահայտված կարծիքը հաշվի առնելով գուցե և Տիրան Խաչատրյանը:Հիշեցնեմ, որ Անդրանիկ Փիլոյանն էլ մեկ այլ գործով կալանավորված է: Քաղաքական պատասխանատվությունից հեռանալու փորձ է արվում՝ փորձելով մեղքը բարդել զինվորականության վրա: Զորավարներին ռազմական պատասխանատվության կարելի է ենթարկել անհաջող պատերազմի համար թերևս միայն,եթե առկա են կոպիտ սխալներ: Ավելին ասեմ, եթե մի քիչ խիստ նայենք, նույնիսկ հաղթական պատերազմի դեպքում էլ միշտ էլ  հնարավոր է զորավարի մոտ սխալներ գտնել ու այդ սխալների հիման վրա նրան պատասխանատվության ենթարկել: 

-Բանակի ղեկավարության, սպայակազմի դեմ քրեական գործերի հարուցումը ինչպե՞ս է ազդում բանակի վարկանիշի վրա: Հատկապես որ հարուցվում են նաև դավաճանության մեղադրանքներով գործեր, զինվորականներ են ձերբակալվում, իսկ ամիսներ անց ապացույցների բացակայության պատճառով գործեր են կարճվում:

-Շատ բացասական է այսպես կոչված դավաճանության գործերով  մարդկանց պատասխանատվության պրոցեսները հանրայնացնելը: Այո, եղան արդարացումներ: Ընդհանրապես, մենք անմեղության կանխավարկածի հետ խնդիր ունենք: Չի կարելի նախնական քննության  տվյալները որպես վերջնական ճշմարտություն ընդունել: Տեսեք, նույն  Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի հետ կապված ես հետևում էի մարդկանց արձագանքներին: Մարդկանց մի լայն խավ կա, որ հենց իշխանությունը ինչ-որ մեկին մեղավոր է անվանում, ընկնում են էմոցիաների գիրկը և սկսում են այդ մարդուն լայն իմաստով անիծել: Բայց հետո, երբ այդ մարդն արդարացվում է՝ դա ոչ ոք չի նկատում, անցնում է այդ ամեն ինչը մեծապես աննկատ: Այստեղ նաև ուրիշ խնդիր կա: Այո, շատ ծանր հետևանքներ են ունենում այս առերևույթ դավաճանության գործերը բանակի հեղինակության վրա:Պատահական չի, որ դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանում նման գործերը ու այլ տիպի գործերը, որոնք հանրության շրջանում կարող էին լուրջ ստվեր գցել՝ գաղտնի էին արվում, չէին հանրայնացվում: Այստեղ նորից ու նորից քաղաքական պահը կա, որտեղ իշխանությունը փորձում է ընտրողներին ասել՝ պայմանական ասած, թե խեղճ Նիկոլն ինչ աներ՝ բանակը վատ էր կռվում, ամեն օր դավաճաններ էին հայտնվում: Այստեղ ուրիշ բացասական կողմ էլ կա՝ այս երեք կետերի գործընթացները միասին ստեղծում են անվստահության մթնոլորտ քաղաքական ղեկավարության և ռազմական ղեկավարության միջև, որովհետև առաջինը միշտ էլ կարող է երկրորդին պատասխանատվության ենթարկել: 

-Ներկայացվող մեղադրանքների մասով ի՞նչ կարող եք ասել, որքանո՞վ են դրանք կոռեկտ:

-Մեղադրանքների առումով լուրջ խնդիր կա: Խնդիրն այն է, որ Արցախի Հանրապետության տարածքում կատարված առերևույթ հանցագործության համար, այսինքն հանցագործություն, որն ուղղված է Արցախի Հանրապետության շահերի դեմ, պետք է պատասխանատվության միջոցներ ձեռնարկեն ԱՀ իրավապահ մարմինները: Զուտ իրավական առումով Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության համար նույնն է, ինչ Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի համար: Հիմա պատկերացնո՞ւմ եք, օրինակ ռուսական պատերազմի համար ինչ-որ վրաց գեներալ լիներ Հայաստանի տարածքում, Հայաստանի  իրավապահ մարմինները որոշեին այս մարդուն ձերբակալել , կալանավորել և հետո քրեական հետապնդում իրականացնել: Բայց այստեղ նուրբ պահ կա և դա այն է, որ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Այս առումով Հայաստանի իրավապահ մարմիններն էլ կարող են ասել, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են պատասխանատվության ենթարկում: Բայց այս դեպքում ևս խնդիր է առաջանում, որովհետև այդ մարդը փաստացի Արցախի Հանրապետության քաղաքացի է: Մի խոսքով, բարդ իրավական կազաստիկ վիճակ է:Ինչ վերաբերում է մեղադրանքների հիմնավորվածությանը, ապա մարտի անորոշության, տեղեկատվական սովի, մտավոր, ֆիզիկական լարվածության պայմաններում անխուսափելի են սխալները, կիսասխալները, ոչ ամբողջական որոշումները: Իդեալում լավ կլինի, որ անսխալական զորավար լինի, բայց  ռազմական գործի պարագայում, մանավանդ, երբ թշնամին ուներ ճնշող տեխնիկական, քանակական գերակշռություն, իսկ մեր բանակն էլ ուներ հայեցակարգային բացթողումներ՝ սխալի հավանականությունը շատ է մեծանում: Ինչքան կրտիկական է իրավիճակը՝ սխալի հավանականությունն այնքան մեծանում է, ինչքան ծանր է իրավիճակը, այնքան քո ունեցած վատ մեխանիզմը սկսում է ավելի վատ աշխատել: Այս առումով, որ նայենք, մեծ հաշվով զորավարները երևի այդքան էլ մեղք չունեին: Նրանց  պետք է պատասխանատվության ենթարկել միայն կոնկրետ,  կոպիտ, առերևույթ հանցագործության պարագայում: Պաշտոնական անփութության այդ հոդվածը, ինչպես ասում էր իմ դասախոսներից մեկը՝ հիմա պատուհանից գցենք, ում վրա էլ ընկնի՝ կարող ենք այդ մարդուն դատել այդ հոդվածով,եթե այդ մարդը պաշտոնատար անձ է:

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության Բանակի նախկին հրամանատար, այս պահին ԱՀ նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց սեպտեմբերի մեկին, իսկ սեպտեմբերի երկուսին  Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: