Պտղի առաջացումը՝ բնության ֆենոմեն, պտղի ոչնչացումը՝ մարդկային «ֆենոմեն»
հարցազրույց «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» գինեկոլոգ Լիլիթ Միսակյանի հետ
-Հղիության արհեստական ընդհատումը, կնոջը հոգեբանական և բարոյական վնաս պատճառելուց բացի, նաև ֆիզիկական վնաս է պատճառում՝ առողջական մի շարք վտանգների առջև կանգնեցնելով։ Ավելի որոշակի՝ որո՞նք են այդ վտանգները և ի՞նչ հետևանք են թողնում կնոջ օրգանիզմում։
-Որպեսզի Ձեր հարցի պատասխանը լինի լիարժեք և մատչելի, սկզբից ևեթ նշեմ, որ հղիության ընդհատումը, այսինքն՝ պտղի զարգացմանը որևէ փուլում խոչընդոտելը, երբեք չի մնում անհետևանք։ Հոգեկան և, իհարկե, ֆիզիկական առողջության համար այն կործանարար է: Հղիության ընդհատման հետևանքները եկեք պայմանականորեն բաժանենք երկու խմբի՝ հնարավոր և անխուսափելի: Նախ խոսեմ այն ցավալի հետևանքների մասին, որոնք միշտ ու պարտադիր կերպով անխուսափելի են ցանկացած դեպքում, երբ տեղի է ունենում հղիության կանխամտածված ընդհատում որևէ եղանակով: Անգամ բժշկական կրթություն չունեցող ցանկացած մարդ ակնհայտորեն հասկանում է, որ հղի կնոջ օրգանիզմը շատ է տարբերվում ոչ հղիի օրգանիզմից՝ թեկուզ միայն այն առումով, որ մեր առջև մարդ է, որի մեջ մեկ այլ մարդ անցնում է իր զարգացման փուլերից մեկը, կարելի է ասել՝ ամենաորոշիչը: Անզեն աչքով, իհարկե, դժվար է տեսնել, թե իրականում որչափ խոր ու հիմնավոր ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում, որպեսզի նոր մարդու զարգացման կարևորագույն փուլն ընթանա անխափան, ինչպես նաև չվնասի, անգամ օգնի հղիությունը կրող օրգանիզմին։ Մինչ կինը հասկանում է, որ հղի է, պտուղը սովորաբար 4-5 շաբաթական է լինում, իսկ կնոջ ուղեղն արդեն սկսած է լինում օրգանիզմի կառավարումը հղիության ծրագրով, հղիության հորմոնի (խորիոնի կողմից արտադրված խորիոնային գոնանդոտրոպին հորմոնի) առաջին իսկ հայտնվելուց արյան մեջ: Օրգանիզմը պետք է հասցնի այժմ սնուցել ու ապահովել երկու օրգանիզմի կենսագործունեություն: Պտուղը մեծանում է բավականին արագ, պտղի բջիջների քանակը անդադար շատանում է՝ կարծես ցանկանալով հնարավորինս շուտ մարդու նմանվել, որպեսզի ճանաչելի լինի, իսկ այդ ընթացքում հղի կնոջ օրգանիզմում բոլոր օրգան համակարգերը ձևափոխվում են, որ կարողանան պատշաճ կերպով ապահովել պտղի զարգացումը: Փոփոխություններ են տեղի ունենում բոլոր օրգան համակարգերում: Սրտի աշխատանքը, արյան ծավալը, անոթների էլաստիկությունը, արտազատիչ օրգանների աշխատանքը, հորմոնային համակարգը, ուղեղի աշխատանքը և այլն, անգամ՝ մաշկի որակը: Կարելի է գիրք գրել, թե որքան շատ են միասին ու առանձին վերցված ամեն օրգանի ու օրգան համակարգի աշխատանքի յուրահատուկ փոփոխությունները։ Մի շարք լաբորատոր անալիզների նորմաներն անգամ տարբերվում են, չէ՞ որ դրանք էլ արտահայտում են այս կամ այն օրգանի վիճակը: Ինչևէ, շատ շեղվեցի Ձեր հարցից, բայց դժվար կլիներ այլ կերպ բացատրել, թե ինչու երբեք չի կարող հղիության արհեստական ընդհատումը անհետևանք մնալ կնոջ օրգանիզմի համար: Օրգանիզմն ունի շատ ծրագրեր ինքնավերականգնման համար, բայց բնությունը չի նախատեսել հղիության կանխամտածված ընդհատումից հետո օրգանիզմի վերականգնում: Հղիի օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխություններն այնքան խորն են ու ծրագրավորված, որ անգամ կատարված աբորտից շատ տարիներ հետո օրգանիզմին չի հաջողվում լիարժեք վերականգնվել: Այլ դեպք է, երբ կինը ծննդաբերում է, կամ վիժում է տեղի ունենում: Առանձին ու շատ երկար կարելի է խոսել, թե ինչ զարմանալի ու հրաշք պրոցես է ծննդաբերությունը, ու ինչ անփոխարինելի առողջական ու վերականգնելի ֆունկցիաներ ունի կնոջ օրգանիզմի համար: Իսկ ինչ վերաբերում է ինքնաբեր վիժմանը, ապա մինչ բուն վիժման սկսվելը, եթե հետազոտենք, կարող ենք տեսնել հղիության հորմոնների զգալի անկում։ Այսինքն՝ քանի որ դա բնությանը հակասող պրոցես չէ, կան նաև մեխանիզմներ ինքնուրույն վերականգնման համար, ինչը երբեք տեղի չի ունենում աբորտների դեպքում: Արհեստականորեն ընդհատված հղիության ցանկացած ժամկետում օրգանիզմում խախտվում է հավասարակշռությունը․ առաջանում են հորմոնային խախտումներ, վերը նշված բոլոր համակարգերի պաթոլոգիական վիճակներ, աուտոիմուն վիճակներ: Կան նաև շատ ցավալի, իհարկե՝ ոչ հաճախ, բայց հստակ հանդիպող լուրջ բարդություններ՝ ագրեսիվ ընթացող հորմոն կախյալ քաղցկեղներ, արգանդի ծակում, ցնցումներ, արյան մակարդելիության համակարգում խախտումներ՝ ուղեկցվող թրոմբային բարդություններով, չբերություն ու շատ ծանր դեպրեսիաներ: Փորձեցի ներկայացնել ընդհանուր դրույթները, իսկ ավելի որոշակի՝ ամեն մի օրգանիզմում տարբեր են լինում աբորտ կոչվող կործանարար բժշկական միջամտության հետևանքները։ Տարբեր, բայց, անշուշտ, միայն վնասաբեր:
-Իսկ ինչպե՞ս է կնոջ օրգանիզմն արձագանքում վիժումներին։
-Ինչպես արդեն նշեցի, հղիության բնական ընդհատման դեպքում, այսինքն՝ երբ ինքնուրույն է տեղի ունենում հղիության ընդհատումը, պատկերն ամբողջովին այլ է: Օրգանիզմը, կարծես, նախապես պատրաստվում է, փոխվում է հորմոնների քանակը և ոչ միայն: Վիժումը տեղի է ունենում ինքնաբուխ, առանց բժշկական միջամտության, պտղի զարգացման կամ կնոջ օրգանիզմում որևէ խախտման հետևանքով, և տեղի է ունենում պրոգեստերոնի, էստրոգենի, խորիոնային գոնանդոտրոպինի քանակական փոփոխություն, իսկ հենց վիժման ընթացքում կամ ժամեր առաջ մակարդելիության համակարգում են տեղի ունենում որոշակի փոփոխություններ՝ հարմարողական մեխանիզմների նման, որպեսզի օրգանիզմը ազատվի նվազագույն վնասներով՝ հաճախ արդեն մահացած պտղի մնացորդներից և այլ հյուսվածքներից:
-Այդուհանդերձ, կան դեպքեր, երբ հղիության արհեստական ընդհատումն արվում է հենց բժշկի ցուցումով։
-Այո, իհարկե, կան դեպքեր, երբ բժիշկը ստիպված է առաջարկել՝ ընդհատել հղիությունը կնոջ կյանքի ցուցումներով։ Օրինակ՝ արտարգանդային հղիության դեպքում, ինչպես նաև տարբեր՝ հղիության հետ անհամատեղելի, ծանր ֆիզիոլոգիական վիճակների, սակայն այդպիսի դեպքերը քիչ են, քանի որ երբ օրգանիզմն ունի ֆիզիկական որևէ ծանր վիճակ, ապա հղիանալը գրեթե անհնար է լինում։ Այդ իսկ պատճառով պետք է շատ մանրամասն հետազոտվի ցանկացած առանձին դեպք՝ մինչ նման եզրակացության գալը: Չէ՞ որ մենք գործ ունենք երկու կյանք ու ճակատագիր որոշելու հետ: Բժշկական ցուցումներով իրականացվող հղիության ընդհատումների թիվը մեծ չէ, սակայն ամեն մի կյանք մեծ արժեք ունի և խիստ ցանկալի է ամեն ինչ անել մեկ կյանք ավելի փրկելու համար: Չեմ նշում հղիության բժշկական ցուցումներով ընդհատման շատ պատճառներ, քանի որ դրանք միշտ խիստ անհատական բնույթ են կրում:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ երբեմն բժիշկներն իրենք են անհարկի ցուցումներ տալիս՝ աբորտն ամեն կերպ կանխելու փոխարեն։
-Բժշկական էթիկայից ելնելով՝ ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել որևէ միտք, որը այս կամ այն կերպ կարող է վարկաբեկել կոլեգաներիս, իսկ մարդկային էթիկան առհասարակ թույլ չի տալիս որևէ մեկին քննադատել կամ դատել: Ես ունեմ իմ տեսանկյունը և համոզմունքները: Անկեղծորեն փորձում եմ հավատալ, որ բժշկի պատասխանատու և բարձր կոչումը կրող ոչ մի մասնագետ իրեն թույլ չի տա կանխամտածված ուղղորդել հղիին՝ վերացնել իր ապագա երեխային: Կարծում եմ կամ ուզում եմ հավատալ, որ բժիշկներին հոգեբանորեն հեշտ չի տրվում նման քայլի դիմելը: Սակայն եթե մենք հիմնվեինք մարդու ներքին խղճի ու բարոյականության վրա և ապրեինք ուտոպիստական իրականությունում, ապա չէին լինի օրենքներ ու համապատասխան օրինախախտումները զսպող մեխանիզմներ: Մարդիկ տարբեր են բոլոր բնագավառներում, և, անշուշտ, պետք է լինեն լծակներ նման, մեղմ ասած, սխալ գործունեությունը կանխելու կամ վերահսկելու համար։
-Բժշկի գործառույթները ներառո՞ւմ են խորհրդատվության շրջանակներում հղի կնոջը աբորտի մտադրությունից ետ պահելու փորձերը։
-Բժշկի գործունեությունը ներառում է հղիին տեղեկություն տրամադրելը, թե ինչ է տեղի ունենալու, և ինչ բարդություններ կարող են լինել: Իսկ հղիին նման որոշումից ետ պահել փորձելու համար, որքանով տեղեկացված եմ, ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ պահանջ, ու դա կախված է միայն բժշկի սկզբունքներից և արժեհամակարգից:
-Այժմ լայնորեն տարածված են դեղորայքի միջոցով հղիության ընդհատումները։ Այս միջոցի կիրառումն ինչպե՞ս է անդրադառնում կնոջ առողջության վրա։
-Հղիության դեղորայքային ընդհատումը կարող է հանգեցնել ինչպես վերը նշված առողջական վիճակի վնասման, այնպես էլ կարող է պատճառ դառնալ անկառավարելի արյունահոսության, որովայնի անտանելի ցավերի, սրտխառնոցի, փսխման ու գլխացավերի համար, որոնք կարող են առանձին դեպքերում բերել գիտակցության կորստի ու մահվան: Նաև մեծ է հավանականությունը այնպիսի բարդությունների, ինչպիսիք են վարակները կամ արգանդից հյուսվածքի թերի հեռացումը, ինչը կպահանջի բժշկի լրացուցիչ միջամտություն:
-Հայտնի է, որ գործում են այդօրինակ դեղորայք ձեռք բերելու հստակ սահմանափակումներ։ Իսկ գործնականում պատկերն ինչպիսի՞ն է։
-Եթե հիմք ընդունենք համապատասխան օրենքը, ապա ազատ վաճառք չպիտի լինի, բայց, ցավոք, իրողությունն այն է, որ տվյալ դեղորայքը բավականին հասանելի է։ Հայաստանում այսօր կան հատուկենտ դեղատներ, որտեղ տնօրենության կողմից արգելված է հղիությունն ընդհատող դեղորայքի վաճառքը։
-Ձեր դիտարկմամբ՝ այժմ որչա՞փ հաճախակի են դարձել սեռով պայմանավորված աբորտները։
-Այս խնդիրը նույնպես մտահոգիչ է: Հայաստանում, ցավոք, կա նման խնդիր, կա նաև այլ երկրներում, որտեղ տարբեր սոցիալ-հոգեբանական ասպեկտներից ելնելով՝ գերադասում են տղա երեխաներին թույլ տալ լույս աշխարհ գալ, իսկ իգական սեռի պտուղներից ազատվում են: Հստակ վիճակագրություն չեմ կարող տրամադրել։ Կարող եմ միայն տեղեկացնել առհասարակ պտղի սեռի հետ կապված մտահոգությունների մասին բժշկական ինֆորմացիա: Կան հոգեբանների կողմից իրականացված հետազոտությունների հետաքրքրական տվյալներ, ըստ որոնց՝ եթե հղի կինն ուզում է ունենալ, օրինակ, արական սեռի երեխա, իսկ պտուղը նրա արգանդում իգական սեռի է, ապա այդ պտուղը զգում է մոր մտքերը և ինքն իրեն ընկալում որպես անցանկալի, ինչի պատճառով հետագա կյանքում իր սեռն ընկալելու բարդույթներ կարող է ունենալ: Այդ պատճառով այն կանանց, ում հղիության ընթացքը ես վերահսկում եմ, մշտապես խորհուրդ եմ տալիս չմտածել երեխայի սեռի մասին, քանի որ դա երկրորդական է, իսկ առաջնայինը առողջ երեխա ունենալն է։ Մնում է միայն հույս ունենալ, որ մենք կհասնենք գիտակցական այնպիսի մակարդակի, որ անընդունելի կհամարենք այլ մարդուն կյանքից զրկել իր զարգացման կախյալ և անօգնական փուլում՝ հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ հղիությունն առաջանում է երկու չափահաս մարդու գիտակցական գործողության արդյունքում: Այս թեմայով մտահոգված մարդկանց խորհուրդ կտամ դիտել իրական փաստերի վրա հիմնված մի ֆիլմ, որը կոչվում է «Մայրիկ, թույլ տուր ինձ ծնվել»։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է կինը վերջին պահին փոխում որոշումը և պահպանում երեխայի կյանքը, ով հետագայում բժիշկ է դառնում ու պատահականորեն փրկում այն բժշկի կյանքը, ով իր մորն ուղղորդել էր աբորտի՝ իր սեփական շարժառիթներից ելնելով: Շնորհակալ եմ նման կարևոր թեմային անդրադառնալու և հետաքրքիր հարցերի համար: Առողջ եղեք:
հարցազրույցը՝ Անահիտ Գալֆայանի
Կարծիքներ