Ունենք ապացույցներ, փաստաթղթեր, որոնք էլ չեն կարևորում Հայկ Հարությունյանի ցուցմունքը

Ունենք ապացույցներ, փաստաթղթեր, որոնք էլ չեն կարևորում Հայկ Հարությունյանի ցուցմունքը

Փաստաբան Նորայր Նորիկյանը, այսօր, խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների վերաբերյալ,  չէր բացառել, որ Հայկ Հարությունյանը կարող էր Մարտի 1-ի քրեական գործով իրականացվող դատաքննության ընթացքում տալ այնպիսի ցուցմունքներ, որոնք կարող էին շոկ առաջացնել, լույս սփռել Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վրա։

Հիշեցնենք, որ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով եւ նախնական վարկածով՝ Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանության պատճառները դիտարկվում հենց մարտիմեկյան գործի առանցքային վկա լինելու համատեքստում և ըստ «Հրապարակի» տեղեկության՝ նա այսօր էլ հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ունեցել։

Փորձեցինք ծանոթանալ այս առնչությամբ Մարտի մեկի տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կարծիքին, արդյո՞ք նրա ցուցմունքը կարող էր էական բացահայտիչ դեր ունենալ։
Սեդա Սաֆարյանն այս առնչությամբ ասաց․«Հայկ Հարությունյանը միշտ էլ պաշտոնական վարկածն է փորձել առաջ տանել։ Հայկ Հարությունյանն ասում է այն, ինչ Քոչարյանն է ասում, այսինքն՝ որ անհրաժեշտ է եղել՝ տեղազննություն են արել, ժողովրդի վրա հարձակվել են, ժողովուրդն իրենց վրա փայտ է գցել, քար, և այլն, և այլն։ Այդ առումով, շոկ է այն, որ պետական պաշտոնյան Մարտի 1-ի պես ողբերգական իրադարձության մասին այդքան հանգիստ շարադրում է։ Բայց ոչ իրականությունը»։

1999-2008 թվականներին ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին՝ փետրվարի 28-ին կամ 29-ին իր հետ է կապվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնել է՝ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններտեղի ունենան: Այդ տեղեկությունը ստանալուն պես հանձնարարել է Արմեն Երիցյանին՝ օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, եւ որ Արմեն Երիցյանն իրեն զեկուցել է, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա: Նման ինֆորմացիան ստանալուց հետո փետրվարի 29-ին խորհրդակցություն է հրավիրել իր մոտ եւ կարգադրել է առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքիառկայություն ստուգելու համար: Հանձնարարության կատարումը հանձնարարվել է օպերատիվ բլոկին, որը ղեկավարելիս է եղել Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարվել է Սաշա Աֆյանին։

Սեդա Սաֆարյանն ասաց, որ Հայկ Հարությունյանի ցուցմունքը չի կարող արժանահավատ լինել, քանի որ նախքան 2008-ի մայիսը, լինելով փաստահավաք խմբի կազմում, դատի է տվել ոստիկանությանը այն հիմքով, որ չեն տրամադրել այն տեղեկատվությունը, որը հիմք է հանդիսացել Մարտի 1-ի գործողությունների համար։

«Հետևապես, Հայկ Հարությունյանը ճիշտ չի խոսում, որովհետև դրանից հետո ունենալով «անհրաժեշտություն» սկսել են հիմքեր ստեղծել։ Դրա համար, հունիս-հուլիս ամիսներին մի շարք պաշտոնյաներ զեկուցագրեր են պատրաստել, ստորագրել տվել ոստիկանության որոշ աշխատողների, ովքեր սկի չեն էլ հիշել, թե ինչի տակ են ստորագրել, որովհետև հետագայում Հատուկ քննչական ծառայությունում քննելու ժամանակ էդ հարցերին չեն կարողացել պատասխանել, թե դա ե՞րբ են գրել, ինչպե՞ս են գրել, ովքեր են իրենց տեղեկատվության աղբյուրը հանդիսացել, որ էդպիսի բաներ են գրել։ Իրենք էլ հետո հիշել են ասել են՝  դա եղել է Մարտի մեկից հետո՝ Գևորգ Մհերյանի ցուցումով»։

Ամփոփելով՝ Սեդա Սաֆարյանն ասաց, թե Հայկ Հարությունյանն առանձնապես մտադիր չէր ճշմարտությունն ասել, բայց, նրա խոսքով, այնպես չէ, որ նա ասեր կամ չասեր, դրանից շատ բան էր փոխվելու։ 
«Որովհետև մենք ունենք գործի ապացույցներ, փաստաթղթեր, հիմնավորումներ, որոնք էլ չեն կարևորում Հայկ Հարությունյանի ցուցմունքը։ Այո, շատ ցանկալի կլիներ, որ Հայկ Հարությունյանը ողջ լիներ, գար դատարան և պատասխան տար բոլոր հարցերին, որոնք մենք մտադրված ենք տալ»,-ասաց փաստաբանը։