Պատվաստանյութի գինը կարեւոր է, բայց դա միակ չափանիշը չէ․ առողջապահության նախարար

Պատվաստանյութի գինը կարեւոր է, բայց դա միակ չափանիշը չէ․ առողջապահության նախարար

Հարցազրույց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ

- Տիկին Ավանեսյան, տեղեկություն ունենք, որ Ռուսաստանը Հայաստանին կորոնավիրուսի անվճար շուրջ 150 000 «Սպուտնիկ V» պատվաստանյութ է առաջարկել, որից Հայաստանը հրաժարվել է։ Նման բան եղե՞լ է։

-Ոչ, ես նման առաջարկից տեղեկություն չունեմ։ 

-Հայտարարել էիք, որ շուտով քովիդի դեմ պատվաստումները սկսվելու են, կա՞ նման որոշում, որ ռուսական պատվաստանյութն է օգտագործվելու և հենց «Սպուտնիկ V» -ն ։ Ինչու՞, որովհետև նախկինում հայտարարվել էր բրիտանական պատվաստանյութի մասին։

- Մենք մի քանի տարբեր հարթակներով տանում ենք բանակցություններ, մեկը «covac» հարթակն է, որին Հայաստանը միացած է՝ այլ երկրների հետ, որի շրջանակներում դիտարկվում են տարբեր պատվաստանյութեր, այնուհետև մասնագիտական խումբը, որը գործում է Հայաստանում, տալու է խորհրդատվություն, թե, ի վերջո, որն է արդյունավետության 10 ցուցանիշների առումով լավագույն տարբերակներից, և իհարկե, տանում ենք երկկողմանի բանակցություններ Ռուսատանի հետ՝ ունենալու «Սպուտնիկ»  պատվաստանյութը։

-Տեսեք՝ հայտնի է, որ բրիտանական պատվաստանյութի մեկ սրվակն արժե 4 դոլար, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։ Եվ հետևաբար, գնային գործոնով պայմանավորված՝ հնարավո՞ր է սխալ կամ ճիշտ որոշումներ ընդունվեն, մենք նախընտրենք առավել էժանը։

-Գնային բաղադրիչը, իհարկե, շատ կարևոր է, միանշանակ, բայց հաշվի են առնվում նաև այլ հանգամանքներ, թե ո՞ր փուլում է գտնվում փորձարկումն, ինչպիսի արդյունքներ է ցույց տալիս։ Եվ բոլոր հանգամանքները կշռադատելով՝ կընդունվի հավասարակշռված և հնարավորինս լավ լուծում։

-Բայց երևի թե պետությանը ձեռնտու է էժան տարբերակը, այդպես չէ՞։

-Նորից կրկնեմ, որ այո, իհարկե, անպայման պիտի դիտարկվի նաև առաջարկվող  պատվաստանյութը, որը շատ կարևոր հանգամանք է, բայց դա միակ չափանիշը չէ ընտրության։

-Եվ վերջապես, ե՞րբ է սկսվելու պատվաստման գործընթացը։

-Արդեն ռուսական կողմի հետ վերջնականացնում ենք պայմանագրի կնքման գործընթացը։ Կարծում եմ՝ մարտին արդեն իսկ կունենանք։

-Պատվաստումներն անցնելու են առաջին խմբե՞րը՝ 65 տարեկանից բարձր անձինք և այլն։

-Այո, ռիսկի խմբերում ընդգրկված անձինք։