Մեր լո-լո-ն, հորովե՞լն ես կտրում․․․

Մեր լո-լո-ն, հորովե՞լն ես կտրում․․․

Արցախը դեռ կար, երբ Փաշինյանը խաղաղության օրակարգից էր խոսում։ Թվում էր, թե այս մարդը դողում է Արցախի, Հայաստանի համար։ Հիմա Արցախը չկա, հայաթափվել է, ինչպես իրենք են ասում՝ փակվել է այդ էջը, բայց էլի Փաշինյանը նույն երգն է երգում․ «Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից»։

Սա նույնն է, երբ իրեն բժիշկ հռչակածը խաղաղություն կոչվող կեղծ դեղը փորձարկում է մեկի վրա, այդ մեկը   մահանում է, բայց նա առանց փոփոխելու դեղի բաղադրությունը շարունակում է նույն դեղը փորձարկել երկրորդի վրա։ Այդ երկրորդը առաջինի եղբայրն է․եթե նա էլ նույն բաղադրությամբ դեղը խմի և անշնչանա, կվերանա մի ընտանի՜ք։  Արցախը չկա՜, նույն դեղը Հայաստանի վրա մի՜ փորձարկիր։ Խաղաղությունն այս իշխանության  ստեղծած կեղծ դեղն է, որը փորձարկվել է Արցախի վրա,  ու Նա չկա։ Հայաստանին իրական խաղաղության դեղ է պետք և ոչ թե ոչ պրոֆեսիոնալի կողմից ստեղծված կեղծ դեղ։ Հայաստանից մի փոքրիկ միջակետ է մնացել։ Հանգիստ թողեք քարտեզի վրա հազիվ նշմարվող այդ միջակետը։ Արցախը թռավ մեր ձեռքից։ Սա ողբ է բակունցյան «Միրհավի»․ «Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա․․․» ։

Այո, պետություն կար, բանակ կար, 150 հազար հայ կար, արնակոլոլ թռավ մեր ձեռքից, երկուր փետուր թողեց որպես հիշողություն մամուռների վրա։

Հիմա ի՞նչ եք ուզում՝ նույն կեղծ, ժամանակավոր  խաղաղությու՞նը։ Մի քիչ էլ երկարացնել նվաստ իշխանության գոյությու՞նը։ Հայոց «դարավոր եզը» պառկեցրել եք գետնին ու մորթի՞ եք պատրաստում․․․ Կտրու՞մ ես մեր լո, լո- ն, հորովելը․․․ Կտրու՞մ ես մեր արմատները, անցյալը, պատմությունը․․․ Դըմփ- դը՞մփ եք բերում Հայաստանի գլխին․․․