Թմրանյութ՝ Fitch Ratings-ից 

Թմրանյութ՝ Fitch Ratings-ից 

Լրահոսից տեղեկանում ենք, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ Ըստ գործակալության վերլուծաբանների՝ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ գրանցում է ուժեղ տնտեսական աճ, իսկ իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 7,4%-ով ։ 

Քառորդ դար է, ինչ չեմ դադարում ու չեմ հոգնում բացատրել, թե ինչ է տնտեսական աճը և ինչով է տարբերվում տնտեսական զարգացումից։ Ցավում եմ, որ այդ առնչությամբ մեզանում դեռևս ըմբռնում չկա։ 
Ուժեղ տնտեսական աճ։ Երևանյան աղբամաններում քուջուջ անողներն էլ կկարծեն, թե իրենք էլ են ուժեղ աճելու․․․ 
Կներեք, պատերազմների և համաճարակների ժամանակ «ուժեղ աճում» են․․․գերեզմանները․․․
Ծաղրում են, ծաղրում են միջազգային հարաբե­րութ­յունների սուբյեկտ հանդիսացող պետությանը։ Իրենք լավ էլ հասկանում են, որ եռանիշ տնտեսական աճն էլ ոչինչ է Հայաստանի նման երկրների պարագայում, եթե դրա ինչ-որ մասը զարգացման տարր չի պարունակում։ 

Ոչինչ է այն իմաստով, որ զարգացման գործընթացներն անշրջելի չեն դառնում։
Ոչինչ է, որովհետև երկրի տնտեսական ներուժը չի մեծանում։
Ոչինչ է, որովհետև դրա հիմքում նորարարությունները չեն։
Ոչինչ է, որովհետև տնտեսական անվտանգության, հետևաբար, ազգային անվտանգության խնդիրները չեն լուծվում։
Ոչինչ է, որովհետև բնակչության եկամտային աղքատությունը չի հաղթահարվում, ինչով վտանգվում է դեռևս խորհրդային տարիներից ժառանգված մարդկային զարգացման մակարդակը։

Հ․Գ․ Fitch Ratings-ի վերլուծաբանների մեկնաբանություններում նկատվում են երրորդ երկրներին կամ նրանց հետ ՀՀ հարաբերություններին առնչվող տեսակետներ, սադրող կարծիքներ, որոնք տարակուսանք են առաջացնում։ Գուցե, ժամանա՞կն է անտեսել նմանատիպ RATING-երը և զբաղվել երկրի զարգացմամբ կամ, գոնե, վատագույն (լավագույնը F-35-ն է և միջուկային զենքը) դեպքում ՝ F-16-եր ձեռք բերելով․․․Թեպետ դա անհնար է, որովհետև F-16-եր վաճառվում են միայն ցեղասպան պետություններին․ Թուրքիա, Գերմանիա, Իսրայել․․․

Գագիկ Վարդանյան
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար