Հերթական մղձավանջին սպասելով...

Հերթական մղձավանջին սպասելով...

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի Սյունիքի մարզ է հրավիրել Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի հատուկ փաստահավաք խմբին: Այցի նպատակը հերթական անգամ Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը փաստարկելն է: Թե ինչ կտա հերթական այդ փաստարկումը Հայաստանին՝ դժվարանում եմ կռահել: Վստահ եմ, որ նույն պատասխանը կտար նաև Թաթոյանը՝ եթե անկեղծ պատասխաներ այդ հարցին: Բայց Արման Թաթոյանի կողմից արվածն, այնուամենայնիվ, ունի որոշակի արժեք: Լրացուցիչ մեկ անգամ ևս արևմտյան ժողովրդավարությանը (վայ այդ ժողովրդավարությանը) հիշեցնել, որ 21-րդ դարում բոլորի աչքի առաջ ագրեսոր մի երկիր 120 հազար մարդու պահում է շրջափակման մեջ: Դա՝ մեկ և երկրորդ՝ նրա հիմնադրած Իրավունքի և արդարության կենտրոնը կարող է միայն այդ տիպի գործունեությամբ զբաղվել: Ինչը նշանակում է, որ «Թաթոյան» հիմնադրամն անում է այն, ինչ կարող է և պետք է անի:

Նույնը, դժբախտաբար, չեմ կարող ասել Փաշինյան Նիկոլի կողմից ղեկավարվող կառավարության առումով: Որպես պետության վերին գործադիր մարմին՝ կառավարությունն ունի ուժային լծակներ այս կամ այն հարցը լուծելու համար: Ներքին հարցեր լուծելու համար օգտագործվում է ոստիկանությունը, երբեմն նաև ԱԱԾ-ն, իսկ արտաքին խնդիրների դեպքում՝ բանակը, նույն ԱԱԾ-ն՝ ենթադրաբար ավելի մեծ մասշտաբով, սահմանապահները և այլն: Եվ կառավարության կողմից նույնն անելը՝ ինչ արվում է մասնավոր հիմնադրամի կողմից, խոսում է այն մասին, որ կառավարության ղեկավարն իր տեղում չէ: Եվ ոչ էլ իրենց տեղերում են կառավարության մնացած անդամները, որոնք հանդուրժում են այն հանգամանքը, որ իրենք ղեկավարվում են մի անձի կողմից, որն իր տեղում չէ: 

Իսկ կառավարությունը երկու անգամ արդեն հրավիրել է դիտորդների. երկրորդ խումբը դեռևս գործում է: Բայց արդեն հրավիրված արևմտյան դիտորդներից բացի ցանկանում է հրավիրել նորերին: Աչքիս նրան թվում է, որ դիտորդները դիրքապահների դեր են կատարելու: Եվ պետք է հետ պահեն թշնամի երկրի ղեկավարին սադրանքներ ու ագրեսիաներ իրականացնելուց: Եթե դա լիներ հենց այդպես, ապա այս պահին աշխարհում չէր լինի որևէ միջպետական բախում՝ էլ չեմ խոսում պատերազմների մասին: Իսկ մեր դեպքն այդ առումով ավելի քան դասական է՝ եվրոպական դիտորդները պետք է թույլ չտան, որպեսզի Եվրոպայի հուսալի գործընկեր Ադրբեջանն անի այն, ինչ բխում է իր շահերից: Եվ մեծ հաշվով՝ նաև իրենց ուղարկած երկրների շահերից: Դա կանվանեի միամտություն վերին «թռիչք»՝ դրսևորված Հայաստանը կառավարող և այն նույն Եվրոպայում ներկայացնող անձի կողմից: 

Բայց կարծում եմ, որ եվրոպացի դիտորդները չեն եկել Հայաստան՝ զուտ հեռադիտակով ադրբեջանական դիրքերին նայելու նպատակով: Արդեն գրվել է, որ նրանք մտնում են սահմանային բնակավայրեր ու հարցուփորձ են անում բնակիչներին նախկինում ադրբեջանական բնակիչների ու նրանց տների մասին: Իսկ Բաքվում էլ սկսել են բարձրաձայնել ադրբեջանցիների՝ դեպի իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու պահանջի մասին: Կարծում եմ, որ մի օր էլ կիմանանք, որ դիտորդները Բաքվի խանին ապահովել են անհրաժեշտ ողջ տեղեկատվությամբ: Իսկ հետո Նիկոլը մեզ «կավետի», որ, որ նրանք իրենց տները վերադառնալու իրավունք ունեն: Այլապես Ադրբեջանը մեզ կրկին կսպառնա պատերազմով: Իսկ քանի որ ինքը խաղաղությունից բացի այլ տարբերակ չի պատկերացնում, ապա ստիպված ենք բավարարել արևելքից թուրքերի հերթական պահանջը: Ու վարչապետի պաշտոնին կառչած անձի երազած 29800 քառ/կմ-ի ճակատագրի հարցը կվերածվի հերթական մղձավանջի: Դժբախտաբար: