Որ երկրները դեմ կլինեն Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը 

Որ երկրները դեմ կլինեն Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը 

Լեհաստանը, Հունգարիան եւ մյուս Արեւելա-Եվրոպական երկրներն ամենայն հավանականությամբ դեմ կարտահայտվեն, որպեսզի Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին, քանի որ չեն ցանկանա իրենց համար տնտեսական մրցակիցներ ստեղծել։ Այս մասին հայտարարել է հարավկորեացի փորձագետ Չժե Սուն Խունը։ Փորձագետը նշում է, որ Լեհաստանն ու Հունգարիան անմիջական տնտեսական կորուստներ կունենան Ուկրաինայի ԵՄ անդամակցությունից։ Այդ երկու երկրներում էլ, ըստ նրա, բազմաթիվ գերմանական եւ այլ Արեւմտա-Եվրոպական երկրների գործարաններ կան եւ կա մտավախություն, որ հենց որ Ուկրաինան անդամակցեց ԵՄ-ին, այդ գործարանները կարող են տեղափոխվել ավելի էժան աշխատուժ ունեցող Ուկրաինա։

Բացի այդ, եւ Հունգարիան, եւ Լեհաստանը հասկանում են, որ իրենց էկոնոմիկաների համար գյուղատնտեսությունը կարեւոր ոլորտ է։ Եւ եթե լեհ եւ հունգար գյուղմթերք արտադրողները ստիպված լինեն մրցակցել ուկրաինականի հետ, դա Վարշավայի եւ Բուդապեշտի համար լուրջ խնդիր կարող է լինել։ Ուկրաինան ԵՄ-ում այլ բանով չի կարողանա մրցակցել, քան գյուղատնտեսական մթերքներով, քանի որ արդյունաբերությունը բավականին տուժել է ներկայումս ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Ռուսաստանն, ըստ հարավ-կորեացի փորձագետի, իրեն է վերցրել Ուկրաինայի այն երկրամասերը, որտեղ հիմնականում կենտրոնացված էր ուկրաինական արդյունաբերությունը եւ որտեղ նաեւ հանքահումքային հզոր բազա կար։ Այդ երկրամասերից զրկված Ուկրաինային ԵՄ կազմ ներառելը Ռուսաստանի համար ամենայն հավանականությամբ «մեծ դժբախտություն» չի լինի։

Փորձագետը նկատել է, որ Ուկրաինայում մի շարք բնիկ ժողովուրդների էթնիկ ինքնության պահպանման հետ կապված լուրջ խնդիրներ կան եւ ոչ միայն Ռուսաստանն ու Հունգարիան են դրանով անհանգստացած, այլ նաեւ Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը։ Եւ պատահական չէ, որ հենց այդ մտահոգությունը մեջտեղ բերելով, Բուդապեշտը հայտարարել էր, որ չի աջակցի Կիեւի՝ դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ շարժի եւ ոչ մի քայլը։ Լեհաստանն էլ պատմական բնույթի իր հավակնություններն է ներկայացնում եւ հայտարարում, որ մինչեւ Վոլինյան կոտորածի զոհերի արտաշիրմում չլինի եւ առկա հարցերը չպարզաբանվեն մինչեւ վերջ, Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին անհնարին է։ Դրա համար էլ, ըստ Չժե Սուն Խունի, որքան էլ Եվրահանձնաժողովը աջակցի Կիեւի՝ ԵՄ անդամակցությանը, դա դեռ քիչ է նման իրավիճակի պայմաններում։