Բարեկեցության անկումը համադրելի չէ տնտեսական աճի ցուցանիշի հետ

Բարեկեցության անկումը համադրելի չէ տնտեսական աճի ցուցանիշի հետ

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հետ

- Պարոն Սարգսյան, նախօրեին ԱԺ-ում՝ 2021 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ, վարչապետն իր խոսքում նշեց, որ ապրիլին ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: «Ապրիլին աշխատատեղերի թիվը 664 հազար 736 է, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 123 հազար 308-ով, այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է եկել 123 հազար 308 նոր աշխատատեղ»: Դուք տեսնո՞ւմ եք մեր երկրում «աշխատատեղերի բացարձակ ռեկորդ»։

- Խնդիրը հետեւյալն է․ աշխատատեղերի հաշվարկը պետք է իրականացվի այն վիճակագրության հիման վրա, որով ամփոփվում է տարին, իսկ դա կազմակերպությունների ներկայացրած թվերն են։ Ես չեմ կարծում, որ այդ թվերի կտրվածքով լինեն հավելագրումներ, եւ թվաքանակը մեծացնեն արհեստականորեն, որովհետեւ դա իր հետ բերելու է նաեւ ամենատարբեր ոլորտներում՝ հարկային, վիճակագրական ծառայություններում, թվերի անհամապատասխանության։ Խնդիրը լրիվ ուրիշ տեղ է, ինչպիսի՞ն է այդ աշխատատեղերի որակական կազմը, եւ ի՞նչ գործոնների հաշվին են այդ ավելացումները տեղի ունեցել։ Մասնավորապես, այս ամիսների ընթացքում՝ ռուս-ուկրաինական պատերազմի եւ տարածաշրջանային այլ հանգամանքներով պայմանավորված, մենք ունեցել ենք միգրացիոն հոսքեր, որի արդյունքում տեղի է ունեցել աշխատատեղերի ավելացում, որի հաշվառումը կարող է լինել մի քանի ուղղություններով․ նախ, որ պարզապես տրոհվել է մեկ հաստիքային աշխատատեղը, եւ այսօր 2 հոգի կատարում են աշխատանքներ՝ ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ եւ ոչ ամբողջական հաստիքով։ Ահա, այս ճանապարհով կարող է ավելանալ աշխատատեղերի թիվը։

- Ըստ վարչապետի՝ կա նաեւ աշխատավարձի աճ, եւ «2018 թվականի ապրիլի նկատմամբ Հայաստանում աշխատող բոլոր մարդկանց վճարված աշխատավարձն ավելացել է 61 մլրդ 319 մլն դրամով կամ 65 տոկոսով»։ Բացի այդ՝ «ապրիլին հունվարի նկատմամբ միջին աշխատավարձի աճ ունենք 15 հազար 674 դրամով կամ 7,1 տոկոսով, որը որոշակիորեն հավասարակշռում է գնաճը»։ Արդյո՞ք այդպես է։

- Աշխատավարձերի բարձրացումը եթե փորձում ենք առաջընթացի դիտակետից նայել, պետք է մշտապես կարողանանք գնաճը համադրել տնտեսական ցուցանիշի հետ, որովհետեւ եկամուտների ավելացումը պետք է ծածկի այն ռեալ սպառողական բարիքների ծավալը, որը, պարենից սկսած մինչեւ կոմունալ վճարումներ, ամենատարբեր տուրքեր, ակներեւ հավելյալ աճ են ապահովել։ Այնպես որ, եթե մենք խնդրին նայում ենք բարեկեցության դիտակետից, ես չէի ասի, որ մենք նման ձեռքբերումներով պետք է իսկապես առաջընթաց արձանագրենք։ Դրանք մոտավոր թվեր են՝ ռեալ առաջընթացը չներկայացնող, եւ նման հատվածային, եռամսյակային թվերը չեն կարող տնտեսական պատկերն արտահայտել ու միտվել բարեկեցության բարձրացմանը։ Ինձ համար ակներեւ է այս տարվա ընդհանուր բարեկեցության անկումը, որը չի կարող համադրելի լինել տնտեսական աճի ցուցանիշի հետ։

- Ի դեպ, 2021 թվականի բյուջեից, ինչպես ընդգծեց վարչապետը, 120 մլրդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերին, եւ ցցուն կերպով նշեց, որ 2021 թվականին Արցախի ողջ բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

- Իմ արձագանքը հետեւյալն է՝ հետպատերազմական շրջանում շատ մեծ կորուստներ են եղել Արցախում․ տնտեսություն, սոցիալական պայմաններ, բնակարանաշինություն, այդ ծախսերը, բնականաբար, ավելացած պետք է լինեին, որը չգիտեմ ինչքանով է «յարա» բուժում՝ կներեք այդ տերմինի գործածման համար, որովհետեւ Արցախում մեծ ավերածություններից բացի, եղել են նաեւ մարդկային կորուստներ։

- Վարչապետն ընթացիկ տնտեսական վիճակը համարել էր լավատեսական, այն է՝ «առաջին եռամսյակի տվյալներով, մենք 8,6 տոկոս տնտեսական աճ ունենք, իրական աճ, իսկ առաջին 4 ամսվա տվյալներով՝ 9,4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը շատ լավատեսական ցուցանիշ է»։          

- Այսօր բավարարվել համախառն ներքին արդյունքի տնտեսական աճի ցուցանիշով, բավարարվել տնտեսական ակտիվության ցուցանիշով, այն էլ՝ եռամսյակի կտրվածքով, չի կարելի՝ շատ պարզ պատճառով, որ այդ պրոցեսները շոկային են իրենց բնույթով, եւ պետք է տնտեսական աճը դիտարկել շարունակականության մեջ՝ առնվազն մեկ տարվա կտրվածքով։ Ավելին, ես կասեի՝ տնտեսական աճն այսօր ՀՆԱ-ի ցուցանիշով անբավարար է, այդ մասին տարիներ առաջ դեռեւս Դավոսի կոնֆերանսում համապատասխան ռեզոլյուցիան կյանքի կոչվեց, այն առումով, որ մենք պետք է անցում կատարենք եւ ռեալ գնահատականներ ունենանք ինքլյուզիվ ներառական տնտեսական աճի բնութագրով, իսկ ներառական տնտեսական աճն ընդհուպ մինչեւ սերունդների համերաշխություն է իր մեջ ներառում, արտադրողականության շատ կարեւոր ցուցանիշ եւ այլն բաղադրիչները շատ են՝ մեկ տասնյակից ավելի։ Եվ եթե մենք իսկապես փորձում ենք լուրջ գնահատական տալ տնտեսական իրողություններին, պետք է առաջնորդվենք այդ ցուցանիշներով եւ տնտեսության մասին համապարփակ ու ընդհանրական նկարագիր ունենալու համար կարողանանք առաջնորդվել նման ինդիկատորներով ու գործիքներով, որովհետեւ այսօր բավարար չէ ասել՝ 8 եւ ավելի տոկոս տնտեսական աճ ունենք եւ բարեկեցության համադրելի ցուցանիշ, դա առնվազն ազնիվ չէ՝ տնտեսագետի դիրքորոշումներից ելնելով։

- Համաձայն 2021 թվականի բյուջեի կատարողականի՝ «դեպի Հայաստան ուղեւորահոսքերն էականորեն աճում են, եւ արդեն բավական լավատեսական ցուցանիշներ են ի հայտ գալիս, երբ Հայաստան ժամանողների եւ մեկնողների սալդոն դրական է՝ հօգուտ ժամանողների»:

- Մենք անցած տարի ունեցել ենք շատ վատ պատկեր, եթե խոսքն «աննախադեպի» մասին է, մենք պետք է հիշենք, որ անցած տարի՝ հետպատերազմյան շրջանում, միգրանտների թվաքանակի 70 հազարից ավելի բացասական սալդո ենք ունեցել, որը որեւէ կերպ չի կարող ունենալ բացատրություն, երբ մենք պետք է պայմաններ ստեղծեինք երկիր մարդկանց ներհոսքի համար։ Հիշենք բոլոր նախընտրական ծրագրերը՝ իհարկե, հաշվի առնելով նախա եւ հետպատերազմյան իրավիճակները։ Եվ եթե մենք մտահոգված ենք տնտեսությունում իրական պատկերը գրանցելով, չպետք է եռամսյակների կտրվածքով, հատվածային ինչ-որ թվերի մեջբերումներ կատարենք։ Մենք պետք է կարողանանք միտումները, նախադրյալները տեսնել, որոնք կապահովեն հարաճուն տնտեսական աճ, որը պայմանավորված կլինի ներդրումներով տնտեսությունում, կառուցվածքային փոփոխություններով եւ արտադրողականության բարձրացմամբ։

- Բայց վարչապետն ասում է, որ մենք տնտեսական կոլապս չենք էլ ունեցել։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ «մենք կառավարություն ենք, որ, ըստ էության, տնտեսությունից չենք կորզում գումարներ, այլ, հակառակը, հնարավորինս շատ գումար ենք վերադարձնում»։

- Առանձին գործոնները կարող են ունենալ ընդամենը հատվածային դերակատարում, եւ դրանցով երբեք չպետք է խոսել միտումների կամ նախադրյալների մասին։ Թե որքանով են կայուն այդ դրսեւորումները եւ միտումները, որքանով դրանք կլինեն շարունակական, էապես պայմանավորված է լինելու վերը թվարկված հանգամանքներով։ Մենք որքանով կկարողանանք այդ նախադրյալները ստեղծել՝ դրանով պայմանավորված կլինեն վաղվա տնտեսական աճն ու բարեկեցությունը։ Մենք այսօր տնտեսական աճի հետ մեկտեղ շատ ինտենսիվ քննարկման առարկա պետք է դարձնենք մեր անվտանգային խնդիրները, ես կասեի՝ ընդհուպ մինչեւ տնտեսական աճը ստորադասելով նման խնդիրներին։ Այսօր անվտանգային գործոնն աննախադեպ մեծ կարեւորություն է ստացել, մենք պետք է կարողանանք ամբողջական սպեկտրով անվտանգային խնդիրները դիտարկել եւ ո՛չ մեկուսի, դիցուք, այսօր չենք կարող տնտեսական անվտանգության մասին խոսել, եթե քննարկման առարկա չենք դարձնում քաղաքական, իրավական, էթնո-մշակութային եւ ռազմական անվտանգությունը, այդ թվում՝ դիվանագիտությունը, որը կարող է ռազմական անվտանգության բաղադրիչներից մեկը դիտարկվել։ Խնդրի համապարփակ դիտարկումն այսօր դարձել է կոնկրետ մեզ՝ համալսարանական տնտեսագետներիս համար կարեւոր խնդիր, եւ այդ նպատակով նույնիսկ իրականացնում ենք սեմինարներ։