Նողկալի, անաստված, անհայրենիք մոտեցում՝ սգո երթին գոռալ՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ»

Նողկալի, անաստված, անհայրենիք մոտեցում՝ սգո երթին գոռալ՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ»

Ընդդիմությունը որոշել է մնալ Հանրապետության հրապարակում այնքան ժամանակ, մինչեւ որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Երեկ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, հրապարակում մարդիկ գիշերեցին՝ անտեսելով ցուրտն ու վատ եղանակը։ Նրանք վրաններ էին խփել, վառարան էին բերել, որ տաքանային, ու ձեռքի հետ կարտոֆիլ էին խորովում, թեյ խմում, մի խոսքով՝ այս ցուրտ ու դժնդակ օրերին գիշերը Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների համար անցել էր բավականին ջերմ մթնոլորտում։

Գիշերը հրապարակում լուսացրածներից մեկն էլ ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյանն է, ով ասաց, որ գիշերը բավականին աննկատ է անցել, քաղաքացիները մեքենաներով անցել, ազդանշան  են տվել, ողջունել են իրենց, մոտեցել են, հարցրել՝ ինչի կարիք ունեն։ Եղել են նաեւ սադրանքներ, որոնք, ըստ Հայկի, իշխանության կողմից ուղարկված սադրիչների ձեռքի գործն է, բայց նրանք արագ մեկուսացվել են ոստիկանության կողմից։

«Որովհետեւ նորմալ տրամաբանող քաղաքացին՝ շատ լավ, եթե պաշտպանում է Փաշինյանին, ես տրամաբանություն չեմ տեսնում՝ գնալ այն ցույցի վայրը, որտեղ գտնվում են Փաշինյանին ընդդիմադիր մարդիկ, ու փորձել նրանց հետ վեճի բռնվել։ Դա տրամաբանությունից դուրս երեւույթ է»,- ասաց Մամիջանյանը։

- Փաշինյանին պաշտպանելու մեջ տրամաբանություն տեսնո՞ւմ եք։

- Էն մարդիկ, որոնք փողով սիրում են պարոն Փաշինյանին, թող լավ գիտակցեն, որ փողով սիրելը շատ հայտնի մասնագիտություն է, ընդ որում՝ ամենահին մասնագիտություններից մեկը, խոսքն էն մարդկանց մասին է, որոնք փողով են սիրում Փաշինյանին։

- Ովքե՞ր են այդ մարդիկ։

- Ուղարկված սադրիչները, որոշ պատգամավորների բարեկամները, մարդիկ, որոնք իբրեւ թե կռվել են Արցախի այսինչ մարզում, բայց խառնում են մարզերը։ Մարդիկ, որոնք ներկայանում են իբրեւ ազատամարտիկներ՝ ասելով, որ հենց նոր իջել են Հադրութից, այնինչ Հադրութը հայկական ուժերի վերահսկողությունից դուրս էր եկել շատ վաղուց։

- Բայց կարծում եք՝ գումարի դիմա՞ց են այդ ամենն անում։

- Կամ ինչ-որ պաթոլոգիկ ինքնախարազանման, ինքդ քո նկատմամբ նզովքների եւ հայհոյանքների մագնիսական դաշտ ստեղծելու մոլուցք է, դա արդեն այլ պատմություն է։

- Պարզապես հիշում եմ, որ ձեր իշխանությանն էին մեղադրում, ասում էին, որ ՀՀԿ-ին սիրում են փողի համար՝ ընտրում են փողով։

- Դե, եկեք իրար հետ համադրենք՝ ՀՀԿ-ն իշխանության չի 2018 թվականից, ես պատիվ ունեմ ղեկավարելու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության թիմը, էնտեղ հավաքված են մեծ քանակությամբ երիտասարդներ, որոնք ամենատարբեր, ամենատաժանակիր ակցիաները եւ գործողություններն են իրականացնում էս երկու տարվա ընթացքում՝ մեր համաքաղաքացիների աչքերը բացելու համար։ Դա, կարծում եմ, նաեւ մեր մի շարք գործողությունների շնորհիվ հաջողվել է։

- Եվ դա անում են առանց փողի, առանց նյութական շահի, բացառապես գաղափարակա՞ն հողի վրա։

- Իհարկե, ոչ։ Եթե Դուք կկարողանաք գտնել որեւէ մարդ, ով ՀՀԿ որեւէ ներկայացուցչից, առավել եւս՝ ինձնից, ստացել է գումար՝ ցույցի կամ որեւէ գործողության մասնակցելու համար, ես մեծ սիրով կդադարեմ քաղաքականությամբ զբաղվել, կզբաղվեմ պակաս նյարդային գործով։

- ՀՀԿ երիտթեւը շատ ակտիվ է այս միտինգներին, ակցիաներին, եւ տպավորություն է, որ դուք հատուկ առաջ եք մղվում, որ ցույց տաք՝ դուք եք շարժումն առաջ տանում, որպեսզի վաղը, երբ շանս լինի գալ իշխանության, օգտագործեք այս փաստն ու դրա հիման վրա նաեւ ձեր բաժինը ստանաք իշխանության մեջ։

- Նախ՝ եկեք սահմանազատենք մեր երիտասարդական կազմակերպությունն ու մեր քաղաքական ուժում հավաքված մարդկանց, որոնք ունեն հետագիծ, փորձառություն եւ գիտելիք, որի հիման վրա մասնավորում եւ պետական ապարատում իրենք ստանձնելու են իրենց աշխատանքը։ Եվ, ի տարբերություն «քայլի» պատգամավորների, որոնց CV-ն, էն դեղին կպչուն թղթիկները, որ կան...

- Կներեք, ո՞ւմ քայլի։

- Իրենց քայլի, որոնց CV-ն էն դեղին կպչուն թղթիկների վրա տեղավորվում է, վերցնում էին էդ դեղին, կպչուն թերթիկն ու իրենց բակի փողոցը, որն իրենք փակել էին, էդ ֆոտոն տանում-դնում էին Փաշինյանի սեղանին ու ասում էին՝ գոնե պատգամավոր լինենք։ Մենք նման խնդիր չունենք, սա՝ մեկ։ Երկրորդ․ որեւէ ինչ-որ բաժանում չկա, ես չեմ հաշվում, թե որ ակցիայի իրականացման համար որ քաղաքական ուժն ինչ գործառույթ է իրականացրել, թեպետ՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի փորձը, ինստիտուցիոնալ կայացվածությունը՝ որպես հին կուսակցություն, որպես կառույցներ եւ ստորաբաժանումներ աշխատեցրած կազմակերպություն, բնականաբար, մեզ մոտ էդ ամեն ինչն ավելի ինստիտուցիոնալ է տեղի ունենում։ Իսկ ինչ վերաբերում է առաջին շարքում կանգնելուն, եթե կադրերին ուշադիր լինեք, ես եւ իմ ընկերներն առաջին շարքերում ենք լինում, երբ որ կա ինչ-որ լուծելու խնդիր, երբ որ կարող է լինել ընդհարում։ Մնացած բոլոր դեպքերում ես բացարձակ չունեմ առաջին շարքերում կանգնելու մոլուցք։

- Մրցակցություն չկա՞ շարժման մասնակից քաղաքական ուժերի միջեւ։

- Տեսեք, Հայրենիքի փրկության շարժումը քաղաքական շարժում չէ, ես էդտեղ չեմ գնում քարոզարշավի՝ հետագայում լավ կադրեր ստանալու համար, որ հետո ցույց տամ, թե ինչ սիրուն եմ ռուպր պահում։ Բոլորը գիտեն, թե ես ինչ սիրուն եմ ռուպր պահում ու ինչքան բարձր ձայն ունեմ։ Մենք էդտեղ փորձում ենք վերականգնել մեր արժանապատվությունը, եւ էդ արժանապատվության վերականգնման ընթացքում մրցել, թե ով ավելի հայրենասեր է, մի տեսակ էդքան էլ ճիշտ չէր լինի։ Էնպես որ՝ նման մոլուցք մենք չունենք, հուսամ՝ որեւէ մեկը մեր շարժման մասնակիցներից նման բանով չի տառապում։

- Հուսանք։ Ինչո՞ւ ընդդիմության ցույցերին շատ մարդ չի հավաքվում, Հայաստանի էլիտան այդքա՞ն է։

- Նախ՝ Փաշինյանը սովորություն ունի բաժանելու հայ հասարակությունը՝ սեւ-սպիտակ, նախկին-նոր, հիմա էլ դարձրել է էլիտա ու իր կողմնակիցներ։ Նախ, եթե իր կարծիքով մտածող մարդիկ էլիտա են․․․

- Բայց այս անգամ վատ ձեւակերպում չի տվել։

- Չէ, ես չեմ ասում՝ վատ ձեւակերպում է տվել, բայց չեմ պատրաստվում էն մարդուն, որ ասում է՝ Փաշինյանն այսինչ բանը լավ է արել, էդ մարդուն անվանել «ժեխ», որը հիմա շատ շրջանառվող բառ է։ Ես խնդիր ունեմ էն մարդու հետ, ում համար «օքեյ» է, որ զոհերի հիմնական պատճառ հանդիսացող Փաշինյանի հետ գնա Եռաբլուր։ Էդ մարդու հետ ես խնդիր ունեմ, այո։ Բայց ես, միեւնույն է, չեմ ուզում հասարակությունը կիսել։ Էդ մարդն ապրում է հասարակությունը կիսելով, որովհետեւ իր ամբողջ քաղաքական օրակարգն ատելության վրա է հիմնված։ Հիմա անդրադառնանք ցույցերին։ Դրանք 2018 թվականից այս կողմ երեւի ամենաբազմամարդ ցույցերն են։ Եթե հանենք Փաշինյանի մեկ ցույցը, դե, մենք ունիկալ վարչապետ ունենք, չէ՞, 100 օրվա ամփոփումը ցույցով էր անում, ինքն իր դեմ հանրահավաք էր անում հրապարակում, եւ եթե էդ մի հանրահավաքը հանենք, թերեւս ամենամարդաշատներն են։ Բնականաբար, ինձ համար նույնիսկ վիրավորական է համեմատել Փաշինյանի երթը դեպի Եռաբլուր եւ դրա նախորդ օրը Շարժման իրականացրած մոմավառություն-երթը, թեպետ մեր մոմավառությանը շատ ավելի շատ մարդ էր մասնակցում։ Եվ հաշվի առնելով, թե Փաշինյանն ինչ վարչական ռեսուրս է օգտագործել, հարկադրանք եւ այլն, եւ այլն, բայց էդ նողկալի, անաստված, անհայրենիք մոտեցումը՝ Եռաբլուր գնալու սգո երթի շղարշի տակ անցկացնել «Նիկո՛լ, վարչապե՛տ» գոռոցները... Դա էն կարմիր գծերից էր, որ ես մտածում էի՝ Փաշինյանը երբեք չի անցնելու։ Բայց Փաշինյանը, գիտե՞ք, կա հատակ եւ կա էն ամենը, ինչ ամեն օր անում է Փաշինյանը։ Ինքը երբեք չի դադարելու, ինքը հենց հասնում է հատակին, փորում՝ ավելի խորն է ընկղմվում։