Արտերկրի փոխարեն՝ բանակ․ ի՞նչ է արգելված ուկրաինացի պաշտոնյաներին

Արտերկրի փոխարեն՝ բանակ․ ի՞նչ է արգելված ուկրաինացի պաշտոնյաներին

Ուկրաինայի իշխանություններն արգելել են Գերագույն Ռադայի պատգամավորներին ու երկրի պաշտոնյաներին մեկնել արտերկիր, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գործուղումները կարգավորող օրենսդրությունը վերջնական տեսքի չի բերվել։

Պարբերականի՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի աղբյուրը նշել է, որ որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ «կորցրել են կապն իրականության հետ»։

«Համապատասխան մարմինները» «շատ ուշադիր կստուգեն ճամփորդական փաստաթղթերը, հրավերները, ճամփորդությունները եւ այլն», նշել է Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը։

Բացի այդ, ըստ պաշտոնյայի, արտասահմանյան ոչ աշխատանքային ուղևորության համար «առանձնապես սկանդալային մարդիկ» կարող են կորցնել մանդատը և ծանուցում ստանալ զինկոմիսարիատ։

«Ուկրաինսկա պրավդան» գրում է նաև օրերս շրջանառավող չհաստատված տեղեկությունների մասին, ըստ որոնց՝ հանձնարարական է ուղարկվել սահմանային անցակետեր՝ պատգամավորներին և պաշտոնյաներին երկրից չթողնել։ 

Հիշեցնենք, որ օրերս Գերագույն Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության կոմիտեի ղեկավար Յուրի Արիստովին նկատել էին Մալդիվյան կղզիների հինգաստղանի Waldorf Astoria Maldives հյուրանոցում։ «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ եթե այս տեղեկությունը հաստատվի, պատգամավորը կզրկվի մանդատից։ Ի վերջո, Արիստովը իր իսկ դիմումի համաձայն դադարեցրել է պատգամավորական լիազորությունները։