«Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը կկրճատի զբոսաշրջության, առևտրի ծավալները

«Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը կկրճատի զբոսաշրջության, առևտրի ծավալները

Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում է ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ Պատճառն ամերիկյան պատժամիջոցներն են։

Ավելի վաղ՝ մարտի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Հավանաբար ԿԲ-ն փորձեց տպավորություն ստեղծել, թե որևէ ճնշում, կամ պարտադրանք բանկերի վրա չկա և «Միր»-ից հրաժարվելը զուտ բանկերի որոշումն է։

«Միր» քարտերի սպասարկումից այսօր չի հրաժարվել միայն ռուսական «ՎՏԲ-Հայաստանը»։ Մյուս առեւտրային բանկերը հրաժարվել են` փաստի առաջ կանգնեցնելով ՌԴ քաղաքացիներին եւ «Միր» քարտի բոլոր մյուս քարտապաններին: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս քայլը Հայաստանի համար։ 

Բիզնեսի և ֆինանսական հարցերով խորհրդատու Տիգրան Սարաֆյանը, ուսումնասիրելով նույն ԿԲ վիճակագրական տվյալները, դրանց հիման վրա հաշվարկներ է կատարել։ Ըստ դրանց, 2021 թվականին օտարերկրյա անձանց կողմից կատարված գործարքները դրամական արտահայտությամբ կազմել են 9 մլրդ 508.58 մլն դրամ, 2022-ին գումարն ավելացել է 13,3 անգամ` հասնելով 126 մլրդ 503.7 մլն դրամի։ Իսկ 2023 թվականին օտարերկրացիները 138 մլրդ 999.1 մլն դրամի գործարքներ են արել, այսինքն՝ 9.9 տոկոսով ավելի 2022-ի համեմատ: 

«Կարծում եմ, «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը կազդի թե զբոսաշրջության, թե առևտրի, թե հանրային սննդի ու տարբեր այլ ծառայությունների իրացման շրջանառությունների վրա, կկրճատի դրանք, նաև լրացուցիչ ծախսերի հանգեցնելով տարբեր գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։ Օրինակ, առանձին պոս- տերմինալի գնում ու տեղակայում, որը միայն կաշխատի ՎՏԲ բանկի հետ «Միր» քարտերի սպասարկումն ապահովելու համար: Մյուս կողմից կարծում ենք, որ դա կազդի ռուսաստանաբնակ հայրենակիցների հայաստանյան այցերի հաճախականության վրա, հոգեբանական ազդեցություն գործելով։ Բացառված չէ, որ սա նաև այդ նպատակով է արվում, իսկ դա արդեն էական դժգոհությունների առիթ է, եթե հաշվի ենք առնում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների թիվը ու հարաբերությունների բնույթը», - ասում է ֆինանսիստը։ 

Հիշեցնենք՝ «Միր» քարտերն ընդունվում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում, նաև ԱՄՆ-ի հետ վատ հարաբերություններ ունեցող Վիետնամում, Կուբայում, Վենեսուելայում։ 2022 թվականին Ղրղզստանի և Ղազախստանի խոշոր բանկերը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան` սանկցիաների սպառնալիքից դրդված հրաժարվել են «Միր» քարտերից։