Մենք գնում ենք հաղթելու և կոալիցիաների մասին քննարկում այս փուլում չենք ունեցել

Մենք գնում ենք հաղթելու և կոալիցիաների մասին քննարկում այս փուլում չենք ունեցել

Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններ են։ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների թեկնածուների անունները։ 

Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 14 քաղաքական ուժ` 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Նրանցից մեկը «Ազգային առաջընթաց» կուսակցությունն է, որի ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը։ 

Մենք զրուցել ենք ցուցակի երրորդ համարի ավագանու թեկնածու Իզաբելլա Աբգալյանի հետ։

-Ինչո՞ւ որոշեցիք երկրորդ անգամ մասնակցել  Երևանի ավագանու ընտրություններին և կրկին Հայկ Մարությանի հետ։ 

-Որոշումս կրկին մտնել ընտրապայքարի մեջ պայմանավորված է անհանգստությամբ քաղաքի համար` որպես գործող ավագանու անդամ տեսնելով, թե ինչ էր կատարվում Մարությանի հրաժարականից հետո, ում ձեռքերում կարող է հայտնվել քաղաքը, ինչ է տեղի ունենում 2018֊ից սկսած և մեծ դժվարություններով հասած` քաղաքի ձեռքբերումների հետ։ Թե ինչու հենց Հայկ Մարությանի հետ, կարծում եմ, ակնհայտ է. աշխատել եմ իր հետ, գիտեմ նպատակները, շարժառիթները, որոնք համընկնում են իմ սպասումներին։

-Հասարակության մի մասի կողմից կա կարծիք, որ իշխանական թեկնածուն իրեն է վերագրում վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացված աշխատանքերը, այնինչ շատերը պնդում են, որ կան աշխատանքներ, որոնք արվել են Մարությանի ժամանակ։ Ընդունու՞մ եք այս կարծիքները, և եթե այո, կմանրամասնե՞ք՝ ինչ աշխատանքներ են արվել, որ այսօր իշխանության թեկնածուն վերագրում է իրեն։ 

-Մեր քաղաքացիները, կարծում եմ, որ շատ լավ հիշում են, թե ով ինչ է արել, ինչն էլ արձանագրում են։ Արված աշխատանքները լուսաբանվել են` զրոյից նոր համայնքային կազմակերպությունների ստեղծումից մինչև առանձին ոլորտների գործունեության տրամաբանության բարոփոխումներ, համայնքային բյուջեից  քաղաքացիների առաջարկած նախագծերի իրականացում և այլն։

-Վստահ եմ՝ դիտել եք Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո ներկայացումը։ Այդտեղ Հայկ  Մարությանը  հրապարակեց  քաղաքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցների թիվը, որը կազմում է շուրջ 35000 ։ Այս փաստը հրապարակելը պատահակա՞ն էր, թե՞ ակնարկ, որ իշխանությունները արդեն ընտրություններում ունեն 35000 ձայն, որն հետո օգտագործելու են։ 

-Ներկայացումը դիտել եմ, բայց չեմ կարող ասել` ինչ նկատի ուներ, քանի որ չեմ հարցրել այդ մասին։ Իմ կարծիքով, մարդը քվեախցում ազատ է և  ունի հնարավորություն քվեարկել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում։

- Ի՞նչ կշահեն Երևանը և երևանաբնակները ձեր հաղթանակից։ 

-Կարծում եմ՝ երևանցիներն արդեն իսկ ծանոթ են թե քաղաքապետ Մարությանի, թե իմ` որպես ավագանու անդամի աշխատաոճին և նվիրմանը քաղաքին։ Ուստի, կարող եմ ընդամենը խոստանալ, որ շարունակելու ենք, չենք փոխել մեր տեսակն ու սկզբունքները մինչ այս, չենք փոխի և հետագայում։ 

- Որքա՞ն եք  գնահատում ձեր հաղթանակի շանսերը։

-Մենք գնում ենք հաղթելու և կոալիցիաների մասին քննարկում այս փուլում չենք ունեցել։

-Ո՞վ  է ձեր հիմնական մրցակիցը։

-Սխալ է որևէ մեկին հիմնական մրցակից հռչակելը, քանի որ անեն օր, ամեն ժամ կարող է  իրավիճակ փոխվել։ 

Կարեն Քերիմյան