Բոլոր ասպարեզներում մանր-մանր խուլիգանություններով գնում ենք կործանման

Բոլոր ասպարեզներում մանր-մանր խուլիգանություններով գնում ենք կործանման

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը, ով, ի դեպ, մեկ տարի առաջ ընդդիմության կողմից առաջադրված ՀՌՀ անդամի թեկնածուն էր:

- Պարոն Բադալյան, երբեմնի «ամենադեմոկրատ» իշխանությունները, որոնք առիթը բաց չեն թողնում հասարակության աչքը մտցնելու համար, թե Հայաստանը 2018-ից ի վեր վերածվել է ժողովրդավարության բաստիոնի, օրեր առաջ ընդդիմադիր հեռուստաընկերություններին` «Երկիր մեդիային» եւ Հ2-ին, զրկեցին հանրապետական սփռման իրավունքից: ՀՌՀ-ն ամենացածր միավորները նշանակեց վերոնշյալ TV-ներին՝ գերադասելով «Կիսաբաց լուսամուտներ», հնդկական ու հայկական անորակ հեռուստասերիալներ ցուցադրող TV-ներին: Ընդդիմությունը Ձեզ առաջարկում էր ՀՌՀ անդամի պաշտոնում, իշխանությունը տապալեց դա՝ իր հերթական կամակատարին մտցնելով հանձնաժողով։ Ի՞նչ կասեք այս գործընթացի մասին։

- Ցանկացած ոլորտում այսօր այս վիճակն է: ՀՌՀ-ի այս ընտրությունն էլ այդ տրամաբանությամբ էր…. Ցանկացած ոլորտում նման «ժողովրդավար» որոշումներ են ընդունվում: Արդեն անգամ դժվարանում եմ խոսել այս ճղճիմ գործողությունների մասին: Սրանք ճղճիմ քայլեր են, պարզապես այլ անուն տալ չեմ կարող: Պատճառը սա էր, որ հանձնաժողովը համալրելու ժամանակ այդքան մեծ ուշադրություն էին դարձնում, որ հանկարծ մի օբյեկտիվ հայացք ունեցող մեկն այդ շարքերում չհայտնվի: Ինձ երբեք ու երբեք չի հետաքրքրել, թե որ ԶԼՄ-ն ինչ քաղաքական հայացքներ ունի, դիտարկել եմ այլ համատեքստում: Իմ կոլեգաներն էլ կարող են այդ մասին փաստել: Շատ տարօրինակ է, որ մարդը կարող է այս աստիճան մանրանալ, մանրանալ այնքան, որ դիմի նման խուլիգանությունների: Թեպետ այս մի խուլիգանությունը մեծ աղետի համեմատ ոչ մի բան է: Բոլոր ասպարեզներում մանր-մանր խուլիգանություններով գնում ենք կործանման:

- Հակոբ Մովսես, Արթուր Մանուկյան, Դավիթ Ամալյան, Ռոլանդ Շառոյան, Գոհար Մամիկոնյան, Վլադիմիր Օհանյան. ովքե՞ր են այս մարդիկ, որ TV-ների ճակատագրերը որոշեն: Ի՞նչ են արել իրենց կյանքում եւ ինչո՞ւ են հեռուստատեսության ոլորտն այսպես աղճատում:

- Իհարկե, ես կցանկանամ ձեռնպահ մնալ նրանց մասին խոսելիս, քանի որ կարող է կարծիք ձեւավորվել, որ անդամ չդարձա, քննադատում եմ իրենց: Եթե անկեղծ՝ ես այդ առաջարկն ընդունել էի զուտ ընդդիմադիրների առաջարկը չմերժելու համար, այնպես չէ, որ ես պատկերացնում էի նման հանձնաժողովի հետ իմ աշխատանքը: Թե ինչ հանձնարարություններ են ստանալու նրանք, ես դա վաղուց էի ենթադրում…. Հիշում եմ, որ ԱԺ-ում քննարկման ժամանակ շատ երիտասարդ մի քանի աղջիկ, որոնց անգամ չեմ ճանաչում, չգիտեմ, թե ովքեր են, ինչ ճանապարհ են անցել, ինձ ասացին, որ ես դասախոսությունների ժամանակ այս կառավարությանն եմ քննադատում, օրինակներ էին բերում…. Նախկինում, երբ պաշտոն ունեի, անգամ այդ ժամանակ չէի խորշում օրվա իշխանությանը քննադատելուց: Մշտապես խոսել եմ սխալների, թերացումների եւ կառավարության բացերի մասին: Այսօր էլ եմ այդպես անում: Ինձ նաեւ ասացին, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում աշխատանքային փորձ չունեմ, եւ ընտրեցին ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյան անունով մի կնոջ, որը եւս փորձ չուներ այդ ոլորտում: Հիմա այդ ամենը հիշելով՝ դեմքիս միայն ժպիտ է առաջանում: Մարդ չպետք է այդ աստիճան երկակի ստանդարտներով ապրի….

- Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն էլ «Ա1+» հեռուստաընկերությունը փակեց, ինչին ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանը շատ քննադատաբար էր վերաբերվում, իր թերթի էջերում քննադատում էր այն ժամանակվա ՀՌՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, Քոչարյանին բռնապետ էր անվանում եւ այլն: Հիմա նույն բանն ինչո՞ւ է հենց Փաշինյանն անում:

- «Ա1+»-ի դեպքերը եւս հիշում ենք, դա եւս անընդունելի էր: Վատ էր, որ փակեցին «Ա1+»-ը, շատ ավելի վատ է, որ փակում են «Երկիր մեդիան» ու Հ2-ը: «Հրապարակ» օրաթերթին էլ ամեն օր դատի են տալիս իշխանավորները: Դա փաստում է այս իշխանությունների փոքրոգությունը, այդքան մի բան: ԶԼՄ-ների նկատմամբ այս վերաբերմունքը ցույց է տալիս օրվա իշխանության թուլությունը: Փոխանակ զբաղվեն իրենց գործով, բանուգործը թողած՝ ԶԼՄ-ների հետեւից են ընկել: Ամեն դեպքում՝ զարմանալի ոչինչ չկա: Նրանց իշխանության գալու առաջին իսկ օրվանից խոսվել է «իզմ»-երի բացակայության մասին, իսկ «իզմ»-երի բացակայությունը վկայում է բոլոր տեսակ արժեքները վերացնելու մասին։