Թիրախներ ու շահարկում

Թիրախներ ու շահարկում

Իհարկե, բնական է, որ վտանգի պահերին մարդկանց ինքնությունը մղվում է առաջին պլան, մարդիկ դառնում են զգացմունքային, հերոսականություն է հայտնվում նրանց վարքագծում։ Բայց դա միայն սովորական քաղաքացիներին է վերաբերում։

Բոլոր նրանք, ովքեր փորձում են դիվիդենտներ շահել, շահարկել մարդկանց նվիրական զգացումներն ու խաղալ ժողովրդի հոգու նուրբ լարերի վրա, բարոյականությունից հեռու մարդիկ են։ Այս օրերին նման շահարկումների եւ շահարկողների պակաս չկա։

Բոլորը փորձում են մի բան «պոկել» այս իրավիճակից․ կուսակցությունները պաթոսախեղդ հայտարարություններ են անում եւ ի ցույց դնում իրենց սերն առ ժողովուրդ։ Անհատ անձինք լալահառաչ տեքստեր ու ստատուսներ են գրում։ Իշխանությունը փորձում է հաղթանակին տեր դառնալ եւ իր ռեյտինգը բարձրացնել։

Ընդդիմությունը ցույց է տալիս, թե ինչքան հայրենասեր է, եւ այս փուլում իշխանությունների շուրջ համախմբվելու, գոնե չքննադատելու կոչերով է հանդես գալիս։ Եվ բոլորը թշնամիներ են փնտրում։ Բայց ոչ թե սահմանի այն կողմում, այլ՝ երկրի ներսում։

Մեկը մի տող այսպես չասաց, մյուսը՝ մի նկար տեղադրեց, երրորդը՝ մի կասկած հայտնեց, միշտ հայտնվում է մեկը, որը պատրաստ է բզիկ-բզիկ անել անողին։ Որոշ դեպքերում հին «վրեժներ» լուծելու հարմար առիթ է, երբեմն ուղղակի սեփական «հայրենասիրությունն ու ազնվությունը» ցուցադրելու հնարավորություն։

Եվ ամենակարեւորը՝ բոլոր սահմանային իրավիճակներում լրագրողներն ու ԶԼՄ-ները հայտնվում են նշանառության տակ։ Մի կողմից՝ համաճարակի, պատերազմի, արհավիրքի ժամանակ հեշտանում է խոսքի ազատությունը սահմանափակելը։ Մյուս կողմից՝ հասարակության մի մեծ հատվածի սովորեցրել են, որ «մեղավորը լրագրողներն» են՝ եթե չգրեն այդ արհավիրքների մասին, դրանք պարզապես չեն լինի։