Եթե լռենք, մեր նահատակները մեզ պետք է դատապարտեն

 Եթե լռենք, մեր նահատակները մեզ պետք է դատապարտեն

Հայոց ցեղասպանությունն իրավական հիմք ունի եւ համապատասխանում է միջազգային օրենքներին: Հետեւաբար, անկարելի է անտեսել մեր պահանջատիրությունը, դրա վավերականությունն ու այժմեականությունը: Անցնող տասնամյակներում երկրներ, կառավարություններ, նախագահներ, եկեղեցիներ, կրոններ, միջազգային կազմակերպություններ հաջորդաբար ճնաչեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Այս ընթացքը պետք է շարունակվի: Այս մասին ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ հայարարել է Արամ Ա  կաթողիկոսը:

«Այսօր, երբ Ադրբեջանը շարունակում է զանազան ձեւերով ջնջել հայության հետքը Արցախում, փորձում է քանդել կամ այլափոխել մեր մշակութային կոթողները, երբ Ադրբեջանը փորձում է հաջորդաբար եւ հետեւողական կերպով պահանջներ դնել Հայաստանի  առջեւ, պահանջներ, որոնք կապված են Հայաստանի հողային ամբողջականությունը, անվտանգությունը եւ գերիշխանությունը, այսօր երբ Թուրքիան իր նոր պայմաններ է դնում մեր ժողովրդի իդելաները, արժեքները, խորհրդանիշները ջնջելու, եւ նույնիսկ Հայ Դատի հետապնդումը կասեցնելու, այս կացության դիմաց մեր ժողովրդի երգի բառերով ասենք՝ հիմի էլ լռե՞նք, երբ թշնամին իր սուրն է դրել մեր կրծքին:
Պետք չէ լռել: Եթե լռենք, մեր նահատակները մեզ պետք է դատապարտեն: Եթե լռենք, Արցախի Կիլիկիո, Արեւմտյան Հայաստանի վանքերն ու եկեղեցիները պետք է աղաղակեն»,- ասել է նա: