Անձնագրայիններին դիմելու կարիքը նվազել է` գրասենյակներն այդ պատճառով են փակվում

Անձնագրայիններին դիմելու կարիքը նվազել է` գրասենյակներն այդ պատճառով են փակվում

Անձնագրային ծառայություններն առաջ ոստիկանության կազմում էին: Ներքին գործերի նախարարության ձեւավորումից հետո անձնագրայինները միացվեցին Միգրացիայի ծառայության հետ եւ ստեղծվեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որի կազմում գործող անձնագրայիններն այլեւս քաղաքացիական ծառայություն են, ոչ թե իրավապահ համակարգի մաս: 

ՄՔԾ-ի կառուցվածքում գտնվող անձնագրային ծառայությունները կազմված էին 63 տարածքային ստորաբաժանումից, որոնք այս տարի` բարեփոխման կամ` օպտիմալացման անվան տակ որոշեցին կրճատել` դարձնել 47: Անձնագրային ծառայություններում իրականացվող այս փոփոխությունները, որոնք դժվար է բարեփոխում անվանելը եւ որոնց հիմնավորվածությունը երեւի շատ քչերն են հասկանում, բուռն դժգոհություն է առաջացրել մարզերում, որովհետեւ, որպես կանոն, կրճատվում, փակվում են սահմանամերձ անձնագրայինները` կասկածների տեղիք տալով: 

Սկզբում Մեղրիի անձնագրայինը փակվեց, հիմա էլ Վարդենիսից են հանում ծառայությունը: Եւ վարդենիսցիները դուրս էին եկել փողոց` դրա դեմ պայքարելու: Մենք մի քանի հարց ենք ուղղել ՀՀ ՆԳՆ անձնագրային և վիզաների վարչությանը: Մեր հարցերին պատասխանել է մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը: 

Մասնավորապես հետաքրքրվել ենք, թե անձնագրային ծառայություններում աշխատող քանի անձ է գործազուրկ դառնալու, օպտիմալացման արդյունքում ովքեր են կորցնելու իրենց աշխատանքը:

Խոսնակը բացատրեց, որ ոչ թե փակվում են գրասենյակները, այլ «միանում են մոտակա անձնագրային ծառայությանը»։ Եւ «միավորման արդյունքում անձնագրային ծառայության աշխատակիցներին առաջարկվելու է շարունակել իրենց աշխատանքը»։ 

«Նոր ծառայության ստեղծման շրջանում իրականացվել է վերապատրաստում՝ պաշտոնի նշանակման նպատակով։ Վերապատրաստումը բաղկացած է եղել երկու՝ թեստավորման և բանավոր հարցազրույցի փուլերից։ Առաջին փուլն իրականացվել է 2023 թվականի մայիսի 22-ից մինչև նոյեմբերի 6-ը։ Վերապատրաստմանը մասնակցել է 505 աշխատակից, որոնցից 470-ը մասնակցել է բանավոր հարցազրույցին, նվազագույն շեմը չեն հաղթահարել 51 անձ», -ասաց Նելլի Դավթյանը։

Ինչ վերաբերում է քաղաքացիների համար առաջացող դժվարություններին` «մոտակա անձնագրային» հասնելու հետ կապված, ապա այս փոփոխության հեղինակները կարծում են, որ դա էլ մեծ խնդիր չի, որովհետեւ անձնագրային ծառայություն մարդիկ հազվադեպ են դիմում, օրինակ` անձնագրերը կամ նույնականացման քարտերը տրվում են 10 տարի ժամկետով, և եթե չեն կորցնում` նորը հանելու կարիք չի լինում: Կամ անձնագիրը փոխում են «էջերը լրանալու» պատճառով, 2024 թ. հունվարի 1-ից հանվել է օտարերկրյա պետություններ մուտք գործելու անձնագրի վավերականության նշումը` ելքի կնիքը: Այսինքն, անձնագրային դիմելու անհրաժեշտությունը նվազել է եւ անձնագրայինները կարող են փակվել: Իսկ տեղեկանքները, որոնք տրամադրվում էին անձնագրային գրասենյակներում, օրինակ, հաշվառման հասցեի, նախկին հաշվառումը ստանալու եւ այլնի համար, ըստ ՄՔԾ-ի, քաղաքացին կարող է դիմում լրացնել՝ migration.e-gov.am կայքում եւ խոստանում են որոշ դեպքերում պատասխանն ուղարկել փոստով։