Արմեն Գեւորգյանի ձեռքերն ու ոտքերը «կապված են»․ պաշտպանը դիմել է դատարանին և մերժողական պատասխան ստացել

Արմեն Գեւորգյանի ձեռքերն ու ոտքերը «կապված են»․ պաշտպանը դիմել է դատարանին և մերժողական պատասխան ստացել

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ո՛չ կարողանում է երկրից դուրս գալ, ո՛չ է տնօրինել իր հաշիվներն ու գույքը, որոնց վրա կալանք է դրված։ Նրա պաշտպան Էրիկ Կարապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ սահմանը հատելու համար դիմել էին մարդու իրավունքների պաշտպանին, նա էլ իր հերթին դիմել էր ոստիկանապետին, սակայն դեռեւս ո՛չ ՄԻՊ-ից, ո՛չ էլ Օսիպյանից պատասխան չկա։ 

Ինչ վերաբերում է գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքին, ապա պաշտպանը նշեց․ «Դիմեցինք Գրիգորյանին, գրությամբ հայտնեց, որ կքննարկի մեր միջնորդությունը, երբ գործը վերսկսվի։ Մենք էլ դա դիտարկել ենք որպես փաստացի մերժման որոշում եւ այն բողոքարկել ենք վերաքննիչ քրեական դատարան»։
Նա նաեւ նշեց, որ վերաքննիչում նիստի օրը դեռեւս հայտնի չէ։ 

Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։ Պողոսյանը, սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել: Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածներով, մասնավորապես՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում: Այս ամենը քննվելու է մեկ՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: