Մասնակցե՞լ, թե՞ ոչ

Մասնակցե՞լ, թե՞ ոչ

Սեփական պաշտոնն աչքի լույսի պես պահպանող Նիկոլին հեռացնելու ընդամենը մեկ տարբերակ կա՝ նրա նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելը եւ կամ փողոցի միջոցով: Առաջինը միաժամանակ ե՛ւ կախված չէ, ե՛ւ կախված է մեզանից. կախված չէ, քանի որ տաք գրասենյակներում տեղավորված իրավապահ եւ ուժային կառույցների ներկայացուցիչները նման ցանկություն չեն դրսեւորում: Բայց նաեւ կախված է, քանի որ այդ կառույցները կարող են նաեւ գործի անցնել, եթե փողոցը ստիպի: Այնպես որ, բոլոր դեպքերում մնում է կրկին փողոցը՝ համատարած անհնազանդության ակցիաներով՝ ինչպես 2018-ի ապրիլին, ինչը, ինչպես պարզվեց, դեռեւս իրատեսական չէ: Հայաստանցի բազմությունը Սերժին մերժելու համար ինքնաբուխ կարող էր փողոց դուրս գալ, բայց դա դեռեւս չի ուզում անել Նիկոլին մերժելու համար: Ընդհանրապես, փողոց դուրս գալուն մարդկանց մղում են զգացմունքները, իսկ այսօր, ինչպես երեւում է, դրանք ուղղակի մեռած են, ու ակտիվացնելու փորձերը մատնվում են անհաջողության:

Այնուամենայնիվ, նախորդ տարվա նոյեմբերի առաջին կեսի փողոցային շարժումը որոշակի արդյունք տվեց՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հասկացավ, որ ստիպված է գնալ արտահերթ ընտրությունների, ինչը նրա ծրագրերում մինչ այդ բացակայում էր:

Արտախորհրդարանական ընդդիմության հիմնական շարժիչ ուժը՝ Հայրենիքի փրկության շարժումը, մերժում է Փաշինյան Նիկոլի կողմից կազմակերպվելիք որեւէ ընտրության գաղափարն անգամ: Եվ դա բնական է, քանի որ կապիտուլյացիոն պատերազմից հետո հրաժարական չներկայացրած անձն ամեն ինչ անելու է, որպեսզի մնա իր պաշտոնին: Պաշտոնազրկությունը նրա համար նշանակելու է առաջին հերթին պատերազմի պարտության պատասխանատվության ստանձնում, ինչից նա խոսքային մանիպուլյացիաների միջոցով փորձում է խուսափել: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ նրա պաշտոնավարման օրոք կայանալիք ընտրությունները լինելու են ամենա-ոչ արդարը, ամենա-ոչ թափանցիկը եւ ամենա-ոչ օրինականը երբեւէ կայացած ընտրություններից: Այդպես կարծելու իրավունք է տալիս նրա կողմից մի բան ասելն ու այնուհետեւ դա «մոռանալը», ինչը բազմաթիվ անգամ հասարակությունը «վայելել» է վերջին երեք տարում:

Այսպիսով, կարծես թե փակվում է ընտրություններին մասնակցելու գաղափարը, բայց… Այս պահից սկսվում է այն «բայցը», որը տակնուվրա է անում նախորդ բոլոր դատողությունները:

Ենթադրենք, ընդդիմադիր մտածելակերպ ունեցող մարդկանց հիմնական մասը պասիվ ձեւով կամ նույնիսկ ակտիվորեն բոյկոտեց ընտրությունները՝ նստելով տանը կամ հերթապահելով ընտրատեղամասերի շուրջը: Առաջինը ոչինչ չի տալիս, քանի որ կմասնակցեն հասարակության նիկոլապաշտ զանգվածը եւ Փաշինյան Նիկոլի հաճախորդ, այսպես կոչված, հեղափոխական արժեքներին հավատարիմ մնացած մանր կուսակցություններն ու նրանց հետեւորդները: Երկրորդի դեպքում առաջանալիք խնդիրները հեշտ ու հանգիստ կչեզոքացվեն ոստիկանության կողմից: Արդյունքում կունենանք ընտրողների նվազագույն մասնակցությամբ ընտրությունների կայացում. չմոռանանք, որ օրենսդրությամբ նվազագույն մասնակցության շեմ սահմանված չէ: Եվ նման օրակարգի դեպքում Նիկոլին բացարձակ պետք չի լինելու որեւէ ձեւով ընտրությունների օրինականությունը խախտելը, եւ դրանք հանրությանն ու արտաքին ուժերին կներկայացվեն որպես լավագույն ընտրություններից մեկը: Եվ Նիկոլ Փաշինյանը կունենա իրավունք կրկին հայտարարելու, որ ինքն ընտրված է ժողովրդի կողմից:

Իսկ եթե ընդդիմադիր հիմնական ուժը մասնակցի ընտրություններին, ապա իշխանություններին կստիպի գնալ ընտրախախտումների, բայց եթե ընդդիմությանը, այնուամենայնիվ, հաջողվի հաղթել, ապա ընտրախախտումների մասնակիցները կպատժվեն օրինական իշխանության կողմից: Իսկ հակառակ պարագայում ընտրախախտումների երեւույթը հիմք կհանդիսանա հետընտրական բողոքի ակցիաների առաջացման համար, որոնց հզոր ուժ տալն արդեն կլինի ընդամենը տեխնիկայի հարց: Այնպես որ, որքան էլ դա ցանկալի չլինի անձամբ ինձ համար, կարծում եմ, որ «մասնակցե՞լ, թե՞ ոչ» հարցին պետք է տրվի դրական պատասխան:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ