Այս վարչակազմն ավելի վտանգավոր է, քան Ալիեւի վարչակազմը

Այս վարչակազմն ավելի վտանգավոր է, քան Ալիեւի վարչակազմը

«Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը, որի շուրջ մշակույթի, գիտության, կրթության 300-ից ավելի գործիչ է հավաքվել, սկսել է մարզային հանդիպումների փուլը։ Մի խումբ մտավորականներ արդեն եղել են Վանաձորում, մի քանի օրից մեկնելու են Գյումրի՝ այսպես շրջելով բոլոր մարզերում։ 
«Ձայն հայրենյաց» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ընդգծում է՝ հանդիպում են անհանգիստ մտավորականների հետ, ովքեր մեր երկրի ապագայի հետ կապված անհանգստություններ ունեն։

«Բոլորի մոտ ամրակայված ու հաստատված է մի մոտեցում, որ այս աղետավոր վարչակազմը պետք է հեռանա»,-ասում է նա ու նկատում, որ մարզերում մարդիկ հիմնականում ապաքաղաքական են եւ որեւէ քաղաքական ուժի հանդեպ անթաքույց համակրանք ցույց չեն էլ տալիս․ «Եվ դա լավ է։ Հիմնականում նրանց տագնապներն այս երկրի ապագան է, գալիքը, տարածքային կորուստները, զոհերի եւ անհայտ կորածների նկատմամբ անհոգի ու անմարդկային վերաբերմունքը, արհամարհանքը, ինչը խորքային ձեւով վիրավորել է մարդկանց, որոնց մի զգալի մասը հենց իրենք են կորստի տեր։ Այդ մարդիկ շատ վիրավորվում են թուրք-հայկական բարեկամության այդ կեղծ կատեգորիայի ներդրման ջանքերին ականատես լինելով, որովհետեւ մտավորականներ են, իրենց երկրի պատմությունը շատ լավ գիտեն, ու թե ինչի է դա հանգեցնում։ Իսկ մեր առաջարկը սա է՝ եթե իրենք չեն հեռանալու, մենք ստեղծելու ենք անբեկանելի կարծիք, անկախ նրանից՝ իրենք ֆեյքե՞ր են աշխատեցնում, թե՞ ոչ, մենք ուզում ենք ստեղծել մի ամուր կարծիք, որ «նրա» գոյությունն այդ պոստին դառնա առհասարակ անհնարին»։

Մարզերում Սերժ Սրապիոնյանն արձանագրել է, որ կա բավականին շատ մոլորյալ, իներտ, նաեւ հրապուրված մասսա, որոնք մոլորության մեջ են․ «Ընդամենը մի օրինակ եմ բերում․ Վանաձորում մի խումբ երիտասարդներ էին կանգնած, կլինեին 20-30 տարեկան, իմացան՝ ով ենք, որտեղից ենք եկել, խոսք գնաց վարչապետի այն հայտարարության մասին, թե 90 տոկոս ադրբեջանցիներով բնակեցված քաղաքը դուք հայկակա՞ն եք համարում․․․, զարմացան, թե ով է նման բան ասել․․․ այսինքն՝ մի զգալի մասն այնտեղյակ է, անկախ նրանից՝ համացանցում ինչքանով է տարածված, ինչքանով է հասանելի ամեն մեկին։ Սա է ճշմարտությունը, որը պետք է հասկանա այս ժողովուրդը եւ եթե չի ուզում Մոնթեի ասածի պես՝ շրջի իր պատմության վերջին էջը, պետք է ոտքի կանգնի, այս պահին այս վարչակազմն ավելի վտանգավոր է, քան Ալիեւի վարչակազմը, որովհետեւ ինձ համար անթաքույց են Ալիեւի նպատակները, գործունեության դաշտը, մոտեցումը եւ այն ատելության աստիճանը, որ նա եւ նրա ժողովուրդն ունի հայերի նկատմամբ։ Բայց ինձ հայտնի չեն այս մարդու նպատակը, նրա վարչակազմի հետապնդած վերջնարդյունքը, եւ, ի վերջո՝ այս մարդիկ ծառայում են իրենց երկրի՞ն, թե՞ թշնամի երկրին։ Է՛լ գործակալների, է՛լ տարբեր համագործակցությունների մասին հայտարարություններ եղան, բայց հոդաբաշխ ձեւով որեւէ ժխտում չլսեցինք այդ մարդկանց բերանից։ Սա պետք է մեր ժողովուրդը հասկանա, ուրիշ ճանապարհ չկա, մենք արյան կողմնակից չենք եւ արյուն թափելու ունակ չենք, մենք պարզապես չենք կարող մեզ թույլ տալ նման քարոզչություն, բայց որ սրանք պետք է հեռանան, տրիվիալ ճշմարտություն է»։

Քանի որ իներտ զանգվածը շատ է, չե՞ն ցանկանում ավելի լայն հանդիպումներ անցկացնել մարզերում, զրուցել ոչ միայն մտավորականների հետ, այլ նաեւ՝ բնակչության։ «Այդպիսի միտք կա, բայց մինչեւ տեղի մտածող մասսան չարթնանա, չինքնակազմակերպվի, կարծում եմ՝ նման միջոցառումները որքան էլ անհրաժեշտ են, բայց այս պահին արդյունավետ չեն լինի։ Նման հարց քննարկել ենք, բայց հաշվի առնելով ընդհանուր վիճակը՝ որոշեցինք մի քիչ աշխատել եւ բացատրել այն մարդկանց, ովքեր շտապում են կամ մեզ մեղադրում, որ արագ գործողություններ չենք անում, որ շուտ գնան։ Այդ մարդիկ պետք է հասկանան, որ այդ «շուտ գնալը» միայն մեր բարի կամքից ու ցանկությունից կախված չէ, դա պայմանավորված է նաեւ այն մարդու համառությամբ, ով վիթխարի լծակներ ունի իր ձեռքին, նյութական միջոցներ՝ օրինական, թե անօրինական, եւ հնարավոր բոլոր միջոցները գործադրում է, որ մնա իր տեղում, իսկ դա հնարավոր է հաղթահարել հզոր միասնական շարժումով»։

Մարզային մի քանի հանդիպումից հետո մայրաքաղաքում կանեն «Ձայն հայրենյացի» հաջորդ հանդիպումը․ «Այս այցերի ընթացքում ուզում ենք հասկանալ ընդհանուր տրամադրվածությունը, Լոռիում արդեն պարզ է, Սյունիքում՝ եւս, բայց ուզում ենք հատկապես Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի ժողովրդի ցանկությունն ու պահանջն էլ հասկանանք եւ դրանից հետո մեր հավաքներին մասնակից կդարձնենք նաեւ մարզային մտավորականությանը, երիտասարդներ եւս կմիանան, որովհետեւ ակտիվ մարդիկ կան նրանց շրջանակներում, եւ երբ երիտասարդությունն էլ մեզ միանա, մենք կսկսենք ավելի կտրուկ պահանջել եւ պարտադրել, որպեսզի թողնեն հեռանան, որից հետո կհասկանանք, թե ինչ պետք է լինի մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը»։

Սերժ Սրապիոնյանը չցանկացավ ճանապարհային քարտեզն ամբողջությամբ բացել՝ նշելով, որ մի քանի ծրագրեր եւս կան, որոնց մասին ժամանակից շուտ չի ուզում բարձրաձայնել։