Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում․կոմպոզիտորը՝ տարեդարձի մասին

Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում․կոմպոզիտորը՝ տարեդարձի մասին

«Իմ ծննդյան օրն է, բայց տխուր եմ մի տեսակ։ Հայրենիքս վտանգի մեջ է, հայենակիցներս՝ պառակտված, դավաճանված, խաբված ու հուսահատված։ Օդում լիքը տխրություն ու ատելություն կա», - գրել է կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարեդարձին, ապա հավելել.

«Ոչ մի նվեր էլ չեմ ուզում, միայն՝ հաղթանակ եւ խաղաղություն մեր երկրին... Երբ շատ փոքր էի, ծննդյանս օրն ինձ համար մի առանձնահատուկ ու մի տեսակ կախարդական օր էր։ Երեւի բոլոր երեխաների մոտ է էդպես լինում, եթե ընտանիքում համապատասխան դրվածք է լինում։

Հիշում եմ՝ ծննդյանս օրվանից դեռ մի քանի շաբաթ առաջ արդեն սկսում էի ամեն օր հաշվել, թե քանի օր մնաց։ Ու ինչքան մոտենում էր օրը, էնքան ավելի ու ավելի էի հուզվում, կարծես էդ օրը որ գար, պիտի ինչ–որ շատ լուրջ, խորհրդավոր ու լավ բան լիներ։ Ես էլ չգիտեի, թե ոնց ու ինչի տեսքով պիտի լիներ էդ լավ բանը, բայց դրա ակնկալիքը միշտ կար։ Դե, երեւի մասամբ անակնկալ նվերն էր էդ լավ բանը, մասամբ հյուրերը, համով ուտելիքներն ու հատկապես թխվածքները, ինչպես նաև զուտ էն զգացողությունը, որ էդ օրն իմ ծնունդն է։ Ահավոր շատ էի սիրում, երբ մեր տուն հյուրեր էին գալիս։ Ցանկացած հյուրից ուրախանում էի, իսկ որ իմ ուզած մարդիկ էին գալիս՝ առավել ևս։ Հետո ծննդյան օրվա խորհուրդը տարիների ընթացքում կամաց-կամաց խամրեց ... 
 
Ես շատ եմ փոխվել. հիմա ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը։ Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին։ Երբեք չեմ վախեցել մեծանալուց, ծերանալուց կամ փոխվելուց։ Տարիները ինձ միայն դարձրեցին շատ ավելի լավը։ Մեկ տարով էլ մեծացա...»: