Գործազուրկի օրը ե՞րբ է նշվելու

Գործազուրկի օրը ե՞րբ է նշվելու

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների 29%-ը գտնվում է աղքատության շեմին, աշխատուժի 19%-ը գործազուրկ է, իսկ ավելի ստույգ` 800 հազար քաղաքացի անգործ է, երկրի արտաքին պարտքը շուտով կդառնա 7 մլրդ ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի նկատմամբ գտնվում է վտանգավոր գոտում, վարկի սպասարկման համար նոր վարկեր ենք վերցնում, ունենք շուրջ 550 հազար կենսաթոշակառու, որոնք ունեն հանապազօրյա հացի խնդիր։ 25 հազար դրամ ստացող թոշակառուները հպարտ քաղաքացիներ լինել չեն կարող, նվազագույն աշխատավարձն առայժմ սպառողական զամբյուղին մոտ չէ: Քաղաքացիների մոտ կուտակված սոցիալական հիմնահարցերը բազմաբնույթ են, եւ սա ամենը չէ:

Ի դեպ, վերը նշվածը պաշտոնական վիճակագրությունն է:

Հնամաշ «գազել»-նելով աշխատանքի շտապող հպարտ քաղաքացիները ծայրահեղ դեպքում են դիմում բժշկի: 

Եվ, ահա, այս պարագայում ապրիլի վերջին շաբաթ օրը պետք է նշվի իբրեւ քաղաքացու օր: 
Օրացույցում «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նման տոնի առանձնացումը եւ արժեւորումն առայժմ ժամանակավրեպ է եւ չի արտահայտում քաղաքացիների տոնային տրամադրությունը: 

Իշխանությունում գտնվողների եւ նրանց ընտանիքի անդամների համար իրոք տոն է, բայց պարապուրդի մեջ գտնվող երբեմնի արտադրական հսկա «Նաիրիտ»-ի աշխատակիցների համար այն տոն չէ, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջիկա օրերին եւ ամիսներին աշխատանք կորցնող քաղաքացիների համար այն տոն չէ, Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցների համար այն տոն չէ, ԱԺ-ի մաքրուհիների համար այն տոն չէ…:
Կարծում եմ՝ առայժմ թավշյա իշխանափոխությունը չի տալիս քաղաքացու օրը նշելու տրամադրվածություն: 

Հիշենք եւ բարձրաձայնենք, որ առայժմ 800 հազար քաղաքացի գործազուրկ է, եւ քաղաքացու օր նշելով՝ աղքատությունն այդ մարդկանց ուղեղից հնարավոր չէ հանել, եւ նրանք ու նրանց ընտանիքները սպասում են իրենց տոնին:

Անձրեւ է գալիս, եւ առավոտից կառավարության շենքի դիմաց կանգնած հպարտ արվեստագետները աշխատանքային հարաբերություններում փորձում են ակնկալել ոչ քարացած արդար մոտեցումներ: 

Իսկ գուցե գործազուրկի օրը չի նշվում, քանզի այն ամիսներով է…:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ