Կանխակալ վերաբերմունք ունի Ռ․Քոչարյանի նկատմամբ․ բացարկ՝ գործով դատախազին

Կանխակալ վերաբերմունք ունի Ռ․Քոչարյանի նկատմամբ․ բացարկ՝ գործով դատախազին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։

Մի քանի ամիս նիստին ներկա չգտնվելուց հետո այսօր ներկայացել է դատախազներից Կարեն Բիշարյանը։ Նա ներկայացավ դատարանին, ապա վերջինս դիմելով դատավարության մասնակիցներին՝ հարցրեց՝ բացարկի միջնորդություն ունե՞ն։

Ռ․Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին։ Նա նշեց, որ միջնորդության գրավոր տարբերակը չունի, մինչդեռ այն կներկայացնի բանավոր կերպով։

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ դեռեւս  2018 թվականի փետրվարի 23-ին ԱԺ-ում հրավիրված լսումների ընթացքում դատախազ Բիշարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, հետագայում քաղաքական փոփոխությունների արդյունքում սկսվել է մի պրոցես, երբ տեսել են հիմքեր քրեական հետապնդում սկսելու համար։ 

«Քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում Կարեն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի պարոն Քոչարյանի նկատմամբ եւ չի կարող սույն գործով հանդես գալ որպես մեղադրող»,-նշեց Խուդոյանը։

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։

Դատախազները, տուժողներն ու տուժողների ներկայացուցիչները, բացառությամբ մեկ տուժողի եւ նրա ներկայացուցչի, առարկեցին միջնորդության դեմ։

Դատախազ Կարեն Բիշարյանն իրեն հայտնած բացարկի վերաբերյալ ասաց, որ 2018 փետրվարին այդ գործի քննությունը ընթացքի մեջ է եղել։

Նա նշեց, որ տարբեր դիրքորոշումներ ունենալը չի խոսում կողմնակալության մասին․ «Իմ խոսքը բառացի մեջ չբերվեց, ես ոչ թե ասել եմ, որ չկա քրեական հետապնդում հարուցելու հիմք, որպես վկա հարցաքննելու անհրաժեշտություն, այլ ասել եմ, որ որեւէ անձի հարցաքննելը չի կարող լինել ինքնանպատակ։ Որպես վկա ներգրավելու համար պետք է լինի հիմք։ Ես երբեք չէի ասի՝ չկա հիմքեր հարցաքննելու»։