Միրզոյանն աշխատակազմ է ձևավորում յուրայիններից

Միրզոյանն աշխատակազմ է ձևավորում յուրայիններից
Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լիովին օգտվում է պետության երկրորդ պաշտոնյայի իր կարգավիճակից։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում նա յուրայինների մի ստվար զանգված ներգրավելուց եւ նրանց բարեհաջող ԱԺ անցկացնելուց հետո հիմա էլ անցել է ԱԺ աշխատակազմը յուրայիններով համալրելու գործին։ Երեկ, ինչպեսեւ գրել էինք, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվեց Տիգրան Գալստյանը, որն առաջին փոխվարչապետի պաշտոնում Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։

Չնայած Միրզոյանը մեծ ցանկություն ուներ այդ պաշտոնը վստահել իր աջ ձեռք Վահան Կոստանյանին, որը կառավարությունում ղեկավարում էր առաջին փոխվարչապետի գրասենյակը, բայց քանի որ վերջինիս՝ ԱԺ աշխատակազմը ղեկավարելու հեռանկարը բուռն քննարկումների առիթ դարձավ, եւ ակնհայտ էր, որ նա չէր կարողանալու գլուխ հանել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պատասխանատու պաշտոնից, ուստի իշխանությունում որոշեցին խորհրդարանում էքսպերիմենտների չգնալ եւ Կոստանյանի փոխարեն ավելի ծանրակշիռ մեկին նշանակել։

Այս կոնտեքստում էլ Գալստյանի բախտը բերեց։ Սակայն Միրզոյանը Կոստանյանին էլ որոշեց չնեղացնել եւ անպաշտոն չթողնել՝ նա նշանակվել է ԱԺ նախագահի օգնական։ 
Կառավարությունից ԱԺ է «գործուղվել» նաեւ Միրզոյանի ռեֆերենտ Շուշանիկ Թեւանյանը, ով ԱԺ-ում տեղ կզբաղեցնի խոսնակի օգնականների շարքերում։ Տեղեկություններ կան, որ ԱԺ նախագահը որոշել է հիմնովին փոխել աշխատակազմը եւ նշանակել միայն յուրայիններին։ Ազատման դիմում է գրել նաեւ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի մտերիմ ընկեր, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռուբեն Գրիգորյանը։

Չնայած, ի տարբերություն Սաղաթելյանի, Գրիգորյանը հակված է եղել շարունակել աշխատանքը, քանի որ իրեն համարում է ոչ այնքան քաղաքական թիմի անդամ, որքան բիզնեսմեն, սակայն նոր իշխանությունները, ըստ էության, չեն ցանկացել Գրիգորյանի հետ աշխատել։ ԱԺ նոր ղեկավարությունն աշխատանքից ազատել է նաեւ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանին՝ երգչուհի Սոֆի Մխեյանի հորը։ Հետաքրքիր է, թե ինչ քաղաքականություն կորդեգրի Միրզոյանն իր խորհրդական-օգնականների մասով։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը մեծապես կրճատեց այդ բանակը եւ առհասարակ՝ վերացրեց «ԱԺ աշխատակազմ» եւ «ԱԽ նախագահի աշխատակազմ» հասկացությունները, որը մինչ այդ գործում էր խորհրդարանում։ Նոր իշխանությունները դեռ իշխանական լծակներից չեն հագեցել, եւ քիչ հավանական է, որ գնան խնայողությունների եւ հաստիքների կրճատման ճանապարհով։

Ամեն դեպքում, մենք հետեւելու ենք այս գործընթացներին եւ փորձելու ենք կանխել ավելորդ շռայլությունները, ինչպես կանխեցինք նոր ավտոմեքենաներ գնելու մտադրությունը, որ ԱԺ նախագահ չդարձած՝ ուներ Արարատ Միրզոյանը։