Սարկոզիի վրա 9 գործ կա, ոչ մեկը չեն կարողանում ապացուցել 

Սարկոզիի վրա 9 գործ կա, ոչ մեկը չեն կարողանում ապացուցել 

Սահմանադրության մեջ կա նորմ, որ ՀՀ նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելի է։ Այս մասին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտարարեց փաստաբան Ռուբեն Սահակյանը։

«Եթե ձեռնմխելի լիներ, կլիներ ձեռնմխելի։ Էլ ինչի՞ էր մտցրել էդպիսի դրույթ։ Ուրեմն, թող կոպիտ չհնչի, ասում է՝ ինչ-որ կանես, առանց վախենալու արա, ելնելով քո կարգավիճակից՝ իրավունք ունես արտակարգ դրություն մտցնել, մտցրու, իրավունք ունես պատերազմ հայտարարել, հայտարարի»,-մեկնաբանում է Սահակյանը։ Նա նշում է, որ սա արվել է, որ նախագահներն անկաշկանդ գործեն։ 

«Սա մեզ մոտ չէ միայն, Ֆրանսիայում էլ է այդպես։ Սարկոզիի վրա 9 գործ է բացված, բայց ոչ մեկով չեն կարողանում քրեական պատասխանատվության ենթարկել։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով դիմել ՍԴ։ Բացի այդ, դատարանն արձանագրել էր, որ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից: 

Ռուբեն Սահակյանն էլ անդրադարձավ  նրան, թե ինչ կլինի, եթե Վերաքննիչը բեկանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ 

Անդրադառնալով երեկվա դեպքերին՝ Սահակյանն ասաց, որ տպավորություն ունի, որ սա նախապես պլանավորված գործողություն է, նախապես որոշված է եղել, որ դատավորը մի քանի անգամ հարցերը կուղղի պաշտպանական խմբին։ Անընդհատ հարցրել է Հովհաննես Խուդոյանին, թե սա՞ եք անելու, թե նա։

«Այստեղ ես Ալումյանի ականջին շշնջացի, որ ստեղ մի բան կա։ Բայց ի՞նչ կա, ես կներեք, չէի պատկերացնում, որ էս աստիճանի լկտիություն կլինի Վերաքննիչ դատարանի անդամի կողմից։ Բայց դա տեղի ունեցավ»,- ասաց Սահակյանը։ 

Նա նշեց, որ news.am-ի տեսանյութը դիտելով՝ վերջնականապես համոզվել է, որ նախագահողը 4 վայրկյան անց և գլուխը մի փոքր կախելուց հետո ունեցել է պատրաստի 5 տողանոց նախադասություն։ Երբ էր գրել, երբ չէր լսել դատավորներին։

«Ե՞րբ էր գրել։ Վաղօրո՞ք, իհարկե, ում՝ պատվերով, չգիտեմ։ Չեմ կարող բարձրաձայնել, որովհետև չեմ կարող ապացուցել»,- հայտարարեց Սահակյանը։ 

Սահակյանն ավելի վաղ նշեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը գիտի, որ  301․ հոդվածով սահմանված արարքը հանցագործություն է համարվում 2009-ի մարտի 24-ից։ 

Այսինքն՝ այս հոդվածը գոյություն չի ունեցել 2008-ին, երբ Քոչարյանը նախագահ էր։ Այսինքն՝ արարքը, որի մեջ կասկածվում է Քոչարյանը, դրա պահին հանցագործություն չի համարվել։
Նա նշեց, որ Վճռաբեկ դատարանը սա թաքցրել է կախման կետերի ներքո, իսկ թաքցրել է, որովհետև այդպես չանելու դեպքում կպարզվեր, որ դատարանը մտածում է ճիշտ այնպես, ինչպես պաշտպանական կողմը։ Ռուբեն Սահակյանը հավելեց, որ Հայաստանի փաստաբանների 90 տոկոսը կիսում է իրենց կարծիքը, ավելին՝ Սեդա Սաֆարյանն էլ է միացել իրենց։

Փաստաբան Ռուբեն Սահակյանը պատմեց նաև, որ փաստաբան Երվանդ Վարոսյանի  որպես փաստաբան ներգրավված է եղել մի գործի, որով անցնելիս է եղել 5 ոստիկան։ Ցուցմունքներում հակասություններ էին եղել, Դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան և Արմեն Դանիելյանը այս անձանց կալանավորել էր։ Մի քանի ամիս անց պարզվել էր, որ իրականությունն այլ է, և տեղերը փոխվել էին, երիտասարդներին բաց էին թողել, իսկ ոստիկաններին կալանավորել։ Այս օրինակը Սահակյանը բերեց՝ նշելու համար, որ Արմեն Դանիելյանն ապօրինի որոշում էր կայացրել։
Նա նշեց, որ իրեն է դիմել իր ազգականներից մեկը, որպեսզի ինքը Վարոսյանին ու Լուսինե Սահակյանին համոզի, որ նրանց պաշտպանյալները՝ այդ երիտասարդները իրենց ցուցմունքները փոխեն հօգուտ ոստիկանների։ 

Սահակյանը չի արել, այդ օրվանից նրա ազգականը խռով է։