«Ժողովրդավարական» ֆանտասմագորիա

«Ժողովրդավարական» ֆանտասմագորիա

Ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: Ըստ լրատվական կայքերի, դա տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում, ԱԱԾ-ի օպերատիվ միջամտությամբ: Քրգործի համաձայն, նախարարությունում պաշտոնների նշանակման գործընթացն ուղեկցվել է նվերների եւ այլ տիպի կաշառքների մատուցմամբ:

Հետաքրքիր է՝ դրա մասին տեղյակ չի՞ եղել նախարարի ՔՊԿ-ական առաջին տեղակալը. դա՝ իմիջիայլոց: Բայց նախարարը, օրինակ, կրկին ըստ քրգործի, ոչ միայն տեղյակ է եղել դրանից, այլեւ ինքն էլ է մաս կազմել այդ շղթային: Նա օգտվել է նաեւ նախարարության գույքից. նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նախարարության հաշվեկշռում գրանցված ջեռուցման կաթսան: Նախարարի ձերբակալմանը նախորդել էր Փաշինյան Նիկոլի կողմից նրան երկշաբաթյա արձակուրդ ուղարկելը: Նման տարբերակով ավելի հեշտ է բարձր կարգի չինովնիկ ձերբակալելը: Եթե, իհարկե, խնդիր չի դրվում ձերբակալման շոու սարքելը նրա աշխատավայրում: Ինչը հեռու չէ գործող իշխանությունից, բայց Փիլոյանը նրա կողմից էր նախարար նշանակվել: 

Մեկ-երկու խոսք՝ Անդրանիկ Փիլոյանի մասին. 1989-1994 թթ․ մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը: Բանակի օրվա կապակցությամբ 2008 թվականին պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հետո՝ բազմաթիվ այլ մեդալներով: 2020 թ․ հուլիսին բանակային կորպուսներից մեկի հրամանատար, գնդապետ Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Այսքանով ավարտվում է գեներալի փառքի էջը, եւ սկսվում է նրա անվան հետ կապված մի աննորմալ ֆանտասմագորիա (ֆրանսերեն՝ Fantasmagorie՝ նախակինոնկարային պրոյեկցիացված տեսիլային ցուցադրում, որը ստեղծվել է Ֆրանսիայում 18-րդ դարի վերջերին եւ հանրաճանաչ դարձել Եվրոպայի մեծ մասում (հատկապես Անգլիայում) 19-րդ դարում։ Ցուցադրման համար օգտագործվում էր «կախարդական» լապտեր։ Կերպարները թափանցիկ գույներով ներկվում էին նրա ապակու վրա, իսկ նրա մյուս մասերը ներկվում էին անթափանց սեւով։ Էկրանի համար օգտագործվում էին պատեր, ծխածածկույթ կամ կիսաթափանցիկ էկրաններ, որոնք գտնվում էին հանդիսատեսի եւ լապտերի միջեւ։ Պրոյեկտորը շարժողական էր, եւ պատճառ էր դառնում, որ կերպարները շարժվելիս երեւան կամ խառնվեն իրար մեջ: Օգտագործվում էին կմախքների, դեւերի եւ ուրվականների կերպարներ)։

Ներկայացնենք հայաստանյան ֆանտասմագորիան. 44-օրյա պատերազմում որպես հարավային ուղղության պատասխանատուներից մեկը նշանակված գեներալ-մայորը տապալում է Ջեբրայիլի պաշտպանությունը: Փոխանակ հեռացվի բանակից եւ դատվի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից նրան տրվում է Ազգային հերոսի կոչում: Դա կանվանեի նաեւ նիկոլական կամ, որ նույնն է՝ «նոր Հայաստանի» ոչ ադեկվատության տիպիկ դրսեւորումներից մեկը: Այնուհետեւ (2020 թ. նոյեմբերի 20-ին) Անդրանիկ Փիլոյանը նշանակվում է արտակարգ իրավիճակների նախարար: Այդ առումով էլ մտածեցի, որ իմ հայրենիքից որեւէ տեղ չգնալով՝ ընկել եմ ծուռ հայելիների թագավորություն: 

Հետո համացանցում հայտնվեցին մեկնաբանություններ, թե հերոսի կոչում տալով եւ բարձր պաշտոնի նշանակելով՝ Փաշինյան Նիկոլը «գնել» է գեներալի լռությունը: Հատկապես որ, ինչքան հիշում եմ, հենց Ջեբրայիլի հետ էր կապվում Նիկոլի որդու «հերոսական» վարքը ռազմաճակատում: Ինչի մասին գրառում էր արվել եւ անմիջապես հեռացվել նիկոլական ուսապարկերից մեկի ֆեյսբուքյան էջում: Ավելի ուշ թեման շարունակել էր հատուկ ջոկատի՝ «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը՝ ասելով, որ Նիկոլի որդու առումով կազմակերպված ռազմաճակատային շոուն տապալվել էր ադրբեջանական հարձակման հետեւանքով: Եվ երիտասարդին այդտեղից կենդանի դուրս բերելու համար մենք բազմաթիվ զոհեր էինք տվել:

Ի դեպ, սոցցանցերով Փաշինյան Նիկոլի եւ բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար Մանախը կալանավորվել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրության օրը: Հայհոյելու պատճառը մեր զինվորներին սահմաններին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքերին ոչ ադեկվատ արձագանքն էր:

Այսպիսով, Փաշինյանի կողմից (ՀՀ նախագահն ընդամենը ձեւական ստորագրող է) 2020 թ. հուլիսի 7-ին գեներալի եւ 2020 թ. հոկտեմբերի 22-ին հերոսի կոչումներ ստացած ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է կոռուպցիոն քրեական գործով: Թե որքանով է իրականությանը համապատասխանում դա՝ դժվարանում եմ ասել: Նախկինների օրոք ես այնքան էլ չէի վստահում ՀՀ իրավապահ համակարգին: Փաշինյան Նիկոլի վարչապետության «շնորհիվ» ես ընդհանրապես չեմ վստահում այդ համակարգին: Պատկերացնո՞ւմ եք՝ նախկինների դեմ ակտիվ կռիվ տվող անձը (ես) բացարձակ չվստահի  «ժողովրդավարական» Հայաստանի իրավական համակարգին: Եվ դա ոչ թե անձամբ իմ խնդիրն է, այլ՝ Հայաստանի Հանրապետության: Քանի որ ինձ նմանները շատ են: