Կլինի՞ արդյոք փրկություն

Կլինի՞ արդյոք փրկություն

Վերջանում է 2022 թվականը, եւ մենք նորից անհամբեր ենք հերթական ձախորդ տարին պատմության գիրկն ուղարկելու հարցում` այն չմարող հույսով, որ հաջորդը` 2023 թիվը ավելի հաջող տարի է լինելու հայերիս համար: Տարին փակելու եւ գալիք տարվա, այսինքն` հրաշքի հետ, դրական փոփոխությունների հետ հույսեր կապելու այս տենդը մեր երկրում բուն դրեց 2020 թվականին, երբ թվում էր, թե ավելի վատ տարի հայ ժողովրդի կյանքում չի եղել ու չի կարող լինել, բայց պարզվեց, որ պատերազմն ու կորուստներն այն ամենավատը չեն, որ կարող են լինել ժողովուրդների կյանքում: Կան շատ ավելի վատ բաներ:

Օրինակ` համազգային ու տեւական ստորացումն ու նվաստացումը, որ մենք կրում ենք ամեն օր` մեր թշնամիների եւ անգամ բարեկամների կողմից: Այն շարունակական պարտությունները, որոնք չեն դադարում` սկսած 2020 թվականի նոյեմբերից: Այն անօգնականությունն ու անպաշտպանությունը, որ մենք զգում ենք անընդհատ մեր երկրում ապրելիս եւ պետության չգոյությունն արձանագրելիս: Այն անզորությունը, որը պատում է մեզ, երբ ո՛չ կարողանում ենք հաղթահարել մեր ազգին ու պետությանը պատուհասած արհավիրքները, ո՛չ էլ կարողանում ենք փոխել այդ արհավիրքները մեզ բերած իշխանություններին:

Այն դիտորդի կարգավիճակը, որը մենք ազգովի ստանձնել ենք` հետեւելով, թե ինչպես է երկրորդ հայկական պետությունը, այդ հրաշք երկիրը` Արցախը, ուժասպառ լինում մեր աչքի առաջ: Այն կատաղությունը, որը զգում ենք հարեւան երկրների ղեկավարների հիվանդ ու ստոր բարբաջանքները լսելիս: Այն անարդարության զգացումը, որը պատում է մեզ, երբ արձանագրում ենք, թե աշխարհն ինչքան անտարբեր է մեր ցավ ու դարդին: Այս ամենն է, որ մեր կյանքը 2020 թվականից ի վեր դժոխքի է վերածել, եւ որից մենք ոչ մի կերպ չենք կարողանում ելք գտնել: