Էկվադորի նախագահի թեկնածուի սպանության մեջ կասկածվողները կալանավորվել են

Էկվադորի նախագահի թեկնածուի սպանության մեջ կասկածվողները կալանավորվել են

Դատարանի վճռել է կալանավորել Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության մեջ կասկածվողներին՝ մինչ հետաքննության ավարտը։
Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Էկվադորի գլխավոր դատախազության տրամադրած ապացույցների հիման վրա դատարանը սահմանել է քաղաքական գործչի սպանության մեջ մեղադրվող վեց անձի ժամանակավոր կալանքը: Հետաքննությունը կտևի 30 օր»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Հիշեցնենք, որ Վիլյավիսենսիոն սպանվել է օգոստոսի 9-ի երեկոյան Կիտոյում քարոզարշավից հետո: Եվս ինը մարդ վիրավորվել է։ 

Փոխհրաձգության ժամանակ կասկածյալներից մեկը մահացու վիրավորվել է, դատախազները հայտնել են, որ նրա հանցակիցներից ձերբակալվել է 6 անձ։ Ավելի ուշ, հանրապետությունում արտակարգ դրություն է մտցվել։

Հավելենք, որ օգոստոսի 20-ին Էկվադորում տեղի կունենան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Գործող նախագահ Գիլերմո Լասսոն, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2025 թվականին, հայտարարել է, որ չի առաջադրվելու առաջիկա ընտրություններին։