Նման դեպքեր լինում են տարբեր երկրներում․ պետք է սպասել դատարանի որոշմանը, ոչ թե ժամանակից շուտ հրապարակել 

Նման դեպքեր լինում են տարբեր երկրներում․ պետք է սպասել դատարանի որոշմանը, ոչ թե ժամանակից շուտ հրապարակել 

Վերջին տարիներին հաճախ ենք լսում անչափահասների նկատմամբ բռնությունների մասին, երբեմն դրանք ամենածայրահեղ դրսևորումներն են ունենում, եւ անգամ մանկահասակ երեխաները կարող են բռնության զոհ դառնալ, մինչև անգամ սեռական բնույթի։ Ամեն անգամ նմանատիպ սահմռկեցուցիչ դեպքերի մասին լսելիս հասարակությունը ցնցվում է՝ ինքն իրեն հարց տալիս, այս ո՞ւր ենք հասել, որ հայը, որը ի բնե երեխայասեր է, անգամ՝ երեխայապաշտ, կարող է իր երեխայի հետ նման կերպ վարվել, և տպավորություն է ստեղծվում, թե մեզանում  նմանատիպ դեպքերը շատ են, մեր ազգը վատն է՝ բռնաբարող, սրբություն չունեցող։

Արդյոք այդ բռնության դեպքերը շա՞տ են, թե՞ սխալ «լույսի» ներքո են ներկայացվում՝ տպավորություն ստեղծելով, թե նման դեպքերը մեզանում սովորական բան են, ինչպես ներկայացնել այս դեպքերը հասարակությանը, արդյո՞ք պետք է առհասարակ ներկայացնել, այս թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ոստիկանության անչափահասների իրավախախտումների և ընտանեկան բռնությունների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ։

-Արդյո՞ք աճել են անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը։

-Ըստ էության, այն լատենտային հանցագործություն է, առավել ևս այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվում է տան մեջ։ Նման դեպքերում ընտանիքն այն համարելով ներընտանեկան հարց, չի բարձրաձայնում՝ չեն խոսում, մինչև դեպքերը շատ ծանր չեն լինում, երբ երեխան կարող է հայտնվել կամ հիվանդանոցում, կամ ահազանգ լինի։

-Այսօր այս դեպքերի մասին շատ ավելի ենք խոսում, քան նախկինում, ո՞րն է պատճառը, դեպքե՞րն են շատացել, թե՞ նախկինում փակ էին պահվում նմանատիպ դեպքերը։ 

-Իմ կարծիքով, սոցցանցերն իր դերակատարումն ունենում են դեպքերի բարձրաձայնման մասին։ Խոսում են, քննարկում են՝ բոլորը տեղյակ են լինում։ Նախկինում ավելի քիչ էին իմանում մարդիկ նման դեպքերի մասին։ Եվ եթե դուք հիմա ինձ հարցնեք՝ դա լա՞վ էր, թե՞ վատ է, ես կասեմ, որ շատ դեպքերում  ներկայացվում է աղավաղված, ժամանակից շուտ՝ քան կարելի է, երբ դեպքը բոլորովին չպարզած սկսում են խոսել՝ քննարկել։ Եվ այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որն այնքան փոքր է, և շատ-շատերը միմյանց ճանաչում են, առավել ևս, երբ դեպքը լինում է գյուղական համայնքներում՝ որտեղ մեկը-մյուսին ճանաչում են։

-Սեռական բռնություններ կամ այլ տիպի բռնություններ ավելի շատ տեղի են ունենում քաղաքայի՞ն միջավայրերում, թե՞ գյուղական։

- Ամեն տեղ կարող է լինել, և ոչ ոք վստահ չի կարող ասել, որ իր շրջապատում, կամ իր բնակավայրում չի կարող նման բաներ լինել։ Պարզապես, եթե բռնությունը տեղի է ունենում ընտանիքում, դեպքի բացահայտումը դառնում է դժվար՝ որովհետև, նախ երեխան չի ցանկանում բարձրաձայնել՝ ասելով, որ ինքը բռնության է ենթարկվում ընտանիքի անդամի կողմից։ 

- Սեռական բնույթի բռնությունները երեխաների նկատմամբ ավելի շատ իրականացվում են տան անդամների՞ կողմից, թե՞ տնից դուրս։

- Ավելացել են սեռական բռնությունները երեխաների նկատմամբ, և թե ում կողմից են՝ ընտանիքի անդամի, հարևանի․․․կարող են ցույց տալ միայն հարուցված քրեական գործերը։

- Դուք նշեցիք, որ երբեմն դեպքերի մասին խոսում են շատ ավելի շուտ, քան բուն գործի քննության արդյունքները պարզ կլինեն, և վերջին շրջանում շատ են դեպքերը, երբ մեծ աղմուկ է բարձրանում՝ քննարկում են, մինչ գործին ծանոթանալը։ Ըստ Ձեզ, ինչն է պատճառը՝ կա՞ հատուկ նպատակ, որ նման դեպքերի մասին արագ հաղորդագրություն են տարածում, դեպքը դեռ չհաստատված։ 

- Այս խնդրի մասին ինքս միշտ բարձրաձայնել եմ  նախկինում՝ որովհետև, իսկապես, չի՛ կարելի ժամանակից շուտ տալ գնահատականներ, չի՛ կարելի ժամանակից շուտ հրապարակել երեխայի անունը, ինչ-որ վիդեոներ։ Ես կարծում եմ, որ նման մոտեցում ցույց են տալիս այն էջերը, որ իրենց նյութերը տարածվեն, դիտումներ ունենան, բայց նման մոտեցումը ոչ մի դրական ազդեցություն չի կարող թողնել, և ընդհակառակը, նման նյութերն ապակողմնորոշում են մարդկանց, հասարակությանը, և մեր հասարակությունը, որ երեխայասեր է, բայց շատ է սկսում լսել նման դեպքերի մասին, ինչու չէ, կարող է բացասական վերաբերմունք, կարծիք կազմի իր շրջապատի, երկրի մասին՝ մտածելով, թե վատն ենք։ Բայց նման դեպքեր կարող են լինել տարբեր երկրներում, մի տեղ շատ կարող են խոսել, մի տեղ՝ քիչ։ Երբ լսում ենք նման դեպքերի մասին պետք է սպասել դատարանի որոշմանը՝ չէ՞ որ հենց դատարանում կարող է շատ բան փոխվել, որից հետո նոր կարելի է վերլուծել՝ պատճառները, դրդապատճառները, չնշելով դեպքի վայրը՝ լինի քաղաքում, թե գյուղում։ Եթե ցանկանում ենք բարձրաձայնել նման խնդիրները, պետք է խոսել, թե ինչ կարելի է անել, որ կանխարգելենք նման դեպքերը, ոչ թե ինչ-որ դեպք հրապարակելով՝ ծանոթ չլինելով մանրամասներին, սկսեն քննարկել։ Եթե խնդրին մոտենանք այս կերպ, մենք և՛ ճիշտ պատկերացում կունենանք դեպքերի վերաբերյալ, և՛ ճիշտ ծրագիր՝ կանխարգելելու նման դեպքերը։

-Ի՞նչ պետք է անի իրավապահ համակարգը, նման դեպքերում կանխելու համար ինֆորմացիայի սխալ արտահոսքը։

-Իհարկե, այստեղ չափազանց կարևոր է իրավապահ համակարգի մոտեցումները,  դպրոցներում երեխաների հետ հանդիպումներ ունենալով տարբեր թեմաների շուրջ զրուցելով, ժամանակին օպերատիվ տեղեկություններ ստանալով դպրոցից, հարևաններից, հնարավոր է կանխել շատ դեպքեր։ Ոստիկանի մեջ պետք է երեխան տեսնի ընկերոջ, ավագ խորհրդատուի, որին կարող է դիմել օգնության համար, և երեխան էլ կդիմի ոստիկանին․և նման դեպքեր եղել են, որ երեխան է բարձրաձայնել իր նկատմամբ իրականացվող բռնության մասին, երբ ոստիկանի մեջ տեսել է ասածս որակները։ Նույնիսկ, եթե երեխան էլ չասի, որակով ոստիկանը կարող է նկատել բռնության դեպքերը, և կարողանա բացահայտել ճիշտ ժամանակին, ավելորդ հնչեղություններից, քննարկումներից զերծ մնալով։