Պետությունը համարժեք չի արձագանքում ադրբեջանական պրոպագանդային․ այսօր Գոշավանքն է, վաղը՝ մեկ այլ հուշարձան

Պետությունը համարժեք չի արձագանքում ադրբեջանական պրոպագանդային․ այսօր Գոշավանքն է, վաղը՝ մեկ այլ հուշարձան

Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին եւ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Այս մասին նախօրեին ահազանգեց «Թաթոյան հիմնադրամը»:

Մեկ այլ ահազանգ օրերս էլ հնչեցրեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը, որն իր պաշտոնական էջում լուսանկարներ հրապարակեց՝ ահազանգելով, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածում է մզկիթի։

Այսպիսի օրինակները բազմաթիվ են թե՛ 2020-ի, թե՛ 2023-ի պատերազմից հետո։ Արցախն ու Արցախի պատմամշակութային ժառանգությունն օկուպացնելուց հետո Ադրբեջանը զավթողական քաղաքականություն է տանում արդեն Հայաստանի Հանրապետության հուշարձանների ու մշակութային ժառանգության նկատմամբ։

Վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Արմեն Աբրոյանի կարծիքով, մեր պետությունը բավարար միջոցներ չի ներդնում նախ կանխելու, ապա նաեւ մեր մշակութային ժառանգությունն ի լուր աշխարհի հանրահռչակելու ուղղությամբ․ «Եվ ես դրա տակ լավ բան չեմ տեսնում։ Պետությունը համարժեք չի արձագանքում եւ գիտական հաստատությունների գիտական պոտենցիալը չի կիրառում հանրահռչակելու ուղղությամբ, միաժամանակ՝ բավարար չափով չի օգտագործում միջազգային հարթակները՝ դրանք պրոպագանդելու համար։ Օրինակ, այսօր բոլորը, այդ թվում՝ Թուրքիայում, գիտեն, որ Ախթամարը հայկական է։ Հետպատերազմյան շրջաններից սկսվեց հակահայ այդ ալիքը, իսկ ինչո՞ւ մինչեւ այդ ադրբեջանական չէին այդ հուշարձանները։ Այսինքն՝ հաղթող կողմը պատերազմից հետո իրեն իրավունք է վերապահել անել ամեն ինչ, եւ այդ պրոպագանդան մեր պետությունը թույլ է տալիս։ Ես այդտեղ վատ բան եմ տեսնում, եւ որեւէ կազմակերպություն՝ լինի ՅՈՒՆԵՍԿՕ, թե ԻԿՕՄ, չի կարող ոչինչ անել, մինչեւ պետությունը պատշաճ վերաբերմունք չդրսեւորի դրա նկատմամբ։ Այդ հարցը կանխելը ես իրական չեմ համարում, քանի դեռ չկա պետական ուղիղ անդրադարձում։ Գիտական ու մասնագիտական ինստիտուտների միջոցով այդ բոլոր քայլերը պետք է անել եւ ճիշտը բացահայտել։ Դա է պակասում, թե չէ ամեն ինչ էլ կարող է լինել, այսօր Գոշավանքը կլինի, վաղը՝ մեկ այլ հուշարձան։ Ի վերջո, մեր մասնագետներին անտեսելը, չվճարելը կամ քիչ միջոցներ տրամադրելն էլի խնդիր է։ Այսինքն՝ մենք այդ խնդիրները չենք լուծում, չենք հակադարձում ադրբեջանական կողմին, եւ դրա համար այս վիճակը՝ մտածված թե ոչ, մեր թողտվությամբ լինում է»։

Պետությունն ի՞նչ լծակներով ու միջոցներով կարող է թե՛ Արցախում օկուպացված եւ թե՛ Հայաստանում վտանգված հուշարձաների հարցը բարձրաձայնել միջազգային հարթակներում ու ազդել Ադրբեջանի զավթողական ծրագրերի ու կեղծող քաղաքականության վրա։ «Միջոցները բազմաթիվ են, մինչեւ անգամ արտգործնախարարության հայտարարություն կամ ՀՀ անունից կոնկրետ պետական մարմինների հայտարարություններ, հրապարակումներ, որի տակ կլինեն մասնագիտական հիմքեր, եւ բոլոր տվյալներով կհերքվեն նման քայլերը։ Դա մի ամբողջ գործիքակազմ պետք է լինի, ինչը որ անում է ադրբեջանական կողմը՝ մինչեւ անգամ գովազդներով ու տարաբնույթ այլ միջոցներով՝ դրսում տարբեր հանձնաժողովներում անդամներ նշանակելով կամ որոշ հանձնաժողովականների առնելով, վերջնարդյունքում գրավելով այդ դաշտը։ Իսկ մենք թողտվություն ենք հանդես բերում, որ այդպես կարող են էլի անել»։

Այս դեպքում պետությունը չի՞ ուզում, թե՞ ուղղակի չի կարող ազդել։ «Չեմ կարող ասել, բայց ձեռագրից տեսնում եմ, որ ուղղակի չի անում, եթե նույնիսկ որոշ բաներ չի կարող, բայց նվազագույն բաները, կարծում եմ, պետությունը կարող է անել, եթե պետությունը չի կարող, ապա ո՞վ կարող է։ Այսինքն՝ պետությունը, պետական մարմինները պետք է դա գիտակցեն ու անեն եւ դրանց համար թեկուզ այլ պետական ծրագրերից միջոցներ տրամադրեն։ Ավելի կարեւոր է դա, քան նոր քաղաք կառուցելը, ավելի կարեւոր է Երեւանում տրանսպորտի սահմանափակումներ մտցնելը, քան բազմահարկերը շատացնելը, մի խոսքով՝ ավելի կարեւոր է չթույլատրելը, քան թույլատրելը, ու այդպես բոլոր ոլորտներում նույն անհամաչափությունը գնում է»։

Ազդեցության տեսանկյունից ավելի կարեւոր է, որ պետությունն իր օղակներով բողոքի նոտա հղի ու ձա՞յն բարձրացնի, թե՞ մասնագիտական ու գիտական հանրությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ում կամ Եվրախորհրդարանում հարց բարձրացնեն։ «Բոլոր այն հարթակներում, որտեղ անհրաժեշտ է, բայց պետական մարմնի գործունեությունը պետք է երեւա, որովհետեւ հասարակական կազմակերպությունների ազդեցությունը քիչ է, իսկ միջազգային դատարաններում ես հայցեր չեմ տեսնում, նույնիսկ այդպիսի հիմքեր պատրաստելու գործընթացը չեմ տեսնում, եթե սխալվեմ, շատ ավելի լավ»,- նկատում է Ա․ Աբրոյանը։

Ստացվում է՝ բոլոր այն դեպքերում, երբ Արցախում թշնամին պղծում է որեւէ հայկական հուշարձան կամ զավթողական հայտարարություններ է հնչեցնում արդեն Հայաստանի հուշարձանների հետ կապված, մեր պետությունն այս մասով կարող է հայցեր ներկայացնել միջազգային դատարաններում։ «Կարծում եմ՝ այո, բայց նախ պետք է հիմնավորել, որ դրանք հայկական ժառանգություններ են, պետք է ասել, որ Ադրբեջանի Հանրապետությունը կոնվենցիաներ է վավերացրել եւ հարեւան երկրի ժառանգության առնչությամբ պարտավորություններ ունի, այդ թվում, որպես իր՝ պետության մեջ պահպանվող ժառանգություն, եւ մենք հիմքեր կունենանք պատրաստել նման հայցեր կամ հայտարարություններ անել, ներկայացնել մասնագիտական եւ այլ հանրույթներով, այդ թվում՝ քաղաքական»։

Հայկական կողմի գործը չի՞ բարդանում, երբ, օրինակ, Դադիվանքի վրայից արդեն ջնջում են հայկական բոլոր արձանագրությունները։ «Եթե ջնջում էլ են, ապա արժեքը դրանից չի տուժում, ավելին՝ այդ դեպքում նույնիսկ կերեւա իրենց կողմից իրականացված վանդալիզմը, քանի որ դրանք փաստական տվյալներ են, եւ նրանք, ովքեր եղել են Դադիվանքում, գոնե մի լուսանկար կունենան ի ապացույց նրա, որ այն հայկական է եւ ոչ ալբանական»։