Արարատ Միրզոյանը պարգեւատրեց Քոչարյանի գործով դատախազներից մեկին

Արարատ Միրզոյանը պարգեւատրեց Քոչարյանի գործով դատախազներից մեկին

Դատախազության աշխատակիցների օրվա եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից պարգեւատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրողներից է։

Ավելի ուշ Բիշարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պարգեւատրմանը, ասաց․ «Պարգեւատրումն իմ աշխատանքի գնահատականն է, եւ անկախ նրանից, թե ինչ գործով եմ ես ներգրավված եղել, բոլոր գործերով աշխատում եմ իմ պարտականությունները պատշաճ կատարել»։

Հարցին, թե գուցե իրեն պարգեւատրելը կապ ունի Քոչարյանի գործով մեղադրողներից մեկը լինելու հանգամանքի հետ, պատասխանեց․ «Ամենեւին պետք չի փորձել այդ գործի հետ որեւէ կապ տեսնել»: