Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Գառնիկ Վաղարշակյան

ԵՊՀ-ում 450 աշխատող պետք է կրճատվի, 
որ ԱԺ-ի պատգամավորների պարադիսը ճոխ լինի

Ապրիլի 1-ից ԲՈՒՀ-երում կլինեն լուրջ կրճատումներ` միայն ԵՊՀ-ում 450 աշխատող: 

ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետ.բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը: 

Գիտահետազոտական ինստիտուտների, գիտական կենտրոնների և լաբորատորիաների կրճատումով միայն ԵՊՀ-ում շուրջ 450 գիտական աշխատող և այլ մասնագետներ ապրիլի 1-ից կզրկվեն աշխատանքից: 

Գիտության զարգացումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և այս պարագայում առանց շահագրգիռ կողմերի հետ լայն քննարկումներ կազմակերպելու, արվում են քայլեր, որոնք վտանգում են ոչ միայն մայր բուհի գիտական ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը, այլև ստեղծում են լուրջ սոցիալական հետևանքներ:

Դժվար է մտածել, որ երիտասարդ գիտնականը աշխատանք պետք է փնտրի շուկայում վաճառասեղանների մոտ և ապահովի իր ու իր ընտանիքի կենսագոյությունը: 

Նվազագույն աշխատավարձից մի փոքր ավել աշխատավարձ ստացող գիտնականին թողնելով առանց աշխատանքի` դրանով վտանգում ենք նրանց սոցիալական վիճակը: 

Գիտական ոլորտում խնայողություն կատարել և թույլ տալ, որ պատգամավորները, մարզպետները և պետական այլ կառույցների աշխատողներ ու նրանց քարտուղարուհիները 100 հազարավոր և միլիոնավոր դրամներով գումար ստանան իբրև պարգևավճար, պարզապես անընդունելի է: 
Երիտասարդ գիտնականներին առանց աշխատանք թողնելով` արտագաղթը կմեծանա: 

Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային 
հանրապետական միության նախագահ