«Փեթակ»-ի երկիրը կմնա միայն «Փեթակ»-ի սահմաններում

«Փեթակ»-ի երկիրը կմնա միայն «Փեթակ»-ի սահմաններում

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

««Փեթակ»-ի երկիրը կմնա միայն «Փեթակ»-ի սահմաններում

2022 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Հայաստանի իշխանությունները որոշում ընդունեցի մի քանի օրով փակել «Փեթակ» առևտրի կենտրոնը, Հայաստանում բողոքի մեծ ալիք բարձրացավ։ Մարդիկ պատճառաբանում էին, որ, թեկուզ մի քանի օրով, զրկվում են իրենց աշխատանքից, ապրուստի միջոցներից, ընտանիք պահելու հնարավորությունից, իսկ մյուսներն էլ, նույն հիմնավորմամբ, քաջալերում և աջակցում էին նրանց։ Բողոքի գործողությունների, կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիաներից հետո, կարճ ժամանակ անց, «Փեթակ»-ը վերաբացվեց՝ չնայած որ չվերացվեցին այն անվտանգային սպառնալիքները, որոնց հետևանքով այն փակվել էր։

2022 թվականի դեկտեմբերի 11-ից Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ գործողությունների հետևանքով շրջափակված է Արցախը։ Հարյուր հազարավոր մարդիկ, կանայք, ծերեր, երեխաներ, բազմաթիվ ընտանիքներ ոչ միայն զրկված են ապրուստի միջոցներից վաստակելու հնարավորությունից, այլ կանգնած են ցեղասպանության վտանգի առջև։ Ընտանիք պահելու անհանգստությունը գիտակցող «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները և նրանց աջակցող ողջ հասարակությանը դա քիչ է հուզում։

Այսպիսի քաղաքացիական և հասարակական գիտակցությամբ ժողովուրդը դժվար կարողանա պետականության տեր լինել։ Նման ժողովուրդները, գնահատելով իրենց ունեցած փոքրիկ սեփականությունը, չեն կարողանում գնահատել ամենաթանկը՝ անկախ պետականությունը, որի հետևանքով այդ երկիրը փոքրանում ու հասնում է «Փեթակ»-ի սահմանների, «Փեթակ»-ի բարքերով, կենցաղով ու փոխհարաբերություններով, որտեղ, լավագույն դեպքում մի քանի հայեր, համապատասխան միջավայրում կարող են թուրքական ապրանքներ վաճառել ադրբեջանցի գնորդներին ու գոհանալ իրենց օրվա ապրուստը վաստակած լինելու հաջողություններով։

Ես պատրաստ չեմ լինել «Փեթակ»-ի Հանրապետության քաղաքացի, ես պայքարելու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի մնալու համար։