Դասեր անցյալից

Դասեր անցյալից

ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի կարծիքով Արցախն անմիջականորեն պետք է բանակցի Բաքվի հետ: Նույն միտքը կրկնում են նաև նրա շնորհիվ ՀՀ Ազգային ժողովում հայտնվածները: Կարծում եմ, որ այս միտքը վերջինիս բոլոր մտքերի նման անհեթեթություն է: Ինչպե՞ս կարող է պարտված Արցախը բանակցել հաղթանակած թշնամու հետ: Իսկ եթե, այնուամենայնիվ, ստիպված լինի բանակցել, ապա պետք է ընդամենը ամբողջական կապիտուլյացիայի պայմաննների վերաբերյալ բանակցի: Քիչ է մնում զարմանամ, որ այս անհեթեթությունը կրկնում են նախկինների նախկինները, որոնցից մեկին կամ մյուսին երկու-երեք տասնամյակ առաջ նույնիսկ հարգում էի: Չեմ կարող ասել, թե դրանք չե՞ն հասկանում, արդյոք, որ արցախցիներին ադրբեջանցիների հետ բանակցելու ուղարկող անձը ցանկանում է գլխառադ անել Արցախի հարցը: Այն, ինչ մտադրվել էր անել 44-օրյա պատերազմի միջոցով, բայց չկարողացավ ավարտին հասցնել ռուսական միջամտության շնորհիվ: Սակայն եթե այսօր դրվել է բանակցելու հարցը, ապա դա, բնականաբար, պետք է աներ ՀՀ վարչապետը: Այն պաշտոնյան, ով ժամանակին Ստեփանակերտում հայտարարում էր «Արցախը Հայաստան է և վերջ»: Իսկ Երևանում էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանին դիմավորում էր այնպես, կարծես թե նա լիներ հայաստանյան մարզպետներից մեկը: Բայց այսօր ինքը չի համարձակվում բանակցել իր երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ հետ: Իսկ եթե ինքը չի համարձակվում, ապա ի՞նչ արդյունքների կարող է հասնել «հայաստանյան մարզպետներից մեկը»: 

Զարմանալի է, որ այս պարզ իրողությունը մարդիկ կարող են չհասկանալ՝ ինչքան էլ դրանք ՔՊ-ական պատգամավոր լինեն: Ասվածը նշանակում է, որ արցախցիները չպետք է բանակցեն Բաքվի հետ: Ու նշանակություն չունի այն հարցը, որ ադրբեջանցիներն իրենք ցանկություն չունեն բանակցելու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ՝ համարելով նրան ռուսական լրտես կամ դրա նման մեկ այլ բան: Նրանք դրա ցանկությունը չունեն, քանի որ իրականում հասկանում են՝ վերջինս հայտնվել է Արցախում ոչ թե կապիտուլյացիոն պայմանագրի պայմանները բանակցելու, այլ արցախահայությանը պաշտպանելու նպատակով: Ի դեպ, դա ինքը վաղուց անում է երկու ուղղությամբ: Առաջինը Արցախի ներքին կյանքը շրջափակման պայմաններում կարգավորելն է, երկրորդն արևմտյան լրատվամիջոցների և հայտնի անձանց հետ հաղորդակցվելն է շրջափակումը վերացնելու առումով Արևմուտքում հանրային կարծիք ձևավորելու ուղղությամբ: Երկու դեպքում էլ ռուսաստանյան նախկին (քանի որ հանձնել է ՌԴ իր անձնագիրը) գործարարն իր աշխատանքը կատարում է հնարավորինս առավելագույն արդյունավետությամբ:

Դե, իսկ ՀՀ վարչապետ կոչվող անձը մանտրայի նման անընդհատ կրկնում է, որ միջանցքով անխափան երթևեկությունն ապահովելը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության խնդիրն է: Նա, բնականաբար, հասկանում է, որ այսօր Ռուսաստանը չի կարողանում ազդել Բաքվի վրա դիվանագիտական եղանակով: Եվ միջանցքը կարող է բացել զուտ ռազմական ճանապարհով, ինչին ինքը գնալ չի կարող: Որովհետև այն կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում երկրորդ ճակատի բացմանը: Այն միաժամանակ խնդիրներ կստեղծի ռուս-թուրքական հարաբերություններում, ինչը ևս Ռուսաստանին պետք չէ: Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ՆԱՏՕ-ական Թուրքիային ՆԱՏՕ-ական այլ երկրներից անջատելն այսօր հացի ու ջրի նման անհրաժեշտ է Ռուսաստանին: Ու կավելացնեի՝ դժբախտաբար: Քանի որ դա կատարվում էր մեր հաշվին՝ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի եսակենտրոնության և ապաշնորհության պատճառով: Այսօր արդեն ինձ համար հասկանալի է դառնում այն ամենը, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ առաջին հանրապետության տարիներին: Հենց նույն արևմտյան կողմնորոշումը և հենց նույն սխալը Ռուսաստանի առումով: Եվ նույն ռուս-թուրքական դաշինքն ընդդեմ Արևմուտքի և դրանից ածանցված՝ ընդդեմ Հայաստանի: Այն, ինչ տեղի է ունենում այսօր: Պատմությունը կրկնվելու հատկանիշ ունի, եթե ժողովուրդները դասեր չեն քաղում անցյալից: