Իսրայելն այնքան հարբած էր Ադրբեջան-Հայաստան ճակատում իր ունեցած դերով, որ մոռացել էր Գազայի խնդիրը

Իսրայելն այնքան հարբած էր Ադրբեջան-Հայաստան ճակատում իր ունեցած դերով, որ մոռացել էր Գազայի խնդիրը

Մերձավոր Արևելքում նոր արյունահեղություն է․ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարեց Իսրայելի դեմ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության անցկացման մասին՝ Գազայի հատվածից անակնկալ հրթիռահարումներ իրականացնելով։ Հրեական պետությունը դիմել է պատասխան գործողությունների՝ հայտարարելով, որ այս ամենի համար հակառակորդը շատ թանկ է վճարելու։ Առայժմ, պատերազմող կողմերի «վճարած գինը» հազարավոր զոհերն ու վիրավորներն են, այդ թվում նաև՝ խաղաղ բնակչության շրջանում, գերիներ, ավերածություններ, արյունալի քաոս։ Որքա՞ն կշարունակվեն ռազմական բախումները, ի՞նչ վերադասավորումներ սպասել տարածաշրջանում և ի՞նչ մարտահրավերներ կան Հայաստանի համար՝ թեմայի շրջանակում զրուցել ենք Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր, հասարակական գործիչ Սևակ Հակոբյանն է։

- ՀԱՄԱՍ-ի հայտարարած «Ալ-Աքսայի ջրհեղեղ»-ը, ցավոք, վերածվել է արյան հեղեղի՝ նոր թափ հաղորդելով իսրայելա-պաղեստինյան 50-ամյա վաղեմության պատերազմին։ Ըստ ձեզ, սպասելի՞ էր այս հարձակումը, և ինչո՞վ կբացատրեք աշխարհում լավագույն բանակներից մեկը համարվող Իսրայելի բանակի այսպիսի մեկնարկային տապալումը։

 - Վայրագություն ցանողը անպայմանորեն վայրագություն կհնձի։ Անկախ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններից և տարածաշրջանի մեջ ուժային մեծ կենտրոն հանդիսացող Իրանի հետ ՀԱՄԱՍ-ի ունեցած սերտ կապից, իր մայր հողի՝ Արևմտյան Ափի հետ ցամաքային կապից կտրված, խտրականական պատով շրջապատված, Իսրայել պետության կողմից անդադար պետական ահաբեկչության ենթարկվող, ընդամենը 365 քառ. կմ տարածքի մեջ ավելի քան 2 միլիոն բնակչություն ունեցող հողի վրա ամեն իմաստով ճնշված ժողովուրդի զավակներից, իմ կարծիքով, այլ բան կարելի չէր ակնկալել: Պաղեստինյան վրեժխնդրական հակազդեցությունը մարդկային առումով բավականին դաժան է: Չարդարացնելով հանդերձ, պետք է այն հասկանալ վերոնշյալ անմարդկային պայմանների ծիրից ներս։ Ինչ վերաբերում է առաջին անակնկալ հարվածի տակ իսրայելական անհաղթելի համարվող բանակի արձանագրած խայտառակ վիճակին, բավական է մեջբերել նույն իսրայելական բանակի նախկին բարձրաստիճան սպա, «Իսրայելի անվտանգության և պաշտպանության հարցերի վերլուծական կենտրոն»ի աշխատակից՝ Պեհռուզ Եուսիանի՝BBC-ին ասված հայտարարությունը. «Իսրայելն այնքան հարբած էր իր հաջողություններով՝ արաբական մի շարք երկրների, Թուրքիայի և Պակիստանի հետ իր հարաբերությունների կարգավորմամբ, ու Ադրբեջան-Հայաստան ճակատում իր ունեցած դերով, որ մոռացել էր Գազայի գոտու հիմնախնդիրները»: Ավելի՛ն, պետք է հիշել նաև Իսրայելի վարչապետի վերջին հոխորտանքները ՄԱԿ-ի ամբիոնից, որտեղ նա մեծ-մեծ ծրագրեր էր ներկայացնում՝ Ասիայից մինչև Եվրոպա ճանապարհը անցնելով Հայֆայով, շրջանցելով Իրանը: 
Ահավասիկ նման պատճառներ են, որ գուցե խթան հանդիսացան ու իր առաջին քայլերի մեջ հաջողություն բերեցին «Ալ-Աքսայի ջրհեղեղ»-ին: Ամեն դեպքում, Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումն այսօր՝ անկախ նրա հետագա արդյունքներից, լավագույնս փաստում է, որ անհավասար կռվի ընտրանքը մեռած չէ: Կասկածից վեր է, որ Իսրայելը շատ զորավոր հակազդեցություն կիրականացնի և արդեն իսկ հակազդում է՝ դժոխքի վերածելով Գազայի շրջանը, բայց պաղեստինցիներն ի սկզբանե այդ ամենը գիտակցելով են ընտրել են այս ճանապարհը: Պաղեստինցիները մեկ անգամ ևս փաստեցին, որ շատ բան պետք չէ թշնամուդ վնաս հասցնելու և զինված դիմադրությունը շարունակելու համար։ Հիշեցնեմ նաև, որ աշխարհի ամենաարդիական ու հզոր բանակներից մեկը հանդիսացող իսրայելական զինվաժ ուժերի դեմ ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումը համեմատաբար թույլ զենքերով է։ Պետք է ընդունել այստեղ, որ իր պայքարի մեջ պաղեստինցին մենակ չէ, սակայն սրա դիմաց հրեական պետությունը վայելում է աշխարհի հսկաների ամբողջական օգնությունը՝ համաշխարհային քարոզչամեքենային տիրապետող իր ցանցերի հետ մեկտեղ։ 

- Փորձագիտական կարծիք կա, որ, այդուհանդերձ, Պաղեստինը առանց Իսրայելի ցանկության նման հաջողություններ չէր կարող գրանցել․ նպատակը՝ Իրանին պատերազմի մեջ ներքաշելն է։ Թեհրանն, ի դեպ, ողջունել է ՀԱՄԱՍ-ի գործողություններն ու հայտնել ցուցաբերած աջակցության մասին։ Դո՞ւք ինչ կարծիքի եք։

- Իմ համեստ կարծիքով, նման միտքը դավադրության տեսությունից անդին չէ։ Իսրայելը մինչև այս պահն ունի 700 զոհ և ավելի քան 100 գերեվարված անձ: Այս թիվը կատակ չէ Իսրայելի պես երկրի կառավարության համար: Այնտեղի կառավարությունը լրջորեն հաշվետու է իր խստապահանջ ժողովրդին և ակնկալելի է մոտալուտ աղմկահարույց հրաժարականներ ու հաշվետվություն: Ամեն դեպքում, պետք չէ նշված կարծիքն ամբողջովին անտեսել․ կատարվածը դաժանորեն կանդրադառնա Իսրայելի գաղտնի ծառայությունների համակարգի վրա։ 
Հավատում եմ, որ Իսրայելի համար Իրանին պատերազմի մեջ ներքաշելու ավելի հեշտ և գործնական քայլեր ձեռնարկելու միջոցները չէին պակասում, ներառյալ՝ ուղղակիորեն ու ռազմական միջոցներով հարվածելու Իրանի խորքը։

- Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հետախոսազրույցի ընթացքում ընդգծել են պաղեստինցիների իրավունքների հարգման անհրաժեշտության մասին։ Զուգահեռաբար, այս երկու երկրներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ցնծությամբ ողջունելով Պաղեստինի Դիմադրության հաղթանակը։ Հնարավոր համարու՞մ եք, որ Իսրայելի վրա ճնշումը կմեծանա տարածաշրջանում։ 

- Պաղեստինյան դատի հանդեպ շրջակա ժողովուրդների ունեցած համակրանքը նոր չէ և այն դրսևորվել է զանազան կերպ։ Իսրայելի պետության դեմ իր շրջապատի հակակրանքն էլ նոր չէ և տվյալ ժողովուրդների քաղաքական մշակույթի մաս է կազմում։ Հետևաբար, ձեր նշած երևույթը նոր կամ զարմանալի չէ: Այս երևույթը շրջանցելու և իր անմիջական ու ապագա արյունալի, մինչև իսկ Գազան հիմնահատակ կործանելու կամ իրեն կցելու հակազդեցության դեմ դուրս գալիք բողոքի շարժումներն ու անդրադարձը չեզոքացնելու համար է, թերևս, որ իսրայելական քարոզչամեքենան սրտաճմլիկ տեսարաններով աշխարհին ներկայացնում է իր դեմ կատարած հարձակումները, զոհի դիրքի մեջ ներկայանալու փորձով։ Մնում է՝ հարցերին մոտենալ իրավապաշտպանական տեսանկյունից։ 
Այս դարում հյուլէական, փոքրիկ պետությանն ամբողջական պարտության մատնելը անհավանական է, նրա ժողովրդին ծովը լցնելու հայտարարություններն էլ անիրագործելի են բնականաբար: 

- Լիբանանը ևս անմասն չէ իսրայելա-պաղեստինյան վերջին էսկալացիային։ Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը, որն ավելի վաղ ողջունել ու սատարել է ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա, կիրակի օրը ստանձնեց իսրայելական բանակի երեք դիրքերի գնդակոծության պատասխանատվությունը։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Լիբանանի այն շրջանի ուղղությամբ, որտեղից իրականացվել է հրետակոծությունը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս ուղղությամբ։

- Գաղտնիք չէ, որ Հզբոլլահն Իրանի որդեգիրն ու սերտ գործակիցն է տարածաշրջանի մեջ, մինչ Լիբանանի հարավը, միշտ էլ թատերաբեմ է հանդիսացել փոխադարձ «նամակների»: Հետևաբար, անպայմանորեն ակնկալում եմ, որ հազիվ ՀԱՄԱՍ-ը նեղություն կունենա իր հարձակման մեջ, քանի որ Հզբոլլահ-ը կթեժացնի Իսրայելի հյուսիսային սահմանի իրավիճակը՝ իսրայելական բանակն այլ ճակատի վրա զբաղեցնելու միտումով։ Այս ամենի տարողությունը դժվար է գնահատել, սակայն նմանօրինակ սցենարն ավելի քան տրամաբանական է: 

- Հայաստանում մտավախություն կա, որ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի օջախները կարող են հասնել մեր տարածաշրջան, եթե Իրանը ներքաշվի ռազմական մեծ հակամարտության մեջ։ Հուսալով, որ այդպիսի սցենար չի իրականացվի, այդուհանդերձ, ի՞նչ մարտահրավերներ ունի մեր երկիրը։ Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ թեկուզ այս սաղմնային իրադրության մեջ։

- Անկախ ամեն ինչից, Հայաստանի վիճակը նախանձելի չէ, ուր ռազմական, ինչպես նաև սոցիալական մարտահրավերները շատ մեծ են: Շատ բան կախված է, անշուշտ, ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքից, սակայն ես հավատում եմ, որ մենք ոչ թե գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, այլ նրա կիզակետում, իսկ Մերձավոր Արևելքը նրա թատերաբեմերից մեկն է, որն սկսվել է, այսպես կոչված, «Արաբական Գարուն»-ից: Հայաստանը տարածաշրջանի մեկ մասնիկն է և բնական է, որ պիտի ազդեցության ենթարկվի յուրաքանչյուր իրադարձությունից։ Այս թոհուբոհին մեջ, դժբախտաբար, մեզ պակասում է ազգային իշխանություն և պայքարի ոգի, և ամեն բան գործի դրվեց չեզոքացնելու այն։ Պետք է ամուր կառչած մնալ մեր պետականությանը, վարել ճկուն արտաքին քաղաքականություն ճիշտ մարդկանց առաջնորդությամբ, ամրապնդել մեր դիմադրողականությունն ու ազգային պայքարի ոգին, ինչպես նաև զինել, միշտ զինել և մարտունակացնել Հայոց բանակը: 
Զանազան առիթներով Պաղեստինի Ազատագրական Շարժման ղեկավար Յասեր Արաֆաթը նշել է, որ պաղեստինցու և Հայի դատը մեկ է: Նա հայտարարել է, որ իրեն համարում է Արաֆաթյան ազգանունը կրող: Նա իր ազգի պայքարը բնութագրելով ասել է, թե իր ազգը դիմել է զինյալ պայքարի, որպեսզի աշխարհն իրենց չմոռանա, ինչպես շատ հաճախ մոռացել է հայերին․․․

Զրուցեց Արա Ալոյանը