«Հրապարակ»․ Մենք առաջադիմությունը միայն դատարկ բաներում ենք տեսնում

«Հրապարակ»․ Մենք առաջադիմությունը միայն դատարկ բաներում ենք տեսնում

«Պետք է հասկանալ մի պարզունակ ճշմարտություն՝ Ալեքսանդրապոլը, իբրեւ քաղաք, ռուսական պրոդուկտ է․ ես ռուսասեր չեմ, ռուսամետ չեմ, ռուսատյաց էլ չեմ, ինձ համար ո՛չ դաշնակից է, ո՛չ էլ թշնամի»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գյումրիում չե՞ն շատացել հակառուսական տրամադրությունները։ «Ինձ համար Ռուսաստանը երկրներից մեկն է, ո՛չ դաշնակից է, ո՛չ թշնամի է, որովհետեւ այդ երկիրը չի կարող ո՛չ դաշնակից լինել, ո՛չ թշնամի։ Այդ երկիրը չունի այնպիսի մտածողություն, որը սովորական է մյուս երկրներին, որովհետեւ ռուսական երկիրը ցարի սկզբունքով է, ցարն ինչպես ուզենա, այնպես էլ կլինի։ Ինքը պետական մտածողություն չունի, որ ցարը տեղի տա պետական մտածողությանը, երբեք չի եղել, սովետական տարիներին էլ չի եղել։ Միշտ այնտեղ ռուսական քաղաքականությունը կախված է օրվա միապետից, իսկ Ռուսաստանում միշտ միապետ է, դրա համար Ռուսաստանը չի կարող լինել ո՛չ դաշնակից, ո՛չ բարեկամ։ Ռուսաստանի միապետը կարող է լինել ինչ-որ մեկին դաշնակից, ինչ-որ մեկին բարեկամ։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ երբ դու ռուսասեր չես, ռուսի կողմից ընկալվում ես որպես ռուսատյաց, եթե չես սողում իր ոտքերի տակ, եթե մշտապես չես հիշեցնում, որ ինքն է մեր փրկության միակ հնարավոր կռվանը, ուրեմն դու ռուսատյաց ես։ Իսկ ես երբեք իրենց չեմ ասել, թե դուք մեզ փրկել եք եւ փրկում եք կամ փրկելու եք, որովհետեւ իրենք երբեք չեն փրկել։ Եվ պարտավոր էլ չէին փրկելու»,- ասաց Սրբազանը։

Սակայն նա կարծում է, որ Ալեքսանդրապոլը ռուսական կայսրության պրոյեկտն է, առանց ռուսական կայսրության քաղաքականության, քաղաքական որոշման՝ Ալեքսանդրապոլը չէր ծնվի, եւ դա չպետք է մոռանալ։ Երբեք չի եղել մի ժամանակաշրջան, որ Ալեքսանդրապոլի բնակիչը չտեսներ ռուս զինվորի, եւ ռուս զինվորն այսօր էլ խորթ ներկայություն չէ Գյումրիում։ «Նույնիսկ այդ ողբերգությունից հետո, որ հնարավորություն կար, որ դառնար խորթ ներկայություն, չդարձավ»,- նկատեց Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` նկատի ունենալով Պերմյակովի ոճրագործությունը։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի կողմից Գյումրիում իշխանությունը խլելու փորձերին, Սրբազանը կարծում է, որ ՔՊ-ն կհաջողի, քանի որ դժվար է տեղական մակարդակում կենտրոնական կառավարմանը դեմ գնալ։ «Մանավանդ մեր փտած իրականության պայմաններում, մեր ասիական մտածելակերպի պայմաններում։ Մենք ասիական հետամնաց երկիր ենք գաղափարաբանությամբ եւ մեր առաջադիմությունը, մենք առաջադեմ հայացքները միայն դատարկ բաներում ենք տեսնում՝ ԼԳԲՏ-ի իրավունքների, կրթության մեջ եկեղեցին հանելու, այս անմտությունների մեջ ենք տեսնում առաջադիմությունը։ Իսկ գաղափարաբանության մեջ այսօր, ցավոք, ցավով եմ ասում, Ադրբեջանից ավելի հետամնաց մտածողություն ունեցող երկիր ու հասարակություն ենք։ Եվ, բնականաբար, կենտրոնական իշխանության դեմ գնալը շատ դժվար է, եւ պրագմատիզմը հաղթելու է եւ ասելու է՝ սրանք են իշխանության, հո չե՞նք թողնելու, որ այս քաղաքը սովի մատնեն կամ սաբոտաժ անեն բոլոր ծրագրերը։ Իրե՞նք են իշխանություն` թողեք լինեն, եւ ՔՊ-ն դա ներկայացնելու է որպես եւս մեկ ժողովրդավարության հաղթանակ։ Այն ժամանակ, երբ «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի համագործակցության հնարավորությունը կար, ես այն ժամանակ ասել եմ, որ սխալ կլինի, եթե «Բալասանյան դաշինքը» կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ։ Այդ սխալի արդյունքն է այս վիճակը։ Բայց այն ժամանակ պրագմատիկ նկատառումներով, պրագմատիկ հողի վրա մտան համագործակցության՝ կոալիցիայի, բայց եղավ այն, ինչ եղավ, եւ լինելու է այն, ինչ լինելու է։ Իսկ այն դեպքում դեռ հնարավորություն կար պահելու, որովհետեւ հասարակության աջակցությունը կունենային գոնե այն ժամանակ, իսկ հիմա հասարակության աջակցությունը կարող է եւ չունենան»,- ասաց Սրբազանը։

Հարցին, թե արդյոք այս գործընթացներին Գյումրու բնակչությունը չի՞ հակադրվի, մեր զրուցակիցն ասաց, որ նման նախադրյալներ չի տեսնում։ Գյումրին ծով կարիքներ ունեցող քաղաք է, եւ կենտրոնական իշխանությունը միշտ էլ օգտագործել է այդ լծակները` ոչ միայն ներկա, այլեւ նախկին իշխանությունները։ «Եթե մենք լուսավոր պետություն լինեինք՝ զարգացած մտածողությամբ, ի՞նչ կապ ունի, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, ի՞նչ կապ ունի, որ Գյումրիում քաղաքապետը հակառակ կուսակցությունից է։ Մեր երկիրն է, մեր հայրենիքն է, նույն զարգացումը պետք է ապահովել Գյումրիում՝ սա է լուսավոր մտածողությունը, իսկ ասիական հետամնաց մտածողությունը` ո՞նց թե, մեզ հետ չի՝ մեր դեմ է»,- եզրափակեց Սրբազանը։